Հրաչյա Հարությունյանի հարազատները խնդրում են հնարավորություն տալ նրան պատիժը կրել հայրենիքում
Նմանատիպ
Ռուսաստանում խոշոր ավտովթարի պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի հարազատները Երեւանում՝ Ռուսաստանի դեսպանատան առաջ, բողոքի ակցիա են կազմակերպել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանք խնդրում են օգնել իրենց հարազատին բերել Հայաստան և, եթե մեղավոր է, հնարավորություն տալ պատիժը կրել հայրենիքում։ «Ես վստահ եմ, որ նա մեղավոր չէ։ Եթե նա տեղյակ լիներ, որ մեքենան անսարք է, կսարքեր կամ չէր վ արի այն։ Նա երկար տարիներ Հայաստանում վարորդ է եղել. վարել է «Կամազ» մակնիշի մեքենա»,-ասաց Հայկ Հարությունյանը՝ Հրաչյա Հարությունյանի եղբայրը։
Հրաչյա Հարությունյանի քույրը՝ Սեդա Հարությունյանը, նշեց, որ եղբայրը արցախյան պատերազմի ազատամարտիկ է։ «Եղբայրս պատերազմի ժամանակ կոնտուզիա է ստացել, և հնարավոր է, որ հիմա հոգեկան անհավասարակշիռ վիճակում լինի։ Մեզ համար կարևոր չէ, թե նրան ինչ զգեստով են տարել դատարան՝ խալաթով, թե առանց հագուստի։ Դա ռուսների խնդիրն է։ Մենք միայն խնդրում ենք օգնել նրան, և արդար վճիռ կայացնել»,-ասել է Հրաչյա Հարությունյանի քույրը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, հանցագործությունը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքում, բնականաբար, գործի քննությունը պետք է վարեն ՌԴ իրավապահները: Հրաչյա Հարությունյանի մեղքը դեռեւս չի հաստատվել, չկա դատարանի վճիռ: Վճռի կայացումից հետո միայն հնարավոր կլինի նրա փոխանցման մասին խոսել: Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ իրավապայմանագրային դաշտն ապահովված է, որպեսզի ՀՀ քաղաքացին դատարանի որոշումից հետո փոխանցվի մեր երկրին, որտեղ էլ կկրի պատիժը:
Հուլիսի 13-ին Պոդոլսկ գյուղի մոտակայքում, մանրախճով բեռնված «Կամազ» մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել ճանապարհից և բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացող ЛиАЗ ավտոբուսին’ այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 60-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում