Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը կներկայացվի հատուկ ցուցադրությամբ
Նմանատիպ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Գեղագիտության ազգային կենտրոնը հատուկ ցուցադրությամբ կներկայացնի հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքը՝ 29 լուսանկարչական աշխատանքով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը» խորագրով ցուցադրության բացումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ին, Գեղագիտության ազգային կենտրոնում։ Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 30-ը:
Ցուցադրության նախաձեռնողների նպատակը թիկունքի ամրապնդման գործում արվեստի միջոցով ներդրում կատարելն ու առաջնագծում գտնվող հայ զինվորին հնարավոր օժանդակություն ու աջակցություն ցուցաբերելն է. ցուցադրության մուտքի տոմսերի, պաստառների ու բացիկների վաճառքի ամբողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
1970-ականներից սկսած` Գագիկ Հարությունյանի լուսանկարները հրապարակվել են տեղական ու համամիութենական պարբերական մամուլում, որոնք տարածվել են նաև արտասահմանում: Այդ տարիներին լուսանկարիչը բազմիցս գործուղվել է եվրոպական և աֆրիկյան երկրներ՝ ստեղծելով և հանրությանը ներկայացնելով իր յուրատեսակ պատմությունների շարքերը:
Լուսանկարչին հետաքրքրել են ոչ միայն այցելած երկրները կամ առհասարակ ճամփորդական թեմաները. նա ամենուրեք փնտրել է առավելապես մարդուն, ձգտել է բացահայտել մարդու և բնության հարաբերությունը, մարդու և տիեզերքի անտեսանելի կապը, ինչն ակնհայտորեն երևում է նաև հեղինակի «Ղարաբաղ» շարքի յուրաքանչյուր լուսանկարի մեջ։
Գագիկ Հարությունյանը «Ղարաբաղ» շարքը ստեղծել է 1992-1997 թվականներին՝ Արցախյան պատերազմի առաջնագծում, Արցախի տարբեր շրջաններում։
Աղբյուր՝ Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում