Թուրքիան Սիրիայի դեմ կրակ է բացել
Նմանատիպ
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, թե թուրքական կողմը պատասխան կրակ է բացել Սիրիայից հնչած կրակոցներից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական CNN Turk-ը, գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայի սահմանին Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևի և ծայրահեղական Ջաբհար ալ-Նուսրա խմբավորումների միջև բախումները շարունակվում են: Այդ բախումների արդյունքում կրակոցներ են եղել նաև Թուրքիայի ուղղությամբ, ինչի արդյունքում հուլիսի 17-ին վիրավորվել է Ջեյլանփընարի բնակիչ Նեզիր Աթիլլան: Նշվում է, որ սիրիական կողմից եկած կրակոցները դիպել են սահմանամերձ թուրքական բնակավայրի մի շարք տների, այդ թվում և Ջեյլանփընարի անվտանգության վարչության շենքին:
Քրդական աշխատավորական կուսակցության սիրիական թևի և ծայրահեղական Ջաբհար ալ-Նուսրա խմբավորումների միջև բախումները սկսվել են հուլիսի 16-ից: Այս կապակցությամբ Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես կոչ են արել իրենց երկրի քաղաքացիներին ավելի զգոն լինել և հեռու մնալ սիրիական սահմանից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում