«Դա պարտավորություն է, որը ստանձնել է հայկական կողմը». Պեսկով

«Դա պարտավորություն է, որը ստանձնել է հայկական կողմը». Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՂարաբաղի շրջանները Ադրբեջանին փոխանցելու գործընթացում ռուս խաղաղապահների մասնակցության վերաբերյալ հարցերը պետք է ուղղվեն հրամանատարությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մասնավորապես Քարվաճառի շրջանի հանձնման վերաբերյալ հարցին ի պատասխան Պեսկովն ասել է. «Այս շրջանի փոխանցումը նախատեսված է Պուտինի, Ալիևի և Փաշինյանի կողմից ստորագրված համատեղ հայտարարությամբ: Դա հայկական կողմի ստանձնած պարտավորությունն է: Ինչ վերաբերում է այս գործընթացում ռուս խաղաղապահների անմիջական մասնակցությանը, ես չեմ կարող ձեզ պատասխանել: Ավելի լավ է այդպիսի հարցեր ուղղել հրամանատարությանը, երբ դա վերաբերում է այնտեղ գործող մեր խաղաղապահների նման կիրառական մանրամասներին»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում