Ներսես Աթաբեկյան. Ակվարել

Ներսես Աթաբեկյան. Ակվարել

Կպատմես թրթռոցը օդի,
առավոտվա 7-ի թափանցիկ շղարշը
ջրջնած մայթերին:

Կպատմես ծառի ճմլկոտելը՝
աննկատ, ինչպես աղջիկն է շտկում
կրծկալի թելը դասի շտապելիս:

Կպատմե՞ս թռչնաձագի խոնավ աղվամազը,
մանկան ժպիտը՝ մոր կուրծքը թողնելիս,
իսկ երազը,
որ սպասում է՝ նորից քնես
ու մտնես կիսատ թողած տեղից:

Կպատմե՞ս հունվարի քամին ծխնելույզում
ու հունիսի քամին՝
ամպրոպի Հովհաննես Մկրտիչ:

Կպատմե՞ս չակերտից չակերտ
զառանցանքի հոսքը.
որ միակ ճիշտն է բոլոր խոսքերից:

Կպատմե՞ս ինչ եղավ,
երբ դու էիր, Բոսխը, ու պատուհանից
ներս էր լցվում
հինգ տարի առաջ կտրած
թթենու ճյուղը:

Կպատմե՞ս ահը, տագնապը, երկյուղը,
երբ ժամանակի դիակը թռչում է
ժամանակից արագ,
ու հոկտեմբերի անձրևից էլ բարակ
բանաստեղծության բնազդն իջնում է
ոչմիտեղ տանող սանդուղքներն ի վեր…

Կպատմե՞ս…

Հետևեք մեզ նաև Telegram-ում