Հայաստանի պատվիրակը «Սլավյանսկի բազար» մրցույթը մեծ փորձ է համարում իր համար

Էստրադային երգի «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթ-փառատոնը հաղթել է Մակեդոնիայի ներկայացուցիչ 19-ամյա Բոբան Մոյսովսկին: Մրցույթի հայաստանյան պատվիրակությունը հուլիսի 17-ի լուսադեմին վերադարձել է Բելառուսի Վիտեբսկ քաղաքից: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանը ներկայացնող Վրեժ Կիրակոսյանը պատմեց, որ շատ տպավորված է մրցույթից եւ նրա կազմակերպչական մասից:

«Շատ կցանկանայի որ մրցույթում հաղթեր հայ Ռայա Մովսիսյանը Կուրսկից, որն այս տարի մրցույթում ներկայացնում էր Ռուսաստանը»,- ասաց Կիրակոսյանը: Նրա գնահատմամբ’ «Սլավյանսկի բազար»-ը իր համար առաջին միջազգային մասշտաբի մեծ մրցույթն էր եւ լավ հարթակ էր փորձի փոխանակման, մասնագետների հետ շփվելու համար:

«Չնայած նրան, որ մենք կանխատեսվածի նման չհայտնվեցինք լավագույն եռյակում, կարծում եմ կարեւորը լավ ներկայանալն էր, ինչը մեզ հաջողվեց անել»,- ասաց Հայաստանի պատվիրակը’ ավելացնելով, որ իր կատարած երկու’ Չեսլավ Նեմենի «Этот странный мир» եւ Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ» ստեղծագործություններն էլ հանդիսատեսին անտարբեր չեն թողել:

«Մեծ բավականություն էր երգել 7000 հանդիսատեսի առաջ, երբ զգում ես հանդիսատեսի էներգիան»,- ավելացրեց երգիչը:

Առաջիկայում Կիրակոսյանը ծրագրում է նկարահանել առաջին տեսահոլովակը եւ շարունակել ստեղծագործակամ գործունեությունը: Չնայած նրան, որ Կիրակոսյանը մասնագիտությամբ իրավաբան է, 2004 թվականին ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, սակայն հաջողությամբ կարողանում է համատեղել երգն իր մասնագիտության հետ:

Այժմ Կիրակոսյանը Երեւանի մշակույթի պետական քոլեջի փոխտնօրեն, «Էմի-Բի» պրոդյուսերական ընկերության տնօրենն է:

«Սլավյանսկի բազար»-ը ներառում էր շուրջ 60 միջոցառում, որոնք անցկացվեցին 13 հարթակներում: Դրանցից 18-ը տեղի ունեցան գլխավոր հարթակում՝ Ամառային ամֆիթատրոնի բեմում: 2013 թվականին «Սլավյանսկի բազար»-ը ներկայացավ որպես փառատոների փառատոն: Փառատոնին մասնակցեցին 31 երկրների, այդ թվում՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Իսրայելի, Կուբայի, Վենեսուելայի ներկայացուցիչներ: Մրցույթի ժյուրին գլխավորում էր հանրահայտ երգչուհի Լարիսա Դոլինան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում