Գոյապայքար՝ covid-19-ի եւ դաժան պատերազմի միջեւ

Գոյապայքար՝ covid-19-ի եւ դաժան պատերազմի միջեւ

Ճանաչված կինովավերագրող Արման Երիցյանը սկսել է նոր ֆիլմի նկարահանումները

Տարածված կարծիք կա, թե կինովավերագրողի աշխատանքը հրաշալի է, հետաքրքիր. տեսախցիկը նրան թույլ է տալիս ճամփորդել, ծանոթանալ տարբեր մարդկանց հետ, նույնիսկ խորանալ մարդկանց կյանքի մեջ, հետո այդ ամենը տեղափոխել էկրան։ Բայց այս ամենը՝ առաջին հայացքից։ Իրականում, ինչպես «Առավոտի» զրուցակիցն է հավաստիացնում, դա շատ նուրբ աշխատանք է։ Իսկ մեր զրուցակիցը կինովավերագրող Արման Երիցյանն է, որի աշխատանքները, այդ թվում՝ «Բաց երկնքի տակ», «Ողջույն, Ֆելլինի» եւ այլն, հաջողություններ են գրանցել միջազգային տարբեր փառատոներում։

Կինովավերագրողի գործունեության մասին ռեժիսորն իր տեսակետն ունի. «Պետք է որսորդի պես համբերատար լինել։ Վավերագրական ֆիլմերում ռեժիսորի մասնագիտական առաջին կոչումը համբերատարությունն է։ Եթե համբերատար չեղար՝ ոչնչի չես հասնի։ Պետք է նաեւ աննկատ լինես, համբերես այնքան, մինչեւ նրանք (նկատի ունի հերոսներին) կբացվեն, քեզ կվստահեն իրենց գաղտնիքները»։

Հիշեցրինք, որ մի առիթով հենց ինքն է ասել, որ կինոռեժիսորն էլ ազնիվ պետք է լինի եւ հերոսների բոլոր գաղտնիքները չհրապարակի, չէ՞ որ վավերագրական ֆիլմը ենթադրում է հենց իրադարձությունների կամ անձնական կյանքի բաց փակագծեր։ Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Եթե ես գտնվում եմ հերոսի անձնական տիրույթում եւ նա վստահում է իր կյանքի ամենանուրբ պահերը կամ դիպվածները, պետք է բարոյականություն ունենաս եւ չհրապարակես այն, ինչը նա չէր ցանկանա հանրայնացնել»։

Արման Երիցյանին հանդիպեցինք Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում աշխատանքի պահին, որտեղ թատրոնի աշխատակազմը քողարկիչ ցանցեր էր գործում տավիղի հնչյունների ուղեկցությամբ։ Տեղեկացանք, որ Արցախում նկարահանումներից վերադարձած կինոռեժիսորի նոր ֆիլմի համար, որը դեռեւս կրում է «Պատերազմ երկու թիկունքով» աշխատանքային վերնագիրը, անհրաժեշտ են նաեւ թիկունքում արված կադրեր։ Հարցին՝ ինչո՞ւ երկու թիկունքով, մեր զրուցակիցը հակիրճ պատասխանեց. «Որովհետեւ ֆիլմը միաժամանակ covid 19-ի եւ դաժան պատերազմի միջեւ հայտնված ժողովրդի գոյապայքարի մասին է»։

Զրույցի ընթացքում անդրադարձանք ռուսաստանյան TV-ներով հեռարձակվող նրա «Ինչով կարող է հպարտանալ Ռուսաստանը» մշակութային ֆիլմաշարին, որտեղ հանդիպել ենք նաեւ հայազգի, օրինակ՝ կրկեսի ճանաչված արտիստների Բաղդասարով գերդաստանին։ Մեր զրուցակիցը փոքրիկ ուղղում արեց, նշելով, որ դա ոչ թե ֆիլմաշար է, այլ սոցիալական հոլովակներ, ապա տեղեկացրեց, որ մինչ այդ աշխատանքը Երեւանում իրականացրել է նման շարք՝ մշակույթի հայ ճանաչված գործիչների մասին, այդ թվում՝ նկարիչ Հակոբ Հակոբյան, ջութակի վարպետ Մարտին Երիցյան, տիկնիկագործ Մարիամ Խարազյան, անիմատոր Ռուբեն Սահակյանց եւ այլն։

Որպեսզի չխանգարենք նկարահանումներին, ռեժիսորին ընդամենը մեկ-երկու հարց ուղղեցինք։ Հետաքրքրվեցինք, թե երբ պատրաստ կլինի ֆիլմը եւ, իհարկե, ընդունելով, որ պատերազմական այս օրերին խոսել ֆիլմի բյուջեի կամ հովանավորների մասին՝ անպատեհ է, այնուամենայնիվ, հարցրինք այդ մասին։ «Ֆիլմը արտադրում է իմ հիմնած «Երից» պրոդաքշընը, այս պահին մեկ-երկու աջակից ունեմ՝ «Եվրասիա» հիմնադրամը եւ «Անտարես» հոլդինգը։ Վստահ եմ, որ առաջիկայում մեր շուրջը կհավաքվեն շատերը։ Ֆիլմը պատրաստ կլինի մի քանի ամսից»,- պատասխանեց Արման Երիցյանը։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում