Հայաստանը կճանաչի՞ Ղարաբաղի անկախությունը. հարցազրույց
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Եթե պարզ դառնա, որ Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանը ոչ մի դեպքում չի գնալու բանակցությունների ճանապարհով, ապա այդ դեպքում, բնականաբար, Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը, ռուսական «Коммерсантъ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Коммерсантъ – Վաղուց քննարկվում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու հնարավորությունը: Ի՞նչ պայմաններում կարող է դա տեղի ունենալ:
Արմեն Սարգսյան – Սա և՛ պարզ, և՛ բարդ հարց է միաժամանակ: ԽՍՀՄ-ի վերջին օրերին, երբ ԼՂ ժողովուրդը հանրաքվեով հայտարարեց ազատ ապրելու և իր կյանքը, պատմությունը, ժառանգությունն ու մշակույթը տնօրինելու ցանկության վերաբերյալ, Հայաստանի Գերագույն խորհուրդը կողմ քվեարկեց դրան: Բայց հետո գործընթացը կասեցվեց: Հայկական կողմը հայտարարեց. «Որպեսզի գործընթացը չբարդանա, մենք կասեցնում ենք Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը, կխոսենք և վերջնարդյունքում կպայմանավորվենք Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ»: Այսինքն, Հայաստանի կողմից ԼՂ անկախությունը չճանաչելը կապված է միայն նրա հետ, որ հայկական կողմը ցանկանում է հարցը կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով: Սա մի թունել է, եւ եթե այդ թունելի վերջում լույս է երևում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու խաղաղ կարգավորման լույսը, ապա մենք կարող ենք էլի սպասել: Իսկ եթե լույս չկա, այսինքն՝ եթե պարզ դառնա, որ Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանը ոչ մի դեպքում չի գնալու բանակցությունների ճանապարհով, Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը,
Коммерсантъ -Այսինքն՝ դեռ լույս կա՞:
Արմեն Սարգսյան – Ես պատրաստ եմ անել ինձնից կախված ամեն բան, որպեսզի հրադադարի հաստատման գործընթացի սկսվի: Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են սկսել գործել, եթե երկու կողմն էլ ցանկանա, որ դրանք աշխատեն: Կարիք չկա ապացուցելու, որ հայկական կողմը պատրաստ է գնալ այդ ճանապարհով: Եվ եթե ադրբեջանական կողմը հայտարարի, որ իրենց պատրաստ են հրադադարի և պատրաստ են շարունակել բանակցությունները, ապա հույս կլինի: Ես շատ կցանկանայի, որ թունելի վերջում լույսը չմարեր: Հակառակ դեպքում՝ Աստված օգնական բոլորին, որովհետև այդ ժամանակ պատերազմը կարող է լրիվ այլ պատերազմի վերածվել: Մոտավորապես այնպիսին, ինչպիսին՝ Սիրիայում: Դա շատ ավելի ողբերգական ու լայնամասշտաբ պատերազմ կլինի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում