Իսպանացի պատգամավորը աշխարհին կոչ է արել կանխել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող նոր ցեղասպանությունը (տեսանյութ)

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն միջազգային հանրությանը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել` կանխելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախում իրականացվող նոր ցեղասպանությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ինյառիտուն ասել է Ստեփանակերտում նկարահանված իր տեսաուղերձում:
«Հենց հիմա մենք գտնվում ենք Ստեփանակերտի հոսպիտալի դիմաց: Այս շաբաթ այն թիրախավորվել է, թիրախավորվել են քաղաքացիական անձինք, թիրախավորվել ենքաղաքացիական ենթակառուցվածքները: Միջազգային հանրությունը պետք է շտապ քայլեր ձեռնարկի, որպեսզի կանխի Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանության իրականացումը»,- նշել է Ինյառիտուն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում