Աստծու ողորմությունը հայցենք մեզ և այլոց համար

Աստծու ողորմությունը հայցենք մեզ և այլոց համար

– Հա՛յր, երբ որևէ մեկի համար աղոթում եմ և հանկարծ գորով եմ զգում, դադարեցնում եմ այդ մարդու համար աղոթքն ու ինձ համար եմ աղոթում:

– Ինչո՞ւ: Մի՞թե այդ մարդն այլևս աղոթքի կարիք չի զգում:

– Զգում է, բայց այդ ժամանակ ուզում եմ ինձ համար աղոթել, քանի որ չգիտեմ, թե հաջորդ անգամ երբ այդ գորովի զգացումը կրկին կունենամ:

– Գերազանց է. այսինքն՝ դու վայելես, իսկ ուրիշի մասին ասե՞ս. «Թո՛ղ կորչի»: Գոնե աղոթելիս «Ողորմի՜ր մեզ» ասա: «Մեզ»-ն իր մեջ և՛ քեզ է ներառում, և՛ մյուս բոլորին: Ես աղոթելիս ասում եմ. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի՛ Աստծու, ողորմի՜ր մեզ: Ողորմի՜ր բոլորին և ինձ՝ անարժանիս»:

Շատ օգտակար է աղոթքը երեք մասի բաժանել. առաջինը՝ աղոթք քեզ համար, երկրորդը՝ ողջերի և երրորդը՝ ննջեցյալների: Թեկուզ այդ դեպքում էլ մեզ համար ավելի շատ ենք աղոթում, քան մնացյալի, քանի որ ես մի հոգի եմ, իսկ ողջերն ու ննջեցյալներն՝ անթիվ-անհամար:

– Հայր, զգում եմ, որ ողջ կյանքս չի բավականացնի Աստծու ողորմությունը հայցելու համար:

– Աստված կողորմի քեզ: Միայն թե պարզ ու մշտապես աղոթիր՝ խոնարհությամբ Նրա ողորմածությունը հայցելով քեզ և բոլոր մարդկանց համար: Երբ մենք Աստծու ողորմությունն ենք աղերսում և ճգնում առանց ավելորդ վախի՝ խոնարհությամբ ու պատվախնդրորեն, Աստված մեզ և մյուս բոլորին ամեն անհրաժեշտը տալիս է:

– Իսկ միգուցե Աստծու ողորմությունից զատ պետք է այլ բանե՞ր էլ խնդրել, հա՛յր:

– Աստծու ողորմությունն իր մեջ ամեն ինչ ներառում է: Բայց եթե ինչ-որ որոշակի բանի անհրաժեշտություն կա, ապա կարող ես դա խնդրել Աստծուց:

– Հա՛յր, սուրբ Բարսեղ Մեծն ասում է. «Աղոթքի ժամանակ, փառաբանություն մատուցելուց հետո, միայն Երկնային Արքայությունը խնդրիր»: Նա ի՞նչ նկատի ունի:

– Նկատի ունի, որ պետք է նախ և առաջ Երկնային Արքայությունը խնդրել, իսկ այնուհետ մնացած ամեն ինչ «ավելիով կտրվի»(1) ինչպես ասաց Տերը, չպետք է այս ու այն խնդրել՝ գլխավորը մոռանալով:

– Հա՛յր, Սուրբ Գիրքն ասում է, որ պետք է ամեն ինչի համար աղոթել(2): Սակայն սուրբ հայրերը խուսափում էին սեփական կարիքների համար աղոթելուց: Իսկ ես ինչպե՞ս աղոթեմ:

– Աղոթիր այն ամենի համար, ինչ անհրաժեշտ է հոգուն, և ավելի քիչ ուշադրություն դարձրու մարմնական կարիքներին: Եվ «Հայր մեր» աղոթքում, երբ ասում ենք. «Զհաց մեր հանապազօրդ, տուր մեզ այսօր»(3), ոչ միայն մարմնի սնունդ ենք խնդրում, այլև այն, ինչ մեզ անհրաժեշտ է ըստ հոգու ապրելու համար, ինչպես որ Աստված է կամենում: Մի անգամ Սուրբ Խաչի խցում գինու փոխարեն, որը ես պատրաստվում էի քիչ-քիչ խմել հիվանդ աղիքներիս օգտակարության համար, վանքից ինձ համար սխալմամբ մի մեծ շիշ քացախ բերեցին: Ես ոչինչ չասացի, որովհետև մտածեցի, որ այդպես է հաճո եղել Աստծուն: Մոտավորապես քառասուն օր անց առողջական վիճակս վատացավ անձրևաջրի պատճառով, որ խմում էի: Մի օր հատկապես շատ վատ էի: Սարսափելի ծարավ էի, բայց վախենում էի, քանի որ նախորդ օրը շատ էի խմել, ու այնուհետև ողջ գիշեր տանջվել: Մի պահ եկեղեցի մտա, որպեսզի կանթեղները վառեմ, և Աստվածածնի սրբապատկերի տակ գտնվող պատկերակալի մոտ մի շիշ գինի տեսա: Շիշը իմն էր, ես այն ճանաչեցի, բայց ո՞վ էր դրա մեջ գինի լցրել: Այդ օրերին ոչ ոք ինձ մոտ չէր եկել, ես էլ բազմիցս մտել էի եկեղեցի, բայց պատկերակալի մոտ շիշ չէր եղել: Տտիպ գինի էր, հենց այնպիսին, ինչպիսին ինձ պետք էր: Եվ նույն օրն էլ վանքից մի մեծ շիշ գինի բերեցին ինձ:

– Հա՛յր, եթե ես Աստծուց ի սրտե որևէ բան խնդրեմ, կտա՞ ինձ:

– Եթե դա քեզ համար օգտակար լինի՝ կտա, իսկ եթե ոչ, ապա ինչպե՞ս տա: Գիտե՞ս, թե ինչ պատահեց հրեաներին, որ Աստծուց արքա էին պահանջում իրենց համար, չնայած որ Տերը նրանց զգուշացրել էր, որ նրանք պատրաստ չեն դրան(4): Գոռոզամիտ Սավուղը դարձավ թագավոր՝ ծանր հարկերով կեղեքելով նրանց ու տանջելով(5):

Հաճախ մեզ թվում է, թե այն, ինչ խնդրում ենք Աստծուց, լավ և օգտակար է, իսկ իրականում՝ ոչ: Սակայն Աստված, որ Իր բնությամբ բարեգութ է, գիտե, թե ինչ է անհրաժեշտ յուրաքանչյուրին: Ուստի ասենք. «Տե՛ր Աստված, միտքը հուշում է, որ այսինչ բանն ինձ համար օգտակար կլինի: Սակայն Դու ավելի լավ գիտես, թե ինչ է անհրաժեշտ հոգուս: «Եղիցի կամք Քո»(6): Այնպես որ, եթե ի սրտե ասենք. «Եղիցի կամք Քո», ապա Աստծու կամքը կկատարվի, կկատարվի այն, ինչ իրականում օգտակար կլինի մեր հոգու համար:

1. Մտթ. 6:33:

2. Տե՛ս Մտթ. 21:22:

3. Մտթ. 6:11

4. Տե՛ս Ա Թագ. 8:4-22:

5. Տե՛ս Ա Թագ. 14:24-31, 22:16-21:

6. Մտթ. 6:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում