Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Թբիլիսիում
Նմանատիպ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 17-ին պաշտոնական այցով մեկնել է Թբիլիսի: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ այլ պաշտոնատար անձինք: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում Սեյրան Օհանյան ը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ: Բարձրաստիճան հյուրի ընդունելության հանդիսավոր արարողությունը կայացել է Վրաստանի պաշտպանության նախարարությունում: Պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտպանության նախարարների առանձնազրույցը:
Հանդիպմանը հաջորդած համատեղ մամլո ասուլիսում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները Վրաստանի կառավարության համար առաջնային են և կարեւոր նշանակություն ունեն տարածաշրջանային անվտանգության ապահովման համար:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի պաշտպանության նախարարին’ մեր հրավերն ընդունելու համար: Ցանկանում եմ հատկապես ընդգծել այն պատմական, բարեկամական եւ եղբայրական հարաբերությունները, որոնք կապում են հայ եւ վրացի ժողովուրդներին: Այսօրվա հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ համագործակցությունը եւ պայմանավորվել ենք, որ այն կընթանա ըստ ծրագրի, որն ընդունել ենք 2013թ: Խոսել ենք նաեւ այն առաջնահերթությունների մասին, որոնք կնշանավորվեն մեր երկրներում 2014թ.-ին: Ցանկանում եմ հատկապես շեշտել, որ հայ-վրացական հարաբերություն ները մեր կառավարության համար առաջնային են: Դրանք կարեւոր դեր են խաղում նաեւ տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում»,-հայտարարել է Իրակլի Ալասանիան:
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր հերթին հայտնել է, որ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգության խնդիրները. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Վրաստանի հետ հարաբերություններին, քանի որ մեր երկրները կապված են պատմական և բազմադարյան բարեկամությամբ: Կարծում եմ, որ այդ հիմքերը մեզ համար որոշակի ազդակ կլինեն’ պաշտպանական ոլորտում մեր հարաբերությունների զարգացման մեջ»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը: Նախարարը ընդգծել է նաև, որ 2011թ.-ից Վրաստանի և Հայաստանի միջև պաշտպանական ոլորտում համագործակ? ?ությունը զարգանում է դինամիկ: Այն նախատեսում է փորձի փոխանակում զինծառայողների պատրաստման և ռազմական կրթության ոլորտում:
Այցի շրջանակում տեղի է ունեցել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Հանդիպմանը դիտարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության ռազմավարությունը: Լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը նշել է, որ երկու երկրների պաշտպանության նախարարությունները ծրագրում են համագործակցել ռազմավարական պլանավորման, խաղաղապահ առաքելությունների պատրաստման, փորձի փոխանակման ուղղություններով:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության անդամները Հերոսների Հրապարակում հարգանքի տուրք են մատուցել զոհված հերոսների հիշատակին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում