«Չար երազում էլ հնարավոր չէր պատկերացնել, որ Շուշիի ճակատագիրը կարող էր այսպես վճռվել». Արցախի ԿԳՄ նախարարի խորհրդական
Նմանատիպ
Aravot.am-ը Արցախի կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի մշակույթի գծով խորհրդական Մելանյա Բալայանից հետաքրքրվեց՝ ի վերջո ի՞նչ ճակատագիր է սպասվում Շուշիի թանգարաններում ամփոփված չափազանց արժեքավոր մշակութային ժառանգությանը, որը այդպես էլ մնաց Շուշիիում՝ բերդաքաղաքը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո: Հարցրինք նաեւ` արդյոք ձեռնարկվում են քայլեր՝ ժառանգությունը փրկելու համար:
Նա ասաց, որ քայլեր արվում են եւ դրանց վերաբերյալ նախարարն ավելի համապարփակ տեղեկատվություն կարող է տրամադրել: «Ես Ստեփանակերտում եմ, երեկ եմ նախարարի հետ խոսել: Նախքան այս ամենը` ես առաջարկել էի բոլոր արժեքները տեղափոխել, սակայն, ամեն բան կատարվեց այնպես, որ որեւէ մեկը չէր պատկերացնում, որ կարող է այսպիսի իրավիճակում հայտնվեինք, չար երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել, որ Շուշիի ճակատագիրը կարող էր այսպես վճռվել:
Ժամանակին ես զգուշացրել եմ, որ պետք է բոլոր արժեքները տեղափոխել ապահով վայր: Նախարարը խորհրդատվություններ է անցկացրել տնօրենների, մասնավորապես նաեւ «Շուշիի թանգարաններ ՊՈԱԿ»-ի տնօրենի հետ, որը հավաստիացրել է, թե բոլոր արժեքները փաթեթավորված են եւ ապահով վայրում են գտնվում: Համենայն դեպս` ես խորհուրդ էի տվել, քանի որ Պատմաերկրագիտական թանգարանի շենքը վթարային է, խնդրել էի միջոցներ ձեռնարկել: Ես նման խնդրանքով դիմել եմ նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, մշակույթի գծով փոխնախարարին, որոնց երախտապարտ եմ, որ միջոցներ ձեռնարկեցին երկրագիտական թանգարանի, Տիգրանակերտ ՊՈԱԿ-ի, ինչու չէ հենց Շուշիի գորգերի թանգարանի համար, որտեղ ունեինք մեծարժեք հայկական գորգեր, եւ այդ արժեքները եւս ապահով վայրեր տեղափոխվեցին: Բայց ցավոք սրտի, Շուշիի թանգարանների հետ կապված խնդիրներ ունեցանք»,-ասաց Արցախի կրթության, գիտության եւ մշակույթի նախարարի խորհրդականը:
Նա նաեւ հավելեց. «Այնուամենայնիվ լուրջ ջանքեր գործադրվում են, որպեսզի այդ արժեքները, որոնց ցուցակներն առկա են մեզ մոտ, փրկվեն: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, բավականին համաձայնություններ կան, որ դրանք ստացվելու են»:
Հարցին՝ համաձայնությունները ռուսակա՞ն կողմի հետ են, տիկին Բալայանը պատասխանեց. «Ես մանրամասներ չգիտեմ, փորձել եմ նախարարից ճշտել, ինքն ընդամենն ասել է, որ աշխատանքներ տարվում են, ինձ այդքանն է հայտնի»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ավելի վաղ ասել էր, թե պատասխանատու չէ Արցախի կառավարության եւ Արցախ կրթության, գիտության եւ մշակույթի նախարարության գործերի համար եւ առանց այն էլ իրենք շատ բան են արել, ինչի մասին առայժմ չեն ուզում բարձրաձայնել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում