Պոլսի Հայոց պատրիարքարանը դատարանից պահանջում է չեղյալ համարել «Սանասարյան հան»-ի վարձակալության մասին որոշումը
Նմանատիպ
Պոլսի հայոց պատրիարքարանն իրավական պայքար է սկսել «Սանասարյան հան» անունը կրող շինությունը վարձակալության հանձնելու որոշումը չեղյալ համարելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Cihan գործակալությունը:
Թուրքիայի Հայոց պատրիարքարանի փաստաբան Ալի Էլբեյօղլուի հայտարարության մեջ նշվում է, որ ներկայում հայկական շինությունը դատարկ է և հանվել է աճուրդի վարձակալության համար: Պատրիարքարանի փաստաբանը հայտնել է, որ անհրաժեշտ է չեղյալ համարել 20 տարով շինությունը վարձակալության հանձնելու որոշումը: Նշելով, որ նման որոշումն անօրինական է’ Էլբեյօղլուն հայտնել է, որ իրենք դիմել են դատարան այն չեղյալ հայտարարելու համար:
2012 թվականին Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը դատական գործընթաց էր սկսել «Սանասարյան հան» կոչվող շենքը հայկական համայնքին վերադարձնելու համար’ հայց ներկայացնելով Ստամբուլի 13-րդ վարչապական դատարան: Թեպետ շարունակվում է Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից հարուցված դատական գործը «Սանասարյան հան»-ը վերադարձնելու համար, այդուհանդերձ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը հայտարարել է աճուրդի մասին: Եթե վերջին շաբաթների ընթացքում խոսվում էր այն մասին, որ շինությունը 50 տարով կարող է վերադարձվե լ հայկական համայնքին, ապա նման հնարավորությունն ի չիք դարձավ աճուրդի մասին հայտնի դառնալուց հետո: Պոլսո Հայոց պատրիարքարանի անշարժ գույքի հանձնաժողովի անդամ Շահին Գեզերը, խոսելով Ստամբուլում գտնվող «Սանասարյան հան»-ը հայկական համայնքին վերադարձնելու անհրաժեշտության մասին, նշում է, որ 1895 թվականի Մկրտիչ Սանասարյանի կողմից կառուցված շինության իրավունքները տրված են Հայոց պատրիարքարանին:
1505 քառակուսի մետր տարածության վրա գտնվող շինության վարձակալության համար նախատեսվում է առաջին տարում ստանալ 120 հազար թուրքական լիրա (ավելի քան 61 հազար ԱՄՆ դոլար) գումար: Շինության վերանորոգման համար պահանջվելու է 11 միլիոն 660 հազար (շուրջ 6 միլիոն ԱՄՆ դոլար) թուրքական լիրա: Վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 18 ամսում:
1915 թվականի «Իթթիհաթ վե թերաաքի» կուսակցությունը «Սանասարյան հան»-ը խլել է պատրիարքարանից, սակայն 1920 թվականին այն կրկին վերադարձվել է հայերին: Արդեն 1928 թվականին թուրքական իշխանությունները վերահսկողություն են սահմանել շինության եկամուտների նկատմամբ, իսկ 1935-ին շինությունը վերջնականապես խլվել է Հայոց պատրիարքարանի ձեռքից: Երկար տարիներ «Սանասարյան հան»-ն օգտագործվել է որպես Թուրքիայի Անվտանգության վարչության շենք, իսկ ռազմական հեղաշրջումների ժամանակ հայտնի էր որպես «տանջանքների վայր»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում