Շուշի՝ սպիտակ երազ
Նմանատիպ
ԱՄԵՆԱՓՐԿԻՉԸ՝ ՆՈՐՈԳ ՈՒ ՎԵՀԱՏԵՍ
Արցախ գործուղվելիս այլևս չէի հասնում Ստեփանակերտ։ Շուշվա ոլորանում իջնում էի անհարթ ճանապարհի անվերջ թվացող ոլորաններից ուժասպառված ավտոբուսից, ու ժամեր շարունակ անշարժ նստելուց ընդարմացած ոտքերս մի կերպ շարժելով՝ ելնում դարն ի վեր, դեպի Սասունիկի մեծ դարպասով տունը՝ անակնկալ հետաքրքիր հանդիպումների սպասումով։ Այդպիսի մի օր ծանոթացա վարպետ Վոլոդյայի հետ։ Արդեն 60-ը բոլորող հաղթահասակ, կենսախինդ, եռանդուն մարդ էր։ Շուշիի ազատագրումից անմիջապես հետո ձեռնամուխ էր եղել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի նորոգման գործին, որն անավարտ էր մնացել պատերազմի պատճառով։ Մետաղալարով օդում կախված՝ տեղադրում էր գմբեթի քարը, ամրացնում շարվածքը։ Արդեն հասցրել էր նորոգել Արցախյան ազատամարտի օրերին հասցված գնդակների հետքերը։ Հոգով, սրտով նվիրված էր իր գործին։ Մի օր, աշխատանքի ավարտին, խնդրեցի պատմել իր մասին։
-1981 թվականից այստեղ եմ։ Երբ առաջին անգամ տեսա Սուրբ Ամենափրկիչը, դառն ապրումներ ունեցա. հալածված, որբ տեսք ուներ։ Ոնց որ մեղավորը ես լինեի։ Երդվեցի՝ անպայման վերականգնել քարեղեն այդ հրաշքը։ Սկսեցի աշխատել ու բազում դժվարությունների հանդիպեցի։ Ոմանք ուզեցին խանգարել, հիասթափեցնել, չհիասթափվեցի։ Հալածանքից չեմ վշտանում, այն ասես կյանքի դառը համեմունքը լինի։ Գիտակցում եմ արածիս կարևորությունը, որ ոչ թե փշրված քար եմ վերականգնում, այլ պատմություն ու վկայագիր։ Ռուսական տիրապետության մեկ դարն Արցախի, նախ և առաջ նրա կենտրոն Շուշիի ծաղկման, բարգավաճման շրջան է եղել, ցավոք, ողբերգական վախճանով։ Այդ զարթոնքը պայմանավորված էր արևելահայ տարբեր գավառների բնակչության մեծ ներհոսքով, առավելապես՝ Մեղրիից, Ագուլիսից, Նուխի-Շաքիի Ղազանչի ավանից։ Նրանք կառուցել են իրենց թաղային եկեղեցիները՝ Ջրաբերդցոցը, Ագուլեցոցը, Մեղրեցոցը, Ղազանչեցոցը։ Դրանից առաջ տեղացիներն ունեին մի եկեղեցի, որը կոչվում էր Քամու խաչ։ Կառուցվել են նաև ղարաբաղցիների Կանաչ ժամը, Ռուսաց եկեղեցին։ Գրեթե բոլորը, բացի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկչից, ավերվել են թուրքերի ձեռքով։
Թեև ռուսաց Ալեքսանդր 2-րդ ցարի հրամանով արգելված է եղել հայոց եկեղեցիները բարձրադիր վայրերում և ռուսական եկեղեցիներից մեծ կառուցելը, ղազանչեցիները, լինելով մեծ համայնք, Ամենափրկիչը կառուցել են Շուշիի հպարտ բարձունքին՝ ամրակուռ ու վեհատես։ Կառուցումը տևել է 20 տարի՝ 1868-1888 թթ.։ Մինչ այդ Շուշիի հպարտությունն Ագուլեցոց եկեղեցին էր։ Յոթհարյուր վարպետ է աշխատել Ամենափրկչի շինարարությունում։ Տաճարը եռախորան է, բոլոր քարերը հատ-հատ իրար են միացված երկաթյա գամերով։ Նման օրինակը չկա։ Ղազանչեցոց տաճարը կանգուն է մնացել իր մեծության ու հզորության շնորհիվ։ Անգամ պայթեցնելով չեն կարողացել կործանել այն. հզոր պայթյունից կարող է երկրաշարժ առաջանալ։ Արցախյան կռվի ժամանակ գլխավոր մուտքի աստիճանաքարի տակ 11 մետաղյա սեպ են խփել, բայց չեմ կարողացել տեղահանել այն։ Այստեղից եզրակացություն՝ անգամ տաճար կառուցելիս հաղթում է ուժը, զորությունը։ Վեհաշուք յոթ կոթողներից միայն ղազանչեցիների կառուցած Ամենափրկիչ մայր տաճարն է դիմացել ժամանակի ու թշնամիների ավերածություններին։
Տաճարը նորոգող բանվորների ճակատագիրն էլ դյուրին չէր եղել։ Էդիկը կնոջ՝ Լարիսայի ու երեխաների հետ, մեծ դժվարությամբ էր կարողացել հեռանալ Բաքվից։ Մասնակցել էր ազատամարտին, մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվել։
– Երևանում ինձ վիրահատեցին, բայց վիճակս լավ չէր,- ասաց նա,- աշխատանք չունեի։ Չդիմանալով երեխաների սոված վիճակին՝ ամեն օր տանից դուրս էի գալիս, աննպատակ թափառում փողոցներում։ Մի օր էլ ելք չգտնելով՝ որոշեցի Շուշվա բարձունքից ցած նետվել։ Տաճարի մոտ հանդիպեցի Պարգև Սրբազանին։ Նրա հայացքը թափանցեց հոգուս խորքը։ Զարմանալի հույսով լցվեցի։ ՈՒ… այդ զարմանալին իրականություն դարձավ։ Մի քանի օր անց Սրբազանն ինձ աշխատանքի տեղավորեց տաճարի շինարարությունում։
…1998 թ. ամռանը վարպետ Վոլոդյան, ինչպես խոստացել էր, ավարտեց Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի նորոգումը։ Բացման արարողությունը վերածվեց մեծ տոնախմբության, որին մասնակցում էին նաև տարբեր երկրներից եկած սփյուռքահայեր։
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ
Շուշին ապրում էր ասկետի սուղ, զուսպ կյանքով, թերին, պակասը չէր ցուցադրում, չէր դժգոհում։ Շատ փորձություններով անցած մարդիկ, աչքն Ամենափրկչի կողմը, ապրում էին նրա ոգեղեն զորությամբ։ Դռան առջև Սասունիկը կարտոֆիլի կլեպներ էր պահ տվել հողին։ Բերքը նվազ էր, մանրիկ։ Խաշած մարիկ կարտոֆիլի, լոբախաշուի սեղանի շուրջ, որի շքեղությունը քաղաքի միակ պարենային խանութից գնված մեկ շիշ «Խնուշինակ» գինին էր, շուշեցի մանկավարժ, բանաստեղծ, նկարիչ, ազատամարտիկ ժամերով զրուցում էին քաղաքի ապագայի մասին՝ յուրաքանչյուրն իր պատկերացումների, երևակայության թռիչքի չափով պատկերացնելով գալիք օրերը։ Այսպիսի մի իրիկուն նկարիչ Հովիկ Գասպարյանը որոշեց բացել իր աշխատանքների ցուցահադեսը։ Երբ բացման օրը մտա ցուցասրահ, անակնկալից քարացա տեղում։ Պատերազմի դաժան օրերին արված այդ կտավներում Շուշին պատկերված էր արևոտ, ժպտուն, երգող գույներով։ Լավատեսության ի՞նչ երակից էր սնվել նկարչի վրձինը, որ այդքան արևոտ, կյանքով լի էր պատկերել Շուշին, միայն ինքը կարող էր ասել։ Բայց Հովիկն իր մասին խոսել չէր սիրում։ Նրա թախծոտ հայացքում ժպիտ էր հայտնվում, երբ խոսքը վերաբերում էր սիրելի Շուշիին ու պատերազմը հաղթանակով ավարտելուն։ Շնորհալի նկարիչը, անսովոր չհնչի, իր տաք, հացաբույր ներդրումն ուներ հաղթանակի կայացման գործում. նկարիչ լինելուց բացի՝ նաև հացթուխ էր՝ Շուշիի առանձնակի գումարտակի հացթուխը։ Նրա թխած հացով ուժովացած էին մարտիկները գնում հաղթելու։
Հովիկ Գասպարյանի ընտանիքն ապրում էր ընդարձակ շինության մեջ։ Շուշիի ազատագրումից անմիջապես հետո նա շտապով հասել էր Ստեփանակերտ, կնոջը, երեխաներին բերել, տեղավորել ժամանակին մեծահարուստ մի հայի պատկանող ամուր պատերով հինավուրց այդ առանձնատանը։ Մի հատվածում ընտանիքն էր ապրում, մյուսում արվեստանոցն էր, իսկ վերնահարկում տեղավորված էր իր հիմնած պատկերասրահը։
Շուշիում պատկերասրահ հիմնելու միտքը Հովիկ Գասպարյանին հանգիստ չէր տվել դեռ 1992 թվականից։ Թշնամին գնդակոծում էր քաղաքը, կինը՝ երեխան գրկին, ահից քարացած՝ նստում էր տան շեմին, իսկ ինքը շրջում էր ավերակներում, դուռ, պատուհան, կողպեք որոնում, որպեսզի նորոգեր կիսավեր շենքն ու այնտեղ պատկերասրահ հիմներ։ Հասկացող մարդիկ, ով ինչով կարող էր, աջակցում էին։ Մեկը՝ հնաոճ թեյնիկ, մյուսը՝ հին պահարան, երրորդը՝ մեկ այլ իր, բերում, նվիրում էին ապագա պատկերասրահին։ Պատերազմի դաժան մի օր Շուշիի «Արամ Մանուկյան» դպրոց-վարժարանի մաթեմատիկայի դասատու Ալեքի հետ գնում են Երևան, նկարիչներին ոգևորված պատմում Շուշիում պատկերասրահ հիմնելու նպատակի մասին։ Հայաստանի նկարիչները սիրով 45 կտավ են նվիրում, որոնք Գևորգ Մշեցու մեքենայով հասցնում են Շուշի։
Հովիկ Գասպարյանի նկարներում սպիտակն իշխող գույն էր, ամենից շատ սիրում էր սպիտակը։ Սպիտակ ներկ շատ էր օգտագործում։ Կարոտում էր ճերմակի անաղարտությանը, որ պակասում էր պատերազմի ավերմունքներից աղճատված կյանքում։ Նկարը, որով մասնակցեց երևանյան ցուցահանդեսին, նույնպես սպիտակ գույնով էր արված։ Հղացումը և անունը ծնվել էին միանգամից՝ «Սպիտակ երազ»։ Կտավում գառն էր, երեխան՝ նվագարանը ձեռքին, ճանապարհը, որ տանում էր եկեղեցի, գերանդին ավերումի, մահվան վտանգն էր՝ միշտ կախված երեխայի գլխին։ «Սպիտակ երազը» Շուշին էր՝ պատերազմի ու խաղաղության, լույսի ու խավարի, չարի ու բարու խաչուղիներում…
Ամեն տարի մայիսի 9-ին, զոհված ազատամարտիկների մայրերի հետ, այցելում էի Շուշի՝ մասնակցելու տոնական հանդիսությանը։ 1998-ի մայիսին կրկին այնտեղ էի։ Խաղաղություն էր, այլևս Շուշիի գլխին մահաբեր ռումբեր չէին տեղում, բայց այն անխոտոր լավատեսությունը, որ կար պատերազմի ժամանակ մարդկանց հոգիներում, մի տեսակ նահանջել էր, տեղը զիջել խաղաղ կյանքի հոգսերին։ Երբ Սասունիկի հետ այցելեցինք պատկերասրահ, նույն հոգսաշատ երանգն զգացի նաև Հովիկ Գասպարյանի խոսքերում.
-Երբ հիմնում էինք պատկերասրահը, բոլորիս երազանքը Շուշիի ապագան էր,- ասաց նա,- այսօր, սակայն, պատերազմի սկզբի միասնությունը, նվիրվածությունը չկա։ Շատերն աշխատանք չունեն, դրանից խախտվում, գունատվում են մարդկային փոխհարաբերությունները։ Շուշիի նկարիչն ինչպե՞ս ապահովի իր ընտանիքի ապրուստը։ Նկարելով չես ապրի։ Վրձնի փոխարեն բահն եմ վերցնում, հող մշակում, կարտոֆիլ, լոբի աճեցնում, պտղատու ծառեր տնկում։ Հաց եմ թխում, այդպես ավելի էժան է։
Ասաց ու ժպտաց.
– Ամենակարևորը՝ խաղաղություն լինի, մնայուն, հաստատուն խաղաղություն։
Պատկերասրահի նկարները՝ յուրաքանչյուրն իր հեղինակի արտահայտչամիջոցների ուրույն վրձնագրով, Հովիկ Գասպարյանի՝ հայոց հոգևոր քաղաքի պատմամշակութային կյանքի ծաղկումի ու անկման ժամանակների մասին պատմությունները, թարմ ներկաբույրով ներծծված օդը, անցյալի վկա հին իրերը, որ թվում էր՝ շնչավոր, ոգի ունեցող էակներ են, հեռավոր, անիրական թվացող ժամանակների կարոտներ էին արթնացնում։ Չզգացինք՝ ինչպես արևն անցավ բակից այն կողմ, ու Շուշին նուրբ շղարշ գցեց իր տառապած ուսերին։ Խորհրդավոր մի օր անդարձ անցյալ դարձավ, ու մենք ակամա հրաժեշտ տվեցինք այգեպան, հացթուխ, նկարիչ Հովիկ Գասպարյանին, ով մանկան պարզ ու սիրով լի հայացքով է նայում աշխարհին և ամենից շատ սիրում է սպիտակ գույնը, ճերմակը, որ խորհրդանշում է հայոց ոգու քաղաք Շուշին։
Փողոցի վերջում հետ նայեցի։ Թեև նոր էինք հեռացել, բայց արդեն կարոտել էի պատկերասրահին, որտեղից կարևոր մի գաղտնիք կար, որ թերևս հայտնի էր միայն Ամենափրկչին…
…Վաղ առավոտյան ավտոբուսով իջնելու էի Ստեփանակերտ՝ հանդիպելու դերասանուհի Սվետա Թովմասյանին։ Պատերազմի օրհասական շրջանում նա խրամատներում ներկայացումներից դրվագներ է խաղացել՝ մարտիկներին ոգևորելու համար։ Դերասանուհու երազանքն էր խաղալ Մարի Ստյուարտ՝ ողբերգական մի կերպար։ Շոտլանդիայի թագուհի Մարի Ստյուարտը, որ հավակնում էր Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 1-ին թագուհու գահին, դժբախտ վախճան ունեցավ։ Եղիսաբեթի հրամանով նա 18 տարի բանտարկված մնաց Անգլիայի տարբեր ամրոցներում, 1586 թ. կասկածվեց Եղիսաբեթի սպանության պայմանավորվածության համար և մեկ տարի անց գլխատվեց Ֆոթերինգեյ ամրոցում։ Գուցե ապագայում երիտասարդ մի դերասանուհի երազի խաղալ պատերազմի խրամատներում հայ ռազմիկներին ուժ ու կորով պարգևող դերասանուհի Սվետա Թովմասյանի կերպարը, որ այդպես էլ երևի չի խաղա իր Մարի Ստուարտը…
(շարունակելի)
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում