Մահացել է ճարտարապետ, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Այսօր 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Գուրգեն Մուշեղյանի ավանդն ու թողած ժառանգությունը՝ որպես ճարտարապետի, ուսուցչի, գործընկերոջ միշտ վառ կմնա մտերիմների, գործընկերների, նրան ճանաչող ամեն մարդու և ուսանողների սրտերում:
Գուրգեն Մուշեղյանը 1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը։ 1959-1962 թվականներին եղել է Հայպետնախագիծ ինստիտուտի ավագ ճարտարապետ, 1962-1964 թվականներին՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետը, 1964-1967 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը։ 1982-1990 թվականներին զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ 2001-2009 թվականներին եղել է Երևաննախագիծ ՓԲԸ գործադիր տնօրենը։ Դասավանդել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում (պրոֆեսոր)։ 1963 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, Ռուսաստանի ճարտարապետության և շինարարական ԳԱ օտարերկրյա անդամ, Հայաստանի ճարտարապետության ակադեմիայի ակադեմիկոս։
Համահեղինակել է մի շարք հայտնի շինություններ՝
Երևանի Հրազդան մարզադաշտը, 1971, ՀԽՍՀ պետական մրցանակ, 1979
Գյումրու օդանավակայանը, 1982
Մարզահամերգային համալիրը, 1984, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1987
Մուշեղյանի ղեկավարությամբ 1991-1995 թվականներին կազմվել են ՀՀ քաղաքների վճարովի հողօգտագործման, սեյսմիկ գոտիներում քաղաքաշինության համակարգերի կայունության ու հուսալիության նախագծեր, Երևանի 2006-2020 թվականների գլխավոր հատակագիծը (2001-2005)։ Համահեղինակ է «Քաղաքային հողօգտագործումը շուկայական տնտեսության պայմաններում» ուսումնական ձեռնարկի, 1990:
Հետևեք մեզ նաև Telegram-ում