«Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես՝ նրանց մեջ»

«Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես՝ նրանց մեջ»

«Ուր իցեն երկու կամ երեք հոգի ժողովեալ յանուն Իմ, անդ եմ Ես, ի մէջ նոցա»:

«Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես՝ նրանց մեջ» (Մատթեոս 18:20)»:

Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

Արդեն մեկ ամսից ավելի մենք ազգովի սպասում ենք պատերազմի ավարտին, սակայն դեռ չգիտենք, թե երբ այն կվերջանա: Ուստի մեզանից ակնկալվում է շարունակել միասնական լինել, միասնական կերպով շարունակել աղոթքները, միասնական կերպով իրար ձեռք բռնած ընթանալ, միասնականությունը դարձնել կյանքի շարժընթաց: Քրիստոս ասում է. «Եթե ձեզնից երկուսը միաբանվեն երկրի վրա որևէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կկատարվի նրանց համար Իմ Հոր կողմից, որ երկնքում է. որովհետև ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ» (Մատթեոս 18:19,20): Հետևաբար մեր բոլոր նախաձեռնություններում մենք պետք է Քրիստոսի անունով միավորվենք, որովհետև մենք քրիստոնյաներ ենք, մենք Քրիստոսի վարդապետությամբ սովորել ենք բարիք արարել, ստեղծել, ստեղծագործել և բազմացնել բարիքը:

Մեզ օտար է «պատերազմ» երևույթը, սակայն մենք միշտ պարտադրված պատերազմել ենք մեր ազգային գոյապահպանության արդար իրավունքի համար: Մենք սովոր ենք շենացնելու, կառուցելու, բազմացնելու և պիտի շարունակենք Սուրբ Հոգով միայն բարի բաների ծնունդ տալ: Քրիստոս եկավ, բժշկեց մարդկանց, հացը բազմացրեց, որպեսզի մարդիկ ուտեն, նրանց իսկ փրկության համար մաքրեց մեղքերից, հարություն պարգևեց մարդկանց և ուրախացրեց նրանց հարազատներին: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս մեզ սովորեցրեց չխնայել սեփական անձի համար, ստանալու փոխարեն մտածել տալու մասին: Քրիստոս մեզ մաքրեց ընչաքաղցությունից, ագահությունից, սպանությունից, գողությունից, վիրավորանքներից, դատելուց և քննադատելուց, անեծքից, հայհոյանքից և այն ամենից, ինչ որ կարող է մարդկանց միջև անջրպետներ ստեղծել, սահմաններ գծել, բաժանումներ առաջացնել: Քրիստոսի վարդապետության նպատակը Աստվածասիրությունն է և մարդասիրությունը: Նա եկավ Իր սիրո ուսմունքով մարդկանց քարեղեն սրտերը փափկացնելու, մեղմացնելու, դադարեցնելու մարդկանց միջև անհաշտությունից ծնվող վայրագությունները, իր բնի մեջ ոչնչացնելու չարը և նրանից բխող բոլոր չարիքները: Նա սովորեցրեց հրաժարվել մարդկանց հոգում բույն դրած չարի գաղափարներից և դրանք կյանքի կոչելուց:

Քրիստոնեական վարդապետության վրա բարձրանում են սիրո շինություններ: Եթե այդ շինությունը չկառուցվի, ուրեմն զուր է հավատքը, որովհետև հավատքն առանց գործերի մեռած է (Հակոբոս 2: 17): Հավատքը ընդունում ենք մեր սրտերում և սրտերից դուրս գործերի ծիլեր տալիս: Հավատավոր մարդու կյանքի փնտրտուքը դառնում է սիրո կառույցին մասնակցություն ունենալը, սիրո տաճարի կառուցման շինարարությանը մի քար ավելացնելը: Եթե չկա այդ փնտրտուքը, ուրեմն մենք Երկնային Արքայությունն էլ չենք փնտրում և չենք տենչում այն մեր երկրային կյանքի ընթացքում: Աստված դրախտը մեզ տալուց առաջ ուզում է տեսնել, թե որքան ենք մենք ձգտում մի փոքր դրախտ կառուցել մեր շուրջը, ինչի ենք պատրաստ հանուն դրախտային կյանքի երանության, որովհետև խաղաղություն ու սեր փնտրողը և խաղաղություն ու անդորր ունենալ ձգտողը պիտի նաև ձգտի խաղաղություն արարել: Մենք՝ քրիստոնեությունը մեր սրտերում ընդունածներս, մեր կյանքում պիտի ձգտենք միմիայն բարության շինարարության վրա քար ավելացնելու, ներդրում ունենալու բարի գործերի մեջ, մասնակցելու փոքրիկ մարդկային արարչագործության:

Ահա թե ինչու ենք ասում, որ սա պարտադրված պատերազմ է, որ մենք երբեք հակված չենք եղել սպանության, ավերածությունների, ոչնչացման, սակայն ստիպված ենք թշնամուց պաշտպանել մեր ժողովրդին, մեր հայրենիքը, մեր պապերի հողն ու ջուրը, մեր սուրբ վանքերն ու եկեղեցիները: Մենք դարերի ընթացքում կառուցել ու արարել ենք մեր հայրերի հողերի վրա, իսկ այժմ զենք ենք վերցրել մեր երկիրը պաշտպանելու համար:

Մենք՝ իբրև քրիստոնյաներ, հակված ենք եղել մշտապես աճելու, աճելու սիրո և բարի գործերում, աճելու մարդկային կյանքի բարելավման հարցերում՝ ձգտելով վեր բարձրանալ տմարդկային երևույթներից, առաջնորդվել խղճով: Աստված պատվիրում է մեզ, որ նույնիսկ մեր խոսքը շինարար լինի, մխիթարիչ, սփոփիչ և անվնաս: Քրիստոս պատգամում է ոչ միայն մարդ չսպանել, այլև լեզվով չվիրավորել մարդկանց: Եվ այսօր մենք մեր զենքով ոչ միայն մարդասպանության և ազգասպանության հետամուտ չենք, այլև մեր քաջությունն ու զենք վերցնելը եղբայրասիրության, հայրենասիրության, ժողովրդասիրության դրսևորումն են, որովհետև նվիրյալները իրենց կյանքը դնում են ազգափրկության և ազգապահպանության զոհասեղանին: Մեր զինավառությունը արկածախնդրություն չէ, ուրիշ ժողովուրդների իրավունքների ոտնահարում չէ, այլոց տարածքների նկատմամբ ոչ մի հավակնություն չունի, այն սիրո, նվիրվածության, զոհաբերության, քրիստոնեական անմնացորդ անձնվիրումի վառ ապացույց է: Մեր փնտրտուքը և բաղձալի երազանքը մեր որդիների անվտանգության ապահովումն են:

Քրիստոնեությունը այսօր մեր մեջ թևածում է բազմաթիվ կենդանի վկայությունների օրինակներով: Ոչ միայն մեր քաջարի զինվորների, այլև բոլոր-բոլորի ջանքն ու եռանդը վկայում են արած բարի գործի մեջ երկմտանքի ցանկացած նշույլի բացակայությունը: Սերը հորդում է մեր ժողովրդի մեջ, և սերը անպայմանորեն ձգտում է մարմնավորում ստանալ, չի մնում բառերի սահմաններում: Մարդիկ կարծես փորձում են գերազանցել մեկը մյուսին գործելու, պարապ չնստելու, հայրենիքին, ժողովրդին, սահմանապահ զինվորներին որևիցե օգուտ բերելու, հնարավորինս ներդրում ունենալու, անտարբեր չգտնվելու նախանձախնդրության մեջ: Նույնիսկ երեխաներն են հասկանում պահի կարևորությունն ու լրջությունը և փորձում են ետ չմնալ մեծերից: Քրիստոնեությունը օդում չի մնում, Ավետարաններում Տիրոջ խոսքը չի սառչում: Այն մարդկանց սրտերին դեպի գործը նետվելու ազդակ է դառնում: Սերը երակների արյունն է բորբոքում, սերը գործ է դառնում, դրդում է մեր մեջ եղած լավագույնի արտահայտմանը, և սերը հույս է ծնում: Օդը ողողված է բարի գործերով, անձնվիրության բազում օրինակներով, հոգածությամբ, խնամքով, ուրիշի հոգսը սեփականը համարելով: Օդը ողողված է երկինք վերառաքված աղոթքներով, սպասումով և հույսով: Իսկ «հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ» (Հռոմեացիներ 5:5): Սիրելինե՛ր, մեր հույսն արդարացված է, որովհետև մենք բարբարոսներ չենք: Մենք պետք է շարունակենք միասնական լինել, միասնական ընթանալ, աղոթել, հույսով գոտեպնդվել և սպասել Աստծո փրկությանը:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

Տեր Վահան քհն. Առաքելյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում