Երից մանկանց վանք. Արցախի գանձերը

Երից մանկանց վանք. Արցախի գանձերը

Երից մանկանց վանքը միջնադարյան հայ եկեղեցաշինության փայլուն օրինակ է: Կառուցվել է 1691 թվականին, գտնվում է Մարտակերտի շրջանում՝ պատմական Ջրաբերդից 7 կմ հեռավորության վրա, Թրղի գետակի ձախ ափին: Եկեղեցու մոտ է գտնվում գրեթե անմարդաբնակ Խստորաշեն (Խոխոմաշեն) անունով գյուղը: 

Երից մանկանց վանքը եղել է Աղվանից հակաթոռ կաթողիկոսների նստավայրը: Պահպանված արձանագրությունների համաձայն՝ վանքի եկեղեցին կառուցվել է Մելիք-Իսրայելյանների կողմից:

Եկեղեցին կառուցել է ճարտարապետ Սարգիսը՝ կաթողիկոս Սիմեոնի և իր եղբայր Իգնատիոս վարդապետի օժանդակությամբ, որի վկայությունն է ճարտարապետի անունն ամփոփող՝ «Շինաւղ և վարպետ եկեղեցոյս ուստա Սարգիսն յիշեցեք ի Քրիստոս» արձանագրությունը:

Եկեղեցում պահպանված արձանագրության մեջ նշվել էր, որ եկեղեցում կային դպրատուն, բնակելի սենյակներ, որոնց տակ եղել են նկուղներ՝ ծառայելով որպես պահեստներ և թաքստոցներ: Բնակելի սենյակներից շատերը փլված են, իսկ մնացածները, որոնք ոչ հեռու անցյալում օգտագործվում էին, դեռ կանգուն են: Վանական տարածքում պահպանված բազմաթիվ բնակելի սենյակները, վանականների կացարանները, դահլիճները՝ իրենց բուխարիներով, խոսում են Երից մանկանց վանքի միաբանության թվակազմի մասին։

Ասում են՝ Երից մանկանց վանքը կոչվում է Հին Կտակարանի երեք հայազգի մանուկների անունով, որոնց կրակ է նետել Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը կուռքին խոնարհվելուց հրաժարվելու համար: Հայազգի մանուկները փրկվել են Միքայել հրեշտակապետի կողմից և դժոխքից դուրս եկել անվնաս:

Պատերազմի ժամանակ հայազգի մանուկները սպանվել են օտար բռնակալների կողմից: Ուղտով տեղափոխելիս՝ ճանապարհին ուղտը չոքել է և չի կարողացել գնալ: Այդ ժամանակ որոշել են մանուկներին թաղել վանքի տարածքում: Այստեղից էլ առաջացել է Երից մանկանց անվանումը: Սպանված մանուկների գերեզմանաքարերը մինչև այսօր էլ պահպանվում են:

Ուշագրավ է նաև եկեղեցու արձանագրություններից մեկում Երից մանկանց վանքի վերաբերյալ հետևյալ հիշատակումը. «Մեր աշխատանքը ավարտին հասցրինք՝ աստվածասերների ու ողորմածների միջոցով ու օգնությամբ. սուրբ Դանիել մարգարեի և երեք սուրբ մանուկների պատվական նշխարքները, որոնք դրված են այստեղ, մեծամեծ հրաշագործություններ են կատարում: Այստեղ այն կառուցվեց մեր փրկության, մեր բազում մեղքերի թողության, մեր հոգևոր ու մարմնավոր ծնողների, ինչպես նաև բոլոր աշխատողների համար. մեզ և վանքի միաբաններին հիշեցե՛ք ձեր սուրբ աղոթքների մեջ»:

Երից մանկանց եկեղեցին այժմ կիսավեր վիճակում է, և Ադրբեջանին սահմանամերձ լինելու հանգամանքը խոչընդոտում է այդ ուղղության զբոսաշրջային զարգացմանը:

Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1992 թվականի հունիսին Ադրբեջանի կողմից Գյուլիստանի գրավումից հետո տեղի շուրջ 14 հազար հայ բնակչությունը ոտքով ճանապարհվել է դեպի Մարտակերտի շրջան։ Այդ խմբից մոտ 2-3 հազարը անտառներով անցնելու ժամանակ հասնում է Երից մանկանց վանք և ապաստան գտնում վանքի տարածքում՝ մինչև օգնական խմբերի ժամանումը:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աղբյուր՝ Aravot.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում