«ԼՂ-ում մարտերը շարունակվում են, դա ափսոսանքի և անհանգստության տեղիք է տալիս»․ Պեսկով

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Չնայած հրադադարի մասին ավելի վաղ ընդունած որոշումներին`Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են, և դա ափսոսանք ու անհանգստություն է առաջացնում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն հրադադար չի գործում։
«Մարտերը շարունակվում են, դա ափսոսանքի և անհանգստության տեղիք է տալիս»,– ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը նաև հայտնել է, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում չի շոշափվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարցը։
«Դա օրակարգում չի եղել»,- ասել է Պեսկովը՝ վերահաստատելով, որ միայն հակամարտող կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համաձայնություն տալ կարգավորման գործընթացին այս կամ այն պետության մասնակցությանը:
Երեքշաբթի Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում