Ազատամարտիկների կենսաթոշակները կավելանան

ՀՀ վարչապետի հուլիսի 17-ին ազատամարտիկների հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքում տրված հանձնարարականների վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում են աշխատանքները ազատամարտիկների և նրանց ընտանիքների անդամներին տրվող սոցիալական երաշխիքների ուղղությամբ: Մասնավորապես’

1.Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, համապատասխան բժիշկ-մասնագետների կողմից տրված եզրակացության հիման վրա, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ուղեգրով կարող են ստանալ բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ’ ՀՀ ԱՍՀՆ միջոցով պետական պատվեր իրականացնող կազմակերպություններում:

2.Ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների կազմում ընդգրկված ազատամարտիկների 5092 ընտանիքներ արդեն ստացել են ավանդների փոխհատուցում: Գործող ծրագիրը 2013 թվականին ավարտվում է, 2014 թվականի պետական բյուջեով նախատեսվելիք ֆինանսական միջոցների շրջանակներում կառաջարկվի նոր ծրագիր, որի մշակման ժամանակ կքննարկվեն նաև ազատամարտիկների ընտանիքների անդամների ավանդների փոխհատուցման հետ կապված հարցերը:

3.Նախատեսվում է ավելացնել կենսաթոշակները և արտոնությունների դիմաց տրվող դրամական օգնությունները: Այսպես’ միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2014թ. սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության համար նախատեսվել է ՀՀ 2013 թվականի պետական բյուջեով նախատեսվածից 8.4 տոկոսով, 2015-16թթ’ շուրջ 24.4 տոկոսով ավելի ֆինանսական միջոցներ: Արտոնությունների դիմաց վճարվող դրամական օգնությունների համար նախատեսվել է. 2014 թվականին՝ շուրջ 9.1 մլրդ. դրամ, կամ ՀՀ 2013 թվականի պետական բյուջեով նախատեսվածից (շուրջ 8.3 մլրդ. դրամ) շուրջ 9.5 տոկոսով ավելի, 2015-2016 թվականներին՝ շուրջ 9.2 մլրդ. դրամ:

4. Հաշվի առնելով զինծառայողների աշխատավարձերի ձևավորման սկզբունքների փոփոխությունները (նախատեսվում է ներդնել աշխատավարձերի ձևավորման միասնական համակարգ)՝ աշխատանքներ են տարվում նաև զինվորական կենսաթոշակները հաշվարկելու կարգը փոփոխելու ուղղությամբ: «Նախարարությունում քննարկվում են նաև ազատամարտիկներին սոցիալական այլ երաշխիքներ տրամադրելու հարցերը, որոնք ավելի առարկայական կդառնան նրանց հաշվառման և կարգավիճակի հստակեցման աշխատանքներն ավարտելուց հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում