Ռուս խաղաղապահները մտել են Ստեփանակերտ

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուս խաղաղապահները մուտք են գործել Ստեփանակերտ: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նա նշել է, որ այսօր ռուսական խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումներն «սկսել են կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի և ռազմական գործողությունների մոնիտորինգի խնդիրները: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»:
«15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահ գումարտակը, երթ կատարելով, ժամը 17.00-ին մտել է Ստեփանակերտ քաղաք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելացվում է, որ 10 դիտակետ է տեղակայվել Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի շփման գծի երկայնքով:
«Խաղաղապահ բրիգադի առաջավոր ստորաբաժանումները շարժվել են Գորիսի, Սուսի, Գեյթալայի, Լիսոգորի ուղղությամբ, Շուշիի հարավ-արևմտյան ծայրամասերով և սկսել են չորս դիտակետ տեղակայել հարավային պատասխանատվության տարածքում», – ասել է Կոնաշենկովը:
«Խաղաղապահ զորամիավորումների ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում, Լաչինի ճանապարհի հատվածում՝ Լիսոգորսկի շրջանում և վեց ժամանակավոր դիտակետեր են տեղադրել», – նշել է Կոնաշենկովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում