Վրաստանի դեսպանը ներկայացնում է վրացի տուրիստներին Հայաստան բերելու ուղիներից մեկը
Նմանատիպ
: Հայաստանի ու Վրաստանի միջեւ հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ: Երկու երկրները փոխգործակցում են տասնյակ ոլորտներում, շփումները հատկապես ակտիվ են առեւտրատնտեսական ու զբոսաշրջության ասպարեզներում: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ’ հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակի, համագործակցության զարգացման պոտենցիալի ու տուրիզմի ոլորտում հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
– Պարոն դեսպան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների ներկա մակարդակը:
– Երկկողմ հարաբերություններն ուղղակի հիանալի են, մեր պատմության ողջ ընթացքում մեր հարաբերություններն այսքան բարձր մակարդակի վրա երբեք չեն եղել: Այսպիսի հարաբերություններ ոչ շատ երկրների հետ է առկա: Մեզ ամենամոտ ժողովուրդներից ու երկրներից մեկը հայերն ու Հայաստանն են: Այդ հարաբերությունները զարգացնելու շատ մեծ պոտենցիալ կա եւ տնտեսական, եւ մշակութային, եւ կրթական, եւ այլ ոլորտներում:
– Հյաստանում գյուղատնտեսության ոլորտը հետաքրքրո՞ւմ է Վրաստանին:
– Այո, դա տնտեսության մի մասն է, ու ես կարծում եմ, որ համատեղ տնտեսական շատ ծրագրեր կիրականացվեն: Այդ ծրագրերից որոշներն արդեն սկսվում են: Դուք գիտեք, որ վերջերս, երբ մեր երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այցելեց Հայաստան, ստորագրվեց սահմանային մաքսային անցակետերի համատեղ կառավարման համաձայնագիր: Մոտ ապագայում, երբ ենթակառուցվածքներն արդեն պատրաստ լինեն (այժմ կառուցվում են), ապրանքները, բեռները, մարդիկ շատ հեշտ կտեղաշարժվեն, որովհետեւ կրկնակի վերահսկողություն չի լինի: Սահմանին ողջ կառավարումը հայերն ու վրացիները միասին կիրականացնեն ու մեկ արարողությամբ:
– Հայաստանում ի՞նչ զբոսաշրջային «արտադրանք» կարող է հետաքրքրել շարքային վրացի տուրիստին:
Ես այդ մասին արդեն բազմիցս խոսել եմ, դա իմ անձնական կարծիքն է, չի կարելի ասել, որ այն իմ պետության դիրքորոշումն է: Դուք գիտեք, որ շատ սուրբ վայրեր կան, որոնք նաեւ ուղղափառների համար են սուրբ վայր համարվում: Մինչեւ եկեղեցիների բաժանումը բոլոր այդ սրբությունները համատեղ են եղել: Օրինակ, կարող եմ թվարկել՝ Սուրբ Գայանեն, Սուրբ Հռիփսիմեն մեզ համար նույնպես սուրբ են: Ամբողջ աշխարհում զարգացած է կրոնական զբոսաշրջությունը: Ես կարծում եմ, որ եթե այդ տեղեկությունը լավ տեղ հասցվի, Վրաստանի հավատացյալներից շատ ուխտավորներ կգան խոնարհվելու գոնե այդ երկու գերեզմաններին, ես կարող եմ շարունակել այդ ցուցակը:
– Այսինքն, Վրաստանում մարդիկ վա՞տ են տեղեկացված Հայաստանի պատմամշակութային կոթողների մասին:
– Ամբողջ ժողովուրդն, իհարկե, չգիտի: Դուք կարծում եք, որ այստեղ քաջածանո՞թ են Վրաստանի հուշակոթողներին: Իհարկե, ոչ: Այնպես, որ այդ ուղղությամբ դեռ անհրաժեշտ է աշխատել, մարդկանց լավ մատուցել այդ ամենը, որպեսզի նրանք իմաստավորեն ու գիտակցեն, որ այստեղ, մոտակայքում, սուրբ վայրեր կան, որտեղ կարելի է գալ ու երկրպագել: Բացի դրանից, Հայաստանում շատ պատմական հուշակոթողներ կան, շատ են նաեւ ուղղակի գեղեցիկ վայրերը, որտեղ կարելի է լինել: Ես բիզնեսմեն չեմ ու չգիտեմ, թե այդ ամենի մենեջմենթն ինչպես պետք է անել, սակայն որ դա ավելի լավ պետք է անել, ես հաս կանում եմ: Հայաստանում Վրաստանից եկող տուրիստների մակարդակը շատ ցածր է, ու դա ինձ չի ուրախացնում: Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այդ թիվը կաճի, եթե մենք լավ մենեջմենթ կիրառենք ու եղած հնարավորությունները պատշաճ մատուցենք մարդկանց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում