Այս տարի մեծ է Սիրիայից եկող հայ դիմորդների հոսքը
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետությունում ուսում ստանալու համար կրթության եւ գիտության նախարարություն դիմում է ներկայացրել 100-ից ավելի սփյուռքահայ ուսանող: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարության միջազգային կապերի բաժնի աշխատակից Նարեկ Գրիգորյանը, սփյուռքահայ ուսանողներից շատերը նախընտրում են Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: «Սփյուռքահայեր ունենք Վրաստանից, Ռուսաստա նից, Դանիայից, ԱՄՆ-ից: Վիճակագրության համաձայն’ այն դիմումների ծավալը, որը ստացել ենք, այս մի քանի օրվա ընթացքում, մոտ են անցյալ տարվա ցուցանիշներին»,-ասաց նա:
Գրիգորյանի խոսքով’ սփյուռքահայերի մեջ սիրիահայերը կազմում են 20-25 տոկոսը: «Անցյալ տարվա համեմատ, այս տարի ավելի բարձր է Սիրիայից եկող հայ դիմորդների հոսքը: Դա հիմնականում կապված է Սիրիայից Հայաստան սիրիահայերի հոսքի հետ»,-ասաց նա:
Հուլիսի 9-ից սկսվել է նաեւ օտարերկրյա դիմորդների ընդունելությունը: Հայաստան են գալիս ուսում ստանալու Հունաստանից, Հնդկաստանից եւ այլ պետություններից: «Մեզ արդեն 10 դիմորդ է դիմել: Մի քանի դիմորդների փաստաթղթերի հետ կապված էլ խնդիրներ են առաջացել եւ նրանք հետ են գնացել ուղղումներ անելու»,-ասաց Գրիգորյանը:
Նա նշեց, որ օտարերկյա ուսանողները հայաստանյան բուհերից նախընտրում են Բրյուսով 2-ը, Բժշկական, Տնտեսագիտական համալսարանները: «Բրյուսովում օտարերկյա ուսանողները լեզվաբանություն են փորձում ուսումնասիրել, Ճարտատարգիտական համալսարանում նախընտրում են ճարտարագիտություն եւ դիզայն բաժինը, Կոնսերվատորիայում’ վոկալ, Տնտեսագիտական համալսարանում’ ֆինանսներ բաժինը»,-ասաց Գրիգորյանը:
ԿԳՆ Միջազգային բաժնի աշխատակիցը նշեց, որ սփյուռքահայ եւ օտարերկյա դիմորդները բակալավր ընդունվելու համար պետք է դիմեն մինչեւ օգոստոսի 20-ը: «Օգոստոսի 20-ից հետո յուրաքանչյուր բուհում ստուգում են դիմորդների գիտելիքները եւ դրա հիման վրա որոշում են կայացնում դիմորդին ընդունել առաջին, թե նախապատրաստական «զրո» կուրս: Մագիստրատուրայի համար օտարերկյա դիմորդները քննություններ չեն հանձնում»,-հավելեց նա:
Օտարերկրացիների ուսումը հայաստանյան բուհերում միայն վճարովի հիմունքներով է: Վարձավճարն էլ ավելի թանկ է, քան Հայաստանի եւ սփյուռքահայ ուսանողների համար է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում