Շուշի՝ սպիտակ երազ
Նմանատիպ
Մեզ նախահարձակներ որակելը կնշանակի, թե մենք ներխուժել ենք տարածքներ, որոնք մեզ չեն պատկանում։ Եթե նայենք Հայաստանի պատմական հողերին, մենք դրանից այն կողմ ոտք չենք դրել։
ՄՈՆԹԵ
ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԱՆԿՈՏՐՈՒՄ ՈԳԻՆ
Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարը կառուցվել է Շուշիի բարձունքին՝ հզոր, ամրակուռ, հոյակերտ։ Թշնամիներն այն քանդելու բազում փորձեր են արել, բայց ապարդյուն։ Տաճարի հիմնական պաշտպանիչ ուժը մետաղակուռ գամերն են, որոնցով մարմարյա քարերն ագուցված են իրար, նույն կերպ՝ նաև աստիճանները։ Վերջին՝ Արցախյան պատերազմի ժամանակ թշնամին չորրորդ աստիճանի տակ 11 սեպ էր խրել, բայց տեղաշարժել չէր կարողացել։ 1992 թ. մայիսի 9-ին հայ մարտիկներն ազատագրեցին Շուշին, ադրբեջանցիները խուճապահար փախուստի դիմեցին։ Գրեթե երեք տասնամյակ անց, իրեն իսլամական աշխարհի խալիֆ, Թուրքիան՝ աշխարհի տեր, ավելին՝ աշխարհաքաղաքական առումով Երկիր մոլորակի բնակչության ճակատագիրը տնօրինելու մարմաջով հիվանդ Ռեջեփ Էրդողանի հովանավորությունից առյուծ կտրած Իլհամ Ալիևը կրկին պատերազմ հայտարարեց Արցախի Հանրապետությանը՝ գործի դնելով մեծ եղբոր մատուցած մեծաքանակ հզոր զինատեսակները, ջիհադական դաշնակիցներին ու վարձկան ահաբեկիչների խմբերը։ Սեպտեմբերի 27-ից սկսած՝ հուր ու կրակ է տեղում Ստեփանակերտի, Շուշիի, Արցախի մյուս բնակավայրերի վրա։ Ավելին՝ ոտնահարելով պատերազմական պայմաններում պատմամշակութային կոթողներին չհարվածելու միջազգայնորեն սահմանված նորմերը, քնած հայ սպային կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին հերոսի կոչում շնորհած «փոքր սուլթանի» հրամանով հատուկ նշանառությամբ երկու անգամ հրետակոծվեց տարածաշրջանի նշանավոր պատմամշակութային կոթողներից մեկը՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը, որն ուղղակի իմաստով ռազմական հանցագործություն է։ Ավելի նողկալին. սուտլիկ չարագործն անամոթաբար հայտարարեց, որ տաճարի հրետակոծումը հայերի ձեռքի գործն է։ Եվ, այնուամենայնիվ, մախաթը պարկում երկար չես թաքցնի։ Իդլիբում ահաբեկիչները դատապարտել են իրենց «գործընկերներին», որոնք կռվում են ադրբեջանական կողմից՝ հայերի դեմ, ասելով, որ այդ կռիվն իրենցը չէ, պետք է շուտափույթ լքեն Ադրբեջանը։
ՄԵՐ ԴԺՎԱՐԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Արցախի ազատագրական պայքարում ադրբեջանական հրոսակներին օգնում, աջակցում, գումարի համար հայերի դեմ կռվում էին փլուզված Խորհրդային Միության բանակի այլևս անտերության մատնված, անաշխատանք սպաներն ու զինվորները։ Արցախցիների ազատ ապրելու կամքը ոչնչացնել, Արցախին տիրել կամեցող ադրբեջանական բանակն ու նրա շարքերում կռվող արհեստավարժ զինվորականները չկարողացան հաղթել իրենց համեմատ վատ զինված, թվաքանակով քիչ հայկական կամավորական ջոկատներին ու պատերազմի խրամատներում ձևավորվող հայոց բանակի ջահել զինվորներին, որովհետև նրանց անպարտելի էին դարձնում հայրենի հողի հանդեպ անկասելի սերն ու արդարության ոգին։ Արցախի բնակավայրերը հրետակոծող օդաչուները խորհրդային բանակի արհեստավարժներ էին, իսկ նրանց խփողները՝ հասարակ հայ մարդիկ։ 2005 թ. Մոնթեի մասին հարցազրույցի ժամանակ ԱԻՎ-ի պետ, գեներալ-մայոր ՀՄԱՅԱԿ ՀԱՐՈՅԱՆՆ ասաց. «1993 թ. օգոստոսին մենք կարող էինք Բաքուն էլ գրավել։ Հինգ րոպեն մեկ հաղորդում էին Հեյդար Ալիևի ելույթը, ուր ասվում էր, որ իրենց բանակը բարոյալքված է։ Մեզ մնում էր տանկերը սոլյարայուղ լցնել և շարժվել դեպի Ղազախ, Կիրովաբադ, Աղջաբեդի, Բարդա։ Բայց մեզ դա պետք չէր, որովհետև մեր խնդիրը մեր հայրենիքի սահմաններն ամրապնդելն էր։ Դրա համար է, որ Եվրոպան հավատաց մեզ։ 1995 թ. ես ՀՀ պաշտպանության փոխնախարար էի։ Տարբեր երկրներից գալիս էին փորձի փոխանակման և պատերազմի մասին խոսելիս ասում էին. «Դուք հաղթող բանակ եք, ինչու՞ եք ձեզ այդքան համեստ պահում»։ Հարավսլավցիներն էլ փորձում էին հասկանալ, թե մեր 14 տարեկան տղան ինչպե՞ս է կարողացել «Ֆագոտով» տանկ խփել»։
Այո, Արցախի սահմաններից ոսոխին դուրս շպրտելուց հետո մեր զինվորները կարող էին հասնել Բաքու, բայց չարեցին, որ աշխարհը հայերին զավթիչ չհամարի, աշխարհը, որ միշտ անտարբեր լռությամբ հետևել է, թե ինչպես է բարբարոս թուրքը կոտորում, բնաջնջում, բնօրրանից վտարում հայերին, ավերում հազարամյա պատմություն ունեցող նրանց քաղաքներն ու շեները։ Այսօր, այդ անտարբերությունից թևեր առած, բռնապետ Էրդողանն ուզում է քաոսի վերածել այս տարածաշրջանը, 1915 թ. ծանոթ ձեռագրով շարունակել, ըստ իրեն, հայերի դեռևս անավարտ ցեղասպանությունը։ Այսօր հայոց բանակի զինվորները պաշտպանական համառ մարտեր են մղում ռուսական, իսրայելական, թուրքական վերջին սերնդի զինատեսակներով զինված, թուրքական բանակի հրահանգիչների կողմից ղեկավարվող ադրբեջանական բանակի, ջիհադիստների, տարբեր երկրներից Ադրբեջան բերված վարձկան գրոհայինների դեմ։ Վերջիններս եկել են հայերին սպանելու՝ ամսական 1000-1500 դոլար վարձատրության համար, բայց, ինչպես պարզ երևում է արդեն հրապարակված նրանց հեռախոսային զրույցներից, այդ ահաբեկիչներն ահաբեկված են հայ զինվորների խիզախությունից ու մարտական դիպուկ գործողություններից։ Գիտե՞ն արդյոք, գիտակցու՞մ են, որ հայերի անկոտրում ոգին զորացել է դարեր շարունակ արյունարբու ոսոխների դեմ սրբություն սրբոց հայրենիքի համար դժվարին մաքառումներում, որ այսօր հայ զինվորը կռվում է իր բնօրրանի, ընտանիքի, զավակների ազատության, ապրելու իրավունքի համար։
Կենաց-մահու մարտերի այս դժնդակ օրերին, երբ մեր քսան տարեկան զինվորներն անօրինակ խիզախությամբ մարտնչում են թուրք, ադրբեջանցի զինված ուժերի, Էրդողանին համակիր ջիհադիստների, տարբեր երկրներից եկած ահաբեկիչների դեմ, իմ մտապատկերում արթնանում է թուրքի ճիրաններից ազատված, կիսավեր, խաղաղ կյանքի թրթիռներով ապրող Շուշին։
…Ազատագրված քաղաքի շենքերից մեկի պատին հայ մարտիկները գրել էին.
Արցախ աշխարհն է ցավին դիմացել,
Չենք զիջում երբեք ցեղերին վայրի,
Ինչպես քաջերը Սարդարապատի։
Հատետի՛։
Հատետի, այսինքն՝ այսպե՛ս պիտի լիներ։
1993 թ. հոկտեմբերին «Առագաստ» շաբաթաթերթի խմբագրությունից գործուղվել էի Արցախ։ Ճանապարհին մի կին պատմեց, որ Հայաստանի Արարատի շրջանից Սասունիկ անունով մի հայուհի 1988 թ. Արցախյան շարժման լարված օրերին եկել է Ստեփանակերտ, մեծ ոգևորությամբ մասնակցել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից հանելու և մայր Հայաստանին միացնելու համար ծավալված շարժմանը, կրել պատերազմական օրերի դժվարություններն ու փորձությունները։ Շատ ուրախացա, որ վերջապես հայտնաբերեցի «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի մեր «կորած» արտահաստիքային թղթակցուհուն։ Սասունիկ Ալեքսանյանը հաճախ էր գալիս խմբագրություն, շրջանի մշակութային խնդիրներին վերաբերող իր հոդվածները ներկայացնելիս անհանգիստ, խանդավառ աշխույժով խախտում մեր աշխատասենյակի լռությունը։ Երբ սկսվեց Արցախյան շարժումը, տարված օպերայի Թատերական հրապարակի հանրահավաքներով, հետամուտ չեղանք, թե վառ գույների նուրբ շրջազգեստներով, միշտ մի խնդրով անհանգիստ, եռանդուն մեր թղթակցուհին ինչու դադարեց այցելել խմբագրություն։ Զարմանալի չէր, որ հայտնվել էր Ստեփանակերտում։ Էրգրից գաղթած պապի՝ եղեռնի մասին պատմություններով մեծացած Սասունիկը չէր կարող անմասն մնալ Արցախյան գոյապայքարից։ Ստեփանակերտում հետաքրքրվեցի, թե որտեղ է ապրում, ինչպես կարող եմ տեսնել նրան։ Պատմեցին, որ Շուշիի ազատագրումից անմիջապես հետո ադրբեջանական հայաբնակ վայրերից բնավեր եղած գաղթականների հետ Սասունիկն առաջիններից մեկն է մտել ազատագրված քաղաք, բնակություն հաստատել լքված տներից մեկում, և հիմա հայ գրականություն է դասավանդում Շուշիի «Արամ Մանուկյան» դպրոց-վարժարանում։
Շուշիի կենտրոնական փողոցում խաղացող երեխաներին հարցրի Սասունիկի տան տեղը։ Նրանց բացատրածով իջա փողոցն ի վար, թեքվեցի աջ, քայլեցի եղինջի թփերով պատված նեղ արահետով ու, ինչպես հեքիաթում, հայտնվեցի բարձր պարսպով, խունացած մեծ դարպասով առանձնատան դիմաց։ Կարոտով գրկախառնվեցինք։ Հարցնելու, պատմելու շատ բան կար։ Պատերազմի փորձությունները, զրկանքներն իրենց դրոշմն էին դրել Սասունիկի նուրբ դիմագծերին՝ աչքերի շուրջ, ճակատին մանրիկ կնճիռներ կային, զրնգուն ձայնը խզվել էր, մտերիմ ընկերուհու՝ ուսուցչուհի Լիդայի բնորոշմամբ, հանրահավաքներում ամենքից բարձր «Միացում» գոռալու պատճառով։ Բայց էությամբ ամենևին չէր փոխվել՝ էլի այն օրերի կրակոտ, անդադար Սասունիկն էր։ Տասն օր ապրեցի նրա տանը։ Վաղ առավոտյան մեկնում էի Ստեփանակերտ, այնտեղից՝ ազատագրված տարածքներ, օրվա վերջին վերադառնում փոքրիկ այգով, փայտաշեն պատշգամբով նրա գողտրիկ առանձնատունը, որը միշտ մարդաշատ էր։ Դասերից հետո, ուսուցչուհու սրտաբուխ նախաձեռնությամբ, աշակերտները հավաքվում էին նրա տանը, ունկնդրում հայոց ազգային-ազատագրական պայքարի մասին նրա պատմությունները, առանձին հատվածներ հայ պատմիչներ Մովսես Խորենացու, Եղիշեի, Փավստոս Բուզանդի աշխատություններից։ Ամենատպավորիչը. Սասունիկ Ալեքսանյանը մեծ ջանք ու եռանդով գրաբար էր սովորեցնում վեցերորդ-յոթերորդ դասարանների այդ երեխաներին, որոնցից շատերի հայրերը զոհվել էին Արցախյան ազատամարտում, որպեսզի նրանք լավ իմանային հայ ժողովրդի ծննդաբանությունն ու անցած հերոսական ուղին։ Պատերազմը նրանց զրկել էր մանկան անհոգությունից։ Հասուն մարդու խոհուն, ինքնամփոփ հայացքներով՝ ուշիմորեն ունկնդրում էին ուսուցչուհու պատմածները, ապա, ասես իրար հետ մրցելով, ներշնչանքով անգիր արտասանում նախորդ պարապմունքին հանձնարարված գրաբար տեքստերը։ Նրանց մեջ ուշիմությամբ առանձնանում էր թուխ, գունատ դեմքով մի տղա։ Ասում էին՝ տատի հետ է ապրում, ադրբեջանցի հայրը խառն օրերին թողել-հեռացել է։ Տարիներ անց իմացա, որ միշտ ներանձնացած այդ տղան ցանկացել է հոգևոր կրթություն ստացել և դարձել է հայոց եկեղեցու սպասավոր։
Պատերազմի տագնապները դեռ չթոթափած, ամեն ինչի պակաս ունեցող քաղաքում շատերն էին տարբեր հարցերով դիմում Սասունիկին։ Շուշիի առանձնակի գումարտակի մարտիկը հղի կնոջը բերում, թողնում էր նրա տանը, որ հանգիստ սրտով կռիվ գնա, Մարաղայի եղեռնից հրաշքով ողջ պրծած կինը՝ կարեկցանքի, ջերմ խոսքի, սփոփանքի ծարավ, դստեր հետ գալիս, պատմում էր գլխով անցած դաժան իրողությունները։ Հարևանուհիները մի բանի կարիք ունենալիս Սասունիկին էին դիմում, մեկը մի թաս ալյուր էր խնդրում, մեկը՝ լուցկի, մյուսը՝ մի այլ անհրաժեշտ բան։ Ի՜նչ հարցով ասես չէին դիմում։ Չեմ մոռանում Սերգեյ և Մանյա ամուսիններին։ Փախել էին Ադրբեջանի Եվլախ քաղաքից։ Երեքուկես տարի ապրել էին Ասկերանում, Սարդարաշենում։ 1992 թ. հրետակոծության պատճառով նրանց խղճուկ ունեցվածքն այրվել էր։ Մայիսի 9-ին ազատարար մարտիկների հետևից, առաջիններից մեկը, մտել էին Շուշի։ Հագներին ավերակներից գտած հնամաշ շորեր էին։ Սերգեյն այնքան ճյուղ ու փայտ էր հավաքել անտառից, որ ծանր հիվանդացել, անկողին էր ընկել, իսկ տան անկյունում մի նշխար իսկ չկար։ Տարիքով մեծ չէին, բայց տառապանքից ծերացած տեսք ունեին։ ՈՒ էլի Սասունիկն էր նրանց հարեհաս լինողը։ Երբ այցի գնացինք հիվանդին, Սասունիկը հետաքրքրված հարցրեց.
-Սիրտդ ի՞նչ է ուզում, ասա։
-Է՜, հարցնում ես՝ որ ի՛նչ, ճրլա՞ն ես,-անտրամադիր պատասխանեց Սերգեյը։
-Ճրլա՛ն եմ, ճրլա՛ն եմ,- վստահ վրա բերեց Սասունիկը։
– Աշխրքիս տակ ինչ լավ բան կա, սիրտս ուզում է,- ասաց հիվանդը։
Երբ տուն էինք վերադառնում, մեր դեմ ելավ ուսուցչուհի Լիդան՝ ձեռքին իմ գալու առթիվ թխած տորթը։
ՈՒրախացա՝ ահա և աշխարքի լավ բաներից մեկը։ Բայց Սասունիկն այլ ծրագիր ուներ։ Ոչ հեռու զոհված մարտիկներից մեկի քառասունքի արարողությունն էր։ Ներս մտանք, ցավակցություն հայտնեցինք։ Սասունիկը տանտիրուհուց հիվանդի համար բաժին խնդրեց։ Կինը սիրով աշխարհի բարիքներով առատ սեղանից բաժին հանեց, և մենք հետ դարձանք Սերգեյենց տուն։ Երբ նա տեսավ Սասունիկի բերած տեսակ-տեսակ բարիքները, ապշած բացականչեց.
-Աստոծ մե՜ծ է…
Բազմիցս ականատես եղա, թե ինչպես է Սասունիկը պատրաստակամորեն արձագանքում որևէ խնդրով իրեն դիմողներին՝ հարևան լիներ, թե վերին թաղերից եկած կիսածանոթ մեկը։ Լինում էր՝ բարդ խնդրով էին գալիս, որոնց լուծումը Սասունիկի ուժից վեր էր, բայց իրենք համոզված էին, սովոր, որ Սասունիկն անպայման մի ճար, մի ելք կգտնի։ ՈՒ… այդպես էլ լինում էր։ Բայց ճարն անելու համար քանի՛ պաշտոնյայի էր դիմում ուսուցչուհին, ի՛նչ անառարկելի, համոզիչ փաստարկներ բերում, նյարդեր վատնում, ես էի ականատես։ Մոր, քրոջ, ընկերոջ, հարազատի ջերմությամբ էր վերաբերվում բոլորին արարատցի պինդ հայուհին։ Պատմում էին, որ երբ թշնամու ուղղաթիռը հայտնվում էր քաղաքի վրա, վազում էին «իրենց հայաստանցու տուն», որն ահ ու երկյուղ չուներ, ամենալարված պահն իսկ վերածում էր զավեշտի, սիրտ տալիս, գոտեպնդում։ Պատերազմը թրծել էր նրան։ Բոլորին էր թրծել։ Քամահրանքով, զավեշտով էին հիշում իրենց գլխով անցած փորձությունները, ահերը։ Երբ այդ մասին ակնարկեցի, Սասունիկը ժպտաց։ Պատմեց, թե երբ հերթական անգամ թշնամու ուղղաթիռը հայտնվել է քաղաքի վրա, ռմբակոծվելու ժամանակ ջահել հարևանուհին եկել, ատամի մածուկ է խնդրել, այնքան որ երկնքից թափվող մահը սովորական էր դարձել։
Շուշիի մտավորականները՝ ուսուցչուհի, բանաստեղծ, նկարիչ, նաև աշխարհի տարբեր ծայրերից՝ Բեյրութից, Պորտուգալիայից, Ամերիկայից, անգամ հեռավոր Ավստրալիայից եկած հայեր, երեկոները հաճախ հավաքվում էին Սասունիկի տան երկրորդ հարկի փայտաշեն պատշգամբին կից սրահում, և այն նմանվում էր յուրօրինակ բարձրաշխարհիկ սալոնի, որտեղ քննարկվում էին մարտնչող Արցախին օգտակար լինելու կարևոր խնդիրներ, ծրագրեր, արվեստի, գրականության, պատմության, աշխարհի սկզբի ու վերջի մասին ուշագրավ թեմաներ արծարծվում։ Ոգեշունչ այդ զրույցներում իրար էին խառնվում արցախյան բարբառը, արելահայերենն ու արևմտահայերենը՝ խելքամաղ անող համանվագով։ Բարի գիշեր ասելուց առաջ, Սասունիկի հորդորով, Երևանից կնոջ հետ մշտական բնակության եկած Մանվել Ջավախքը հատվածներ էր կարդում Շուշիին նվիրված իր պոեմից, որը հրատարակվել էր սփյուռքահայ բարերարերի օժանդակությամբ։
-Ես բանահավաք եմ,- ասաց Մանվել Ջավախքը,- երգարվեստից հասկանում եմ։ «Ապառաժ» ազգային երգի թատրոն եմ ստեղծել, քառասուն երեխա է հաճախում։ Խ. Աբովյանի անվան դպրոցում համերգ տվեցինք։ Շատերի, նույնիսկ ղեկավարների աչքերում արցունքներ էին հայտնվել։ Շուշին պետք է վերագտնի հոգևոր, մշակութային կենտրոն լինելու երբեմնի փառքը։ Չպետք է թողնենք, որ Ազատ, միացյալ հայրենիքի գաղափարը խամրի…
(շարունակելի)
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում