Երբ արվեստը հակադրվում է պատերազմին. Art For Armenia աճուրդի հասույթը կուղղվի «Հայաստան» հիմնադրամին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր երկրներում ապրող և ստեղծագործող հանրաճանաչ, հեռանկարային նկարիչների 200 աշխատանք ներկայացված է Art For Armenia բարեգործական աճուրդում, որի նպատակը Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի սկսած ռազմական գործողությունների հետևանքով Արցախում տուժած խաղաղ բնակիչներին աջակցելն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 24-ին մեկնարկած նախաձեռնության պաշտոնական կայքէջում ասվում է, որ այս նախաձեռնությամբ փորձում են արվեստով հակահարված հասցնել կասետային զենքերին, որոնք Ադրբեջանը կիրառում է խաղաղ բնակավայրերի և խաղաղ բնակիչների դեմ:
«Աշխարհի տարբեր ծայրերում ապրող արվեստագետներ իրենց լավագույն աշխատանքներն են նվիրաբերում հանուն Արցախի: Վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Մեր նպատակն է ապահովել նախագծի երկարակեցությունը և օգնել տուժածներին անցնել բնականոն կյանքի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Art For Armenia նախաձեռնությանը շատ կարճ ժամանակամիջոցում արձագանքել են նկարիչներ Հայաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից: Հատկապես մեծ ուշադրության են արժանանում այն աշխատանքները, որոնք նկարել են արցախցի երեխաները:
Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք:
Արցախի և Հայաստանի համար այս ծանր օրերին հայերին իրենց աջակցությունն են հայտնել Մել Գիբսոնը, Էլթոն Ջոնը, Լյուբով Կազարնովսկայան, Հովիկ Կեուչկերյանը, Քիմ Քարդաշյանը, Սերժ Թանկյանը, Քարդի Բին, Եվգենի Կիսինը, և արվեստի ոլորտի բազմաթիվ այլ հայտնի գործիչներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում