Խաղաղություն կերտող սերունդը
Նմանատիպ
Շաբաթներ տևող պատերազմ, ամեն օր մարդկային կյանքերի անվերադարձ կորուստ, ամեն օր հնչող աղոթքներ, կորստի ցավից քարացած սրտեր ու հոգիներ, միմյանց ուժ ու հավատ ներշնչող խոսքեր: Ու ականջ խլացնող այս ձայների մեջ աշխարհը շարունակում է խորը լռության մեջ թաղել ճշմարտությունն ու արդարությունը:
Սա պատերազմ է, որտեղ հայը աշխարհին ցույց է տալիս իր հերոսական ոգին, չհանձնվելու ձգտումն ու ազատ ապրելու տենչը:
Ազգովի միահամուռ կերպով աղոթում ու պատերազմում ենք՝ առանց մեկ վայրկյան հետ նայելու ու վհատվելու: Հայրենիքը սերունդներին փոխանցելու մեծ տենչով դուրս ենք եկել մարտի ու վստահ ենք՝ վերջնական հաղթանակը կտրվի մեզ, քանզի մենք պատերազմում ենք հավատքի ու հայրենիքի համար, թշնամին՝ լոկ սեփական արյան ծարավը հագեցնելու:
Ցավոք, պատերազմը խլում է մեր եղբայրներին, ընկերներին ու հարազատներին, ու երբեմն գիտակցությունը թմրում է այս ծանր ու մղձավանջային օրերից: Բայց մենք թուլանալու իրավունք չունենք, թիկունքում կանգնածները պետք է հզոր վահան լինեն առաջնագծում կանգնածների համար:
Նրանք անմահության ճանապարհն են ընտրում՝ հանուն իրենց հայրենիքի, գնում են հավերժի ճանապարհով, որ մենք հավերժ ապրենք հաղթանակած հայրենիքում:
Վստահ եմ, շատ շուտով գալու է այն օրը, երբ սեփական հողի վրա ապրելու համար ստիպված չենք լինի պայքարել ու կորցնել կյանքեր, որոնց այդպես էլ հետ չենք կարողանալու բերել: Կորցրած հայրենիքը հետ բերելու օրինակ մենք ունեցել ենք, ցավոք, կորցրած կյանքերը հետ բերելու կարողություն մենք չունենք, ուստի՝ աղոթում ենք առ Աստված, որպեսզի ամեն բան շուտ ավարտվի, և Արցախ աշխարհը վերստին զարթոնք ապրի:
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում