Յուրաքանչյուր ընտանիքի ամսական ծախսը կավելանա մոտ 10 հազար դրամով. տնտեսագետներ

Բնական գազի և էլեկտրաէներգիայի թանկացումն իր հետևից բերել է տարբեր ապրանքների և ծառայությունների շղթայական գնաճին: Հաշվի առնելով այս հանգամանքը’ «Արմենպրես»-ը փորձեց ճշտել մի շարք ապրանքների թանկացման հետևանքները միջին վիճակագրական հայ ընտանիքի ամսական բյուջեի վրա: «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքերով’ ՀՀ-ում ցանկացած գնաճային փոփոխություն մեծ հե տևանքներ է թողնում հատկապես աղքատության շեմին մոտ կանգնած կամ դրանից ցածր պայմաններում գտնվողների համար: «Թանկացումները, որոնք միջին կամ միջինից բարձր խավի համար մեծ տարբերություն չեն առաջացնում, անպայման իրենց զգացնել են տալիս անապահով խավի դեպքում: Այս իմաստով պետք է հաշվի առնել, որ տրանսպորտի բնական գնաճը պետք է կազմեր 110 և ոչ թե 150 դրամ»,-նշեց Թաթուլ Մանասերյանը:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը գնաճը համարում է սովորական երևույթ, որը բնորոշ է շուկայական տիպի բոլոր տնտեսություններին: «Միայն պլանային տնտեսության դեպքում էր, որ հնարավոր էր լինում այս կամ այն չափով կանխել գնաճը, իսկ շուկայական տնտեսություններում միշտ էլ թանկացումները լինում են, այլ հարց է, որ մեզ մոտ դրանք թռիչքաձև են»,-հավելեց նա:

Վազգեն Սաֆարյանի հաշվարկներով’ յուրաքանչյուր ընտանիք կունենա 8-10 հազար դրամով ավելի ծախս ամսական կտրվածքով’ պայմանավորված բնական գազի և այլ ապրանքների գնաճով:

Խոսելով հայ ընտանիքների ամսական բյուջեի վրա թանկացուների թողած գնային ազդեցության մասին’ Թաթուլ Մանասերյանը նշեց. որ սոցիալական բևեռվածությունը մեզ մոտ մեծ է, այդ պատճառով, հաշվարկները կարող են լինել շատ մոտավոր: «Աղքատության շեմին և դրանից ցածր մակարդակում գտնվող ընտանիքների համար թանկացումները, մոտավորապես, 10-15 տոկոսի չափով կլինեն’ կախված նրանից, թե ինչ հաճախականությամբ են օգտվում այս կամ այն ծառայություններից և ինչ ապրանքներ են սպառում»,-ասաց տնտեսագետը: Նրա խոսքով’ բարդ են կանխատեսումները միջին և միջինից բարձր աշխատավարձ ստացողների դեպքում, քանի որ այդ պարագայում քաղաքային տրանսպորտից օգտվողների թիվն է տարբեր, կան նաև անձնական մեքենայով երթևեկողներ, տարբեր են նաև սննդի տեսականու սպառման նախընտրությունները:

Անդրադառնալով հասարակական տրանսպորտի թանկացամբ պայմանավորված հետագա զարգացումներին’ Թաթուլ Մանասերյանը հնարավոր համարեց երթուղայինների պահանջարկի նվազումը: «Քանի որ բնակչության գնողունակությունը ցածր է, և, հատկապես, այդ հատվածն է օգտվում քաղաքային տրանսպորտի ծառայություններից, այստեղ կարելի է կանխատեսել պահանջարկի անկում: Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ նրանք, ովքեր հնարավորություն ունեն որպես այլընտրանք նույն երթուղով օգտագործել մետրոն, նրանց համար շատ ավելի ձեռնտու է լինելու մետրոյով երթևեկելը»,-ասաց տնտեսագետը: Այս պայմաններում էլ որոշակիորեն կբեռնաթափվի նաև քաղաքային տրանսպորտը:

Անդրադառնալով քայլերին, որոնք պետք է ձեռնարկի կառավարությունը հնարավոր ազդեցությունները մեղմելու համար’ Թաթուլ Մանասերյանը գոհունակությամբ նշեց, որ ՀՀ գործադիր մարմինը օգտագործել է իրենց վերլուծական առաջարկը’ սպառողներին թիրախավորելու և սուբսիդավորում իրականացնելու մասով: «Անապահով ընտանիքներին սպառած գազի սակագնի դիմաց որոշակի չափով սուբսիդավորում է տրվում, ինչը շատ կարևոր է, որ այդ ընտանիքները չզգան տատանումները»,-ասաց Մանասերյանը: Նա նաև կարևորեց տնտեսության հետագա զարգացումը, որն էլ պետք է բերի գնողունակության բարձրացմանը, ինչն էլ իր հերթին կմեղմի նման թանկացումների հետևանքները:

Վազգեն Սաֆարյանի խոսքերով էլ’ կառավարությունը պետք է մոբիլիզացիոն քաղաքականություն մշակի: «Շատ կարևոր է, որ բարձրացվի տնտեսության արդյունավետությունը, արտահանումը խթանվի, բարձրացվեն աշխատավարձերն ու կենսաթոշակները, որպեսզի մարդիկ կարողանան հարմարվել գնաճին»,-ասաց Վազգեն Սաֆարյանը:

Այս ամենից զատ Վազգեն Սաֆարյանն առաջարկում է նաև այլընտրանքային էներգետիկ աղբյուրների ստեղծումը’ օրինակ բերելով Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցումը։ Նրա հավաստմամբ’ Իրանից ներկրած յուրաքանչյուր 3 խմ գազի դիմաց կարող ենք նրանց 9 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա մատակարարել: «Հայաստանի ներսում էլ բաշխիչ ցանցերին էներգիան կտրվի բավական էժան գնով, իսկ 1-2 տարի հետո դա հնարավորություն կտա հանրապետությունում նվազեցնել էլեկտրաէներգիայի գինը»,-ասաց Վազգեն Սաֆարյանը։

Հասարակական տրանսպորտի ուղեվարձը հուլիսի 20-ից Երեւանում կթանկանա 50 դրամով: Միջմարզային, միջքաղաքային երթուղիների սակագնի բարձրացման հարցը դեռեւս քննարկվում է: Տրանսպորտի եւ այլ ապրանքների թանկացման խնդիրն ի հայտ է եկել գազի սակագնի բարձրացման հետ մեկտեղ: Հուլիսի 7-ից ուժի մեջ են մտել գազի նոր սակագները’ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին 156 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար, իսկ ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին’ 276.98 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում