Մշակույթը սահմաններ չի ճանաչում. բելգիահայ երաժիշտը նվագել է Շուշիի մզկիթում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահար Սևակ Ավանեսյանը, որը Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում նվագել էր Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, երաժշտական կատարմամբ հանդես է եկել Շուշիում գտնվող Վերին մզկիթում: Նա կատարել է ավստրիացի թավջութակահար Կիան Սոլտանիի (Kian Soltani) «Persian Fire Dance» ստեղծագործությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սևակ Ավանեսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է տեսանյութը՝ նշելով, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում:
«Ես շատ ուրախ եմ գտնվելու այս պարսկական մզկիթում, որր վերականգնվել է վերջերս: Դա ցույց է տալիս, թե ինչպես են հայերը գնահատում մշակույթը՝ անկախ նրանից, որ կրոնին է պատկանում: Մենք հիմա պայքարում ենք իսլամիստ ահաբեկիչների դեմ, բայց լավագույն ձևով պահպանում ենք մզկիթը»,- նշել է Սևակ Ավանեսյանը:
Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, ինչի հետևանքով վիրավորվել են 3 ռուս լրագրողներ:
Սևակ Ավանեսյանը ծնվել է Երևանում, 1989 թվականին: Նա Մեդեա Աբրահամյանի սաներից է: Փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Բելգիա: Արդեն 20 տարեկանում ավարտել է Բրյուսելի թագավորական կոնսերվատորիան, այնուհետև միաժամանակ սովորել Բելգիայի թագուհի Ելիզավետայի անվան կապելլայում և Բեռլինի ասպիրանտուրայում: Սևակը մի շարք միջազգային մրցույթների հաղթող է: Նա եղբոր՝ Հրաչյա Ավանեսյանի հետ ստեղծել է տրիո՝ որը հենց այդպես էլ կոչվում է «Avanesyan Trio»: Երաժիշտները հաջողությամբ ելույթներ են ունենում տարբեր երկրների բեմահարթակներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում