«Անգամ ծառն ու տունն ինձ համար դեմք ունեն»

«Անգամ ծառն ու տունն ինձ համար դեմք ունեն»

Ասում է նկարչուհի Լիլիթ Աղաջանյանը

Լիլիթ Աղաջանյանը սովորել է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետում։ 1996 թվականից որոշ ընդմիջումներով դասավանդել եւ դասավանդում է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում։ ՌԴ արվեստների միության անդամ է։ Լիլիթ Աղաջանյանի հետ զրուցել ենք իր անցած ուղուց եւ արվեստից։

– Ե՞րբ առաջին անգամ սկսեցիք նկարել։

– Ես նկարել սկսել եմ շատ վաղ տարիքում՝ դեռ երեք տարեկանում։ Շատ էի սիրում մաքուր թուղթ, որի վրա կարելի էր նկարել։ Սիրում էի թղթի բույրը։ Նկարում էի հեքիաթներ, իսկ հեքիաթների մեջ՝ մարդկանց։ Մայրս պատմում է, որ այդ տարիքում նկարել եմ մեր տան բոլոր առարկաները։ Այդ տարիքից ես անընդհատ նկարել եմ տան ամբողջ սպասքը հաճախ կոտրելով։ Մեր տան բոլոր բաժակները կամ բռնակ չունեին, կամ էլ զույգ ընկեր։ Իսկ նկարչությունը որպես մասնագիտություն ընտրելիս միմիայն պարզ էր, քանի որ նկարելը եղել է իմ մշտական ու ամենօրյա զբաղմունքն ու սերը։

– Ինչպե՞ս որոշեցիք ընտրել նկարչությունը որպես մասնագիտություն։

– Քանի որ նկարելը եղել է իմ մշտական ու ամենօրյա զբաղմունքն ու սերը, ապա ապագայում նկարիչ լինելս միմիայն պարզ էր։ Այն հարցին, թե արդյոք մասնագիտություն է նկարչությունն ինձ համար, կասեմ այսպես. նկարչությունը կոչում է՝ տրված ի վերուստ, բայց երջանկություն է, եթե կոչում լինելով հանդերձ, այն նաեւ մասնագիտություն է դառնում։

– Ինչո՞ւ մեկնեցիք Ռուսաստանի Դաշնություն եւ ինչպե՞ս ընդունվեցիք ՌԴ արվեստների միություն։

– Ռուսաստանի Դաշնություն մեկնելը ամուսնուս որոշումն էր, եւ դա եղել է ճիշտ այնպիսի որոշում, ինչպես մեր շատ ու շատ ուրիշ հայրենակիցների՝ հայրենիքը ժամանակավորապես լքելու որոշումը, իսկ ՌԴ արվեստների միություն ընդունվելը մի պահ էր, երբ ծնվել էր առաջնեկս, բայց ես շատ «միամիտ համառությամբ» ձգտում էի մնալ իմ նկարչության մեջ՝ ջանալով համատեղել մայրությունն ու նկարչի խելառ ու տարերային էությունը։ Գտնվում էինք Սանկտ Պետերբուրգ քաղաքում եւ չունենալով նկարելու համար հարմար որեւէ տարածք՝ ես սկսել էի փնտրել արվեստանոց, որտեղ կկարողանայի նկարել։ Փնտրում էի հեռախոսահամարներ ու շարունակ զանգում տարբեր նկարիչների՝ մի հարմար տարբերակ գտնելու հույսով։ Հերթական հեռախոսազրույցից հետո ինձ հրավիրեցին ծանոթանալու։ Այսպես էլ դարձա ՌԴ արվեստների միության անդամ։

– Իսկ ո՞րն է պատճառը, որ ՀՀ նկարիչների միության անդամ չեք։

– Կպատասխանեմ շատ պարզ. չեմ ձգտել ընդունվել միություն՝ չկարեւորելով այդ հանգամանքը։ Այստեղ պետք է խոստովանեմ, որ շատ հաճախ ուսանողներս հետաքրքրվում են, թե արդյոք ՀՀ նկարիչների միության անդամ չե՞մ։ Նրանց համար «նկարիչ լինելու» շատ կարեւոր գրավական է այդ հանգամանքը, բայց էստեղ կա նաեւ մեկ այլ շատ ավելի կարեւոր հանգամանք։ Ցանկացած միություն ընդունվելու դեպքում պետք է անընդհատ նկարել, իսկ ես չեմ հասցնում ժամանակ տրամադրել դրան այնքան, ինչքան պետք է եւ ինչքան կուզեի։ Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում էլ շատ տաղանդաշատ կին արվեստագետներ միշտ մղվել են ետին պլան, մեծամասամբ չեն կարողացել արվեստում կայանալ, քանի որ կնոջը վիճակված կյանքն ու կենսակերպը, մեկը հենց մայր դառնալու հանգամանքը թույլ չեն տալիս 100 տոկոսով նվիրվել բնությունից տրված կոչմանը։ Օրինակ՝ Ռոդենի նման հանճարի կողքին եղել է մի տաղանդավոր կին՝ Կամիլը, սակայն ճակատագրի բերումով Ռոդենի անունն է հայտնի։

– Վերադառնանք ձեր աշխատանքներին, ձեր աշխատանքներում գերակշռում են դեմքերը, ինչո՞ւ դեմքեր։

– Առնչվելով կերպարվեստի հետ, հաճախ ապշել եմ, թե ինչպես կարելի է ծով նկարել այնպես, ինչպես Այվազովսկին կամ քարից սեր կերտել այնպես, ինչպես Ռոդենը։ Ստեղծագործող մարդուն ի վերուստ է տրվում այն, ինչ տրվում է։ Իմը դեմքերն են։ Մի օր ինձ ասացին, որ եթե անգամ նկարում եմ ծառ կամ տուն, դրանք ինձ մոտ կարծես դեմքեր ունեն։ Ինչո՞ւ դեմքեր… Չգիտեմ՝ ինչու դեմքեր…

Զրուցեց Անի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Աղբյուր՝ Aravot.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում