Համո Սահյան․ Անտառում
Նմանատիպ
Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։
Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։