Շուշի՝ սպիտակ երազ
Նմանատիպ
ԾՆԿԻ ՉԵԿԱԾ ՀԱՅԸ
Երբ տուն վերադարձա, Սասունիկին հարցրի, թե ով է ճամփաբաժանում կանգնած ծերունու ակնարկած Ջաբին։ Նա ժպտաց ու հեռախոսահամար հավաքեց։ Այդ տարիներին Շուշիում հեռախոսակապը գործում էր անթերի։ Իրեն բնորոշ անմիջականությամբ, շուշվա բարբառով Սասունիկը ջերմ զրույցի բռնվեց հեռախոսի այն ծայրում գտնվող կնոջ հետ, որը Ջաբիի կինն էր։ Հայտնեց իմ մասին, և որ ես շատ եմ ուզում ծանոթանալ Ջաբիի հետ։ Ռոմելան հրավիրեց հաջորդ օրը կեսօրին հյուր լինել իրենց։
Ծանոթության ձեռքսեղմումից անմիջապես հետո փոքրամարմին, ժիր, անհանգիստ երևույթով տղամարդուն հարցրի.
-Ինչու՞ Ջաբի։
-Իսկական անունս Յուրա է, Յուրա Իշխանյանն եմ։ Ջաբի ինձ կոչել են ինը տարեկան հասակում՝ արցախցիների սիրելի ֆուտբոլիստ Սուրիկ Ջաբիյանի պատվին։
Ռոմելան սեղանին դրեց մեծ ափսեով տաք ժենգյալով հացերը։ Ջաբին սկսեց պատմել բանտերում կրած տառապանքների ոդիսականը։ Զավեշտալի, անգամ ոգեշունչ երանգով էր ներկայացնում գլխին եկածը, բայց այդ խոսքերի տակ սքողված անմարդկային տանջանքների մեծ ցավ ու կսկիծ կար։ Արագ սղագրում էի նրա ասածները՝ շուրթերիս նյարդային սեղմումով թաքցնելով հոգիս համակած դառնությունը։
1988 թ. փետրվարի 20. նախորդ օրերի հանրահավաքների կայացրած վճիռներով, ժողովրդական պատգամավորների շրջանային չորս խորհուրդների, որոշ կուսշրջկոմների պլենումների նիստերում ընդունված որոշումներով՝ պահանջվում էր հրավիրել մարզխորհրդի արտահերթ նստաշրջան՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմից հանելու և Հայատանին միացնելու որոշում կայացնելու համար։ Ադրբեջանի ղեկավարներն ու Մոսկվայի ներկայացուցիչները կարգադրում են փակել շրջաններից Ստեփանակերտ տանող ճանապարհները, որպեսզի պատգամավորները չկարողանան հասնել քաղաք, մարզխորհրդի նստաշրջանը տապալվի։ Բայց շրջանների պատգամավորներից ոմանք արդեն Ստեփանակերտում էին, մյուսներն էլ քաղաք էին հասել լեռնային արահետներով, անտառներով։ Ժամը 16-ի փոխարեն նստաշրջանն սկսվում է ժամը 20-ին՝ մարզխորհրդի 149 պատգամավորներից 110-ի ներկայությամբ։ Բաղիրովն ու Կևորկովը կրկին փորձեր են անում ձախողելու նստաշրջանը, բայց չի հաջողվում։ Եվ Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը, լսելով ու քննարկելով ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի պատգամավորների ելույթները՝ Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին դիմելու ՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ մտցնելու մասին, որոշում է կայացնում.
«Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորության ցանկություններին՝ խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին ու Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին ՝ խոր գիտակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի նկատմամբ և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տանելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առաջ՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմին տալու հարցը դրականորեն լուծելու համար։ 1988 թ. փետրվարի 20. Ստեփանակերտ»։
Փետրվարի 21-ին Արցախից Երևան է հասցվում «Լեռնային Ղարաբաղ» թերթում հրապարակված որոշումը՝ այն ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին հասցնելու համար՝ հուսալով Հայաստանի ղեկավարության աջակցությունը։ Պատասխան չի լինում, որովհետև դրական պատասխանը լինելու էր Դեմիրճյանի պաշտոնավարման ավարտը։
…Փետրվարի 22-ին Ստեփանակերտում դարձյալ հանրահավաք էր։ Կրկին հնչում էին ադրբեջանական բռնության լուծը թոթափելու կոչեր։ Հրապարակն ասես շիկացել էր մարդկանց սրտերի լարումից։
Այդ օրը Ջաբին Ասկերանի իր «վետերոկում» զբաղված էր խաշ եփելով։
-Հանկարծ լուր տվեցին, որ Աղդամի կողմից թուրքերի գազազած ամբոխը հարձակվել է Ասկերանի վրա։ Գնամ, տեսնեմ ի՜նչ՝ դրանք նավթի բազայի կողմից վազելով գալիս, քար ու փայտով խփում են մեր միլիցիոներներին։ Հետ եկա, բաքվեցի Վալոդի հրացանը վերցրի, մի կերպ փամփուշտ ճարեցի, լցրի ու կրակեցի վազող ամբոխի կողմը։ Կրակոցի վրա թուրքերն սկսեցին փախչել։ Խանաբադ, Բադարա, Խրամորթ գյուղերից մարդիկ գալիս, լցվում էին մայրուղի։ Ստեփանակերտի ճանապարհը փակ էր, մարդ չէին թողնում անցնի։ Կամրջի մի ծայրին հայերն էին, մյուսում՝ թուրքերը։ Ասկերանի գործկոմի նախագահ Վիլեն Քոչարյանն ինձ տեսնելով՝ ասաց. «Մի կերպ հասիր Ստեփանակերտ, օգնություն բեր»։ Ես ու Յուրան նստեցինք մեքենա, մի կերպ հասանք Ստեփանակերտ։ Ռուսական զորքը ժողովրդին հրապարակից հանել էր։ Ձայնեցի. «Ժողովու՜րդ, հասե՛ք Ասկերան, ով ինչով կարող է՝ պաշտպանե՛ք»։ Թուրքը հարձակվել էր առավոտյան 9-ն անց կեսին, Ստեփանակերտի ժողովուրդն Ասկերան հասավ երեկոյան 5-ին։ Մինչ այդ ռուսները զինվորներ էին բերել, ու թուրքերը փախել էին։ Լուր էր տարածվել, թե մեկը սպանվել է։ Միլիցիան մեզ կանչեց, թե՝ ով թուրքին սպանել է, թող ասի։ Ամեն առավոտ Ասկերանի միլպետ Վոլոդյան ինձ կանչում, համոզում էր. «Արի՛, վրադ առ, քանի դեռ մենք ենք ղեկավարը, ինքնապաշտպանություն կձևակերպենք, քիչ կնստես»։ Հրաժարվում էի։ Դրսում էլ ժողովուրդը միացում էր գոչում ու ինձ պաշտպանում։ Այս վիճակը շարունակվեց մեկ ամիս։ Բողոքում էին, թե Ջաբին հրաժարվում է։ Մոսկվայից էլ ԽՍՀՄ դատախազի տեղակալ Կատուսևը հաղորդում էր, թե Ասկերանի վրա հարձակման երկու թուրք կազմակերպիչներին բռնել ենք, հայը մնացել է։ Անձամբ եկավ Ասկերան, պահանջեց. «Ընդունի՛ր, որ դու ես արել»։ Կարդում եմ. «Ձերբակալելու թույլտվություն», տակը՝ «Կանխամտածված սպանություն»։ Հրաժարվում եմ ստորագրել։ Ստորագրեմ՝ գնդակահարություն է։ Հրամայել էր. «Կալանավորե՛ք, տարեք Աղդամ»։ Որպեսզի ժողովուրդը գլխի չընկնի, ինձ նստեցրին ծառայողական մեքենա ու տարան Աղդամ։ Այնտեղի միլպետն ինձ ճանաչում էր, իմ վետերոկում հաց էր կերել։ Դրսում թուրքերն իրարանցում էին դրել՝ Ջաբուն բերե՜լ են։ Պահանջում էին հրապարակում վառել։ Որպեսզի ինձ չսպանեն, Կատուսևի հրամանով միլպետը ցեմենտատարի բերանը բացեց, ինձ գցեց մեջը։ Այդ վիճակում ինձ հասցրին Բարդայի բերդը։ Մարդու նման չեմ, ցեմենտապատ ինչ-որ գորշ արարած։ Ապրիլի 27-ն էր արդեն, սառը ջրով լողանում եմ, շորերս լվանում։ Ցուրտ է, դողում եմ։ Մատնահետքերս վերցնում են, ամեն դիրքով նկարում, կրկին գցում խուցը։ Երկու օրից հրաման եկավ՝ տանել Բաքու։ Հաջորդ առավոտ սև «Վորոն»-ով ինձ տարան Բաքվի Բայիլովի բերդը։ Է՛ն տեսակ տեղ գցեցին, որ շունչս կտրվում էր, ո՛չ հաց, ո՛չ ջուր։ Ընդհանուր խուց էր, դուռը՝ բաց, առջևով ջուր էր հոսում, դեմը՝ ճանապարհ… Մտածեցի` «դուռը բաց են թողել, որ փախչեմ, ետևիցս խփեն»։ Եկավ մի ավագ լեյտենանտ։ Ոնց որ պատկեր լիներ, իսկի թուրքի նման չէր։ Մի բաժակ ջուր ուզեցի։ Ինձ ազգ հայհոյեց։ Հասկացա, որ ճիշտ եմ արել՝ չեմ փախել։ Երեք հոգով ինձ տարան։ Նոր տեղը ԿՊԶ չէր, ավելի լուրջ տեղ էր երևում։ Եռադարպասները որ անցանք, հասկացա, որ մահվան դատապարտվածների խուցն է։ Երկաթե դարպասով ով անցնում էր, թքում էր վրաս, հայհոյում։ Իրենք՝ ինձ, ես՝ իրենց։ Վեցերորդ օրն էր՝ ո՛չ հաց, ո՛չ ջուր։ Ածելին դրել էին, որ ինքնասպան լինեմ։ Տեսան գիշերը բան չի պատահել, ածելին վերցրին։
…Ձեռնաշղթաս գցած իր ձեռքին՝ թուրքը տանում է ինձ։ Մայոր է։ Ավտոբուսում երեխայի հետ մի կնոջ տեղից հանում են, որ մենք նստենք։ Հանկարծ մեկը ետևից դիպչում է ուսիս։ Թուրքը չի թողնում շրջվեմ։ Հարցնում եմ՝ ո՞վ ես։ Ասում է. «Քո քեռի Սլավիկի ընկերն եմ,- ոչ ոք տեղդ չգիտի, ամբողջ ժողովուրդը միտինգ է անում, որ քեզ գտնեն»։
Ինձ տանում են Մոսկվա։ Տեղ ենք հասնում։ Մեկ էլ լսում եմ. «Ինքնաթիռի ուղևորներին խնդրում ենք դուրս չգալ, առանձնահատուկ կարևոր հանցագործ ենք տանում»։ Մտքովս չի անցնում, որ խոսքն իմ մասին է։
Ինձ խցկեցին մի մեքենա, թուրքն էլ նստեց կողքս։ Տանում են մի տեղ։ Գալիս է բժիշկը՝ «ականջակալներով» շնչառությունս լսելու։ Շատ թույլ եմ, օրերով հաց չեմ կերել։ Ասում է՝ շնչիր։ Շնչում եմ։ Ասում է. «Ցուլի պես առողջ է»։ Շորերս հանում են, ինձ գցում մի տեղ։ Հենց էդ պահին ջուրը շփալեն լցվում է գլխիս։ Անկողինս խոնավ է, պատից ջուր է կաթում։ Ծածկոց, ներքնակ վերցնում եմ, որ տեղս փոխեմ, ուժս չի պատում, ընկնում եմ։ Ո՛չ շարժվել եմ կարողանում, ո՛չ խոսել, ոնց որ մեռած։ Պառկում եմ ուրիշի տեղում, իմը բացելու ուժ չունեմ։ Տեսողությունս նվազել է, մարդիկ աչքիս պղտոր են երևում։ Այդ վիճակում անգամ շատ ուրախ եմ, որ Բաքվից Ռուսաստան եմ ընկել։
Տարան խուց։ Մի պատառ քնեցի։ Առավոտյան մի-մի կտոր շաքար ու սև հաց տվեցին։ Ինձ մեղադրանք է առաջադրված ադրբեջանական օրենսգրքի 95-րդ հոդվածով, որով գնդակահարություն է հասնում։ Բանտախցի ընկերներս պաշտոնով մարդիկ են։ Մեջների անգրագետը ես եմ, բայց ինձնից վախենում են։ Գիշերը փռշտում եմ՝ վեր են թռնում։ Առավոտյան մեկ ժամ զբոսանքի են հանում։ Արդեն երեք ամիս է, որ Բուտիրկայի բանտում եմ։
Մի օր եկան, ասացին.
-Իշխանյա՛ն, իրերդ վերցրու։
Կրկին ինձ տարան Բաքու, այնտեղից՝ Եվլախի բանտ։ Լարված դրություն է։ ճանապարհները քարերով այնպես են փակել, որ ոչ հայ անցնի, որ թուրք։ Արդեն հուլիսի 8-ն է։ Ինձ բերում-գցում են Շուշվա բերդը։ Խցում երեք հոգի ենք։ Մի հայ լեյտենանտ կա, զգուշացնում է.
-Եթե գիշերը քնես, քեզ ավտոմատով կխփեն։
Առավոտյան թուրքը դիտմամբ ռադիոյով հայկական «Դլե յաման» երգն է դրել։ Սիրտս ճմլվում է։ Վկաներին բերում են առերեսման։ Շահեն է՝ դատախազի թուրք օգնականը։ Նրանք են գրել, արձանագրություն կազմել։ Տեսքս խղճալի է, 30 կգ նիհարել եմ, 90 կգ քաշիցս 60-ն է մնացել։ Շահեն խոսում է, ես ասում եմ՝ ո՛չ։ Փորձում են համոզել.
-Հանձն առ, որ դու ես արել, բաց կթողնենք։
Հրաժարվում եմ։ Քննչական խմբի ղեկավար Մայդանյուկն ասում է.
-Հինգ հայ կբերեմ, եթե մեկն ասի, որ դու ես արել, քեզ կգնդակահարենք։
Ասում եմ.
-Որ ինձ սպանես, դիակս մերոնց տուր՝ հողին հանձնեն։ Մինչև չթաղեն, չեն հանգստանա։
Ձայնի երանգը փոխվեց։ Նստեց, սկսեց գրել։ Գրեց, գրեց, հետո դարձավ ինձ.
-Հավատու՞մ ես ինձ։
Վերցրի, առանց կարդալու ստորագրեցի։ Ինքն սկսեց կարդալ, որ թուրքերը գազանաբար հարձակվել են հայերի վրա, որ տեղի է ունեցել ազգային խժդժություն…
Իսկ Արցախում ցույցեր են, նստաշրջան։ Կինս՝ Ռոմելան, դիմել է ամեն տեղ, բողոքել, արդարություն պահանջել։ Լոս Անջելեսում հայերը ցույցեր են անում, Մոսկվայում՝ նույնպես։ Թուրքերն ինձ բռնողին երկու միլիոն փող են խոստացել։ Դա այն ժամանակ, երբ ռուսը հարյուր մանեթի համար էր հայ բռնում, հանձնում թուրքին։ Այդպես Մայդանյուկն ինձ ազատ արձակեց։ Ազատեց ու ինքը դուրս եկավ ծառայությունից։ Վախենում էր, որ Կատուսևն իրեն խփի։
Ինձ տեղափոխեցին Երևան՝ բուժվելու։
1988-ի երկրաշարժը դեռ չէր եղել։ Սկսեցի ջոկատ կազմել։ Մասնակցեցինք Կրկժանի առաջին մարտերին։ Ասկերանի ամենավտանգավոր՝ «Լաչին Ղոյ» պահակակետն էինք պահում։ Ինչ դժվար տեղ եղել է՝ հասել ենք։ Տղաս՝ Ժիրայրը, 13 տարեկանից կողքիս կռվել է։ Մարտակերտում նեղ կամուրջ կար, զրահամեքենան չկարողացավ անցնել, Ժիկոս, որ արդեն 15 տարեկան էր, իր տանկով անցավ։ Շուշիի պարետ եմ եղել, հետո՝ վաշտի հրամանատար։ Մասնակցել եմ Լաչինի, Ղուբաթլուի, Քարվաճառի մարտերին։ Կռիվը որ ավարտվեց, ինձ պահեստազոր արձակեցին։
Ջաբին լռեց։ Դեմքով մռայլ ստվերներ, ժպիտի ծվեններ սահեցին-անցան։ Ի՞նչ էր վերհիշում՝ նվաստացումների վիրավորանքը, հաղթանակի ուրախությունը…
Արդեն մթնշաղ էր, որ Սասունիկի հետ հրաժեշտ տվեցինք Ջաբիին ու Ռոմելային՝ կրկին հանդիպելու մաղթանքով։
Ամիսներ անց Շուշիից զանգահարեց Սասունիկը.
-Տխուր բան պիտի ասեմ։ Ջաբին մահացել է…
Բադարայի, Բայիլովի, Մոսկվայի Բուտիրկայի, Եվլախի, Շուշիի բանտերում կրած տանջանք-տառապանքներն ավերել էին Ջաբիի առողջությունը, մաշել սիրտը…
Լուռ, անաղմուկ աշխարհից հեռացավ դաժան ցավեր կրած, բայց ծնկի չեկած մի հայ՝ հաղթանակի բերկրանքը սպեղանի իր վերքերին։
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱն
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում