Թուրքիայի ռազմական ինքնաթիռները հետախուզական թռիչք են կատարում Սիրիայի սահմանին
Նմանատիպ
Թուրք-սիրիական սահմանին մի քանի օր շարունակվող լարվածության արդյունքում թուրքական ռազմական ինքնաթիռները սկսել են հետախուզական թռիչքներ կատարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Դիարբեքիրի 2-րդ օդուժի հրամանատարությունից թռիչք կատարած ռազմական ինքնաթիռները հետախուզել են Սիրիայի հետ սահմանը: Նշվում է, որ միաժամանակ օդ են բարձրացել նաև անօդաչու թռչող սարքեր: Սիրիայի հետ սահմանային շրջան են բերվել ցամաքային ուժեր և զրահատեխնիկա:
Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևի և ծայրահեղական Ջաբհար ալ-Նուսրա խմբավորումների միջև բախումները սկսվել են հուլիսի 16-ից: Այս կապակցությամբ Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես կոչ են արել իրենց երկրի քաղաքացիներին ավելի զգոն լինել և հեռու մնալ սիրիական սահմանից: Նշվում էր, թե սիրիական կողմից հնչող կրակոցները հասնում են թուրքական գյուղեր և անգամ պատճառ են դարձել մեկ թուրքի վիրավորվելուն:
Հուլիսի 17-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, թե թուրքական կողմը պատասխան կրակ է բացել Սիրիայից հնչած կրակոցների դեմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում