Ճշմարտության միակ աղբյուրը
Նմանատիպ
Սուրբ Գիրքը տալիս է ընտանիքի և հասարակության բոլորովին այլ մոդել, քան մենք ունենք այսօր: Նա խոսում է երկու սեռերի և դրանց փոխհարաբերությունների մասին:
Հստակ են նաև սեռերի դաստիարակության սուրբգրային ցուցումները. յուրաքանչյուրը պետք է աճի ու զարգանա իր սեռային առանձնահատկությունների ծիրում, և այդ դաստիարակությունը պետք է օժանդակ ազդակ հանդիսանա նրանց ենթագիտակցության մեջ ամրագրված իմֆորմացիայի գործարկման համար ի լրումն ժամանակի: Մի քանի սերունդ առաջ այդպես էլ վարվում էին: Իսկ այսօր պարզվում է, որ սեռերին բնորոշ վարքից բացի, որը պետք է հետևողականորեն դաստիարակել, կա նաև «ձեռքբերովի, սոցիալապես ամրագրվող վարք»: Եվ պարզվում է, որ այդ տիպի վարքը չի կարող ինքնուրույն ձեռք բերվել, դրա համար մարդը պետք է նոր արժեհամակարգ որդեգրի, և ոչ էլ այն կարող է ինքնուրույն սոցիալապես ամրագրվել գործի էությունից անտեղյակ սոցիումի կողմից, դրա համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել. միգուցե փոխե՞լ ենթագիտակցական սկզբնական իմֆորմացիան: Այս գործընթացը շատ հաջող կերպով իրականացնում է հեռուստատեսությունը և` ոչ միայն:
Իհարկե, անհեթեթ է Սուրբ Գիրքը արհամարհող, անտեսող կամ մերժող մարդուն որևէ երևույթ ներկայացնել միայն Սուրբ Գրքի հայեցակետից, բայց և անպատշաճ է Սուրբ Գիրքը իբրև արժեհամակարգ ընդունող և պատվող մեկին պարտադրել այն մերժող, տրորող ու այրող մեկի կարծիքը, ամեն դեպքում կյանքն ինքն է բացահայտում սուրբգրային ճշմարտությունների իսկությունը. կա մեղք և պատիժ, կա արդարություն և հատուցում, կա արատ և կործանում, կա սրբություն և փառք: Մարդը երկար չի կարող գոյատևել արհեստածին միջավայրում: Որքա՜ն մարդիկ են կործանվել միայն «Մի շնացիր» պատվիրանը չկատարելու արդյունքում: Նույնիսկ միասեռականներն են միմյանցից հավատարմություն պահանջում, ինչը, իհարկե, անհեթեթ է, և հենց սրանում է բուն դժբախտությունը, որ մարդը արդեն դժվարությամբ է զանազանում մեղքի և արդարության սահմանները: Այս վիճակը պատահական ու ինքնածին չէ, այլ հետևողականորեն մշակված և իրագործվող ծրագրի արդյունք է, և դա չի արվում մի խումբ մարդկանց կողմից, ինչպես համոզված են շատերը, այլ մի խումբ մարդկանց միջոցով միայն, իսկ թե ում կողմից, կարծում եմ կռահելը դժվար չէ: «Ով հաղթի, նրան թույլ կտամ նստելու Ինձ հետ Իմ աթոռին, ինչպես որ Ես հաղթեցի և նստեցի Իմ Հոր աթոռին» (Հայտ. 3;21). այն նույն աթոռին, որին հավակնում էր նա, ով գործում է թաքուն, խավարի մեջ և հարվածում է թիկունքից, թակարդներ է լարում: Նա ոչինչ է, որից միայն կորուստ ու կործանում է սինթեզվում, աննշանակ է և ոչնչացնում է ամեն մի նշանակալի բան: Այն, ինչ որ ունի և առաջարկում է իրեն ընդունողներին, իրականում անուժ ու խղճուկ միֆ է, «քանզի Քրիստոս՝ մեր Զատիկը, մորթվեց» Ա կորնթ. 5;7: Եվ այսօրվա ստեղծված իրավիճակը տանում է ողջ մարդկության ոչ միայն զուտ ֆիզիկական, այլև հոգևոր ոչնչացմանը: Նա, ում հովանավորյալն է Անօրենը, չի՛ հետապնդում մի խումբ խղճուկ մարդկային արարածների շահը կամ ինքնանպատա՛կ չի բավարարում նրանց հարստանալու մոլուցքը, որովհետև նա շատ լավ տեղյակ է իր սեփական հնարավորությունների և գործունեության ժամկետների սահմանափակությունից, ինչը նա փորձում է փոխլրացնել ջանասիրությամբ` և՛ սեփական, և՛ օժանդակ բոլոր ուժերի գերլարումով: Ճշմարտության միակ աղբյուրը դարձյալ ու կրկին մնում է միակը՝ Սուրբ Գիրքը. այնտեղ՝ նրա էջերում են հանգրվանել ողջ մարդկության և ամեն մի մարդու հարատևման և երջանկության բանաձևերը:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում