Նա իր իշխանությունը պահելու համար փորձ է անելու նաև Երևանում արյուն թափել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Հայաստանում մտցված ռազմական դրությունը ծառայում է մեկ նպատակի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելուն և պաշտպանելուն: Ոստիկանների, զորքի միջոցով Նիկոլ Փաշինյանը փորձում է հաստատել դիկտատուրա: Այս մասին Կառավարության դիմաց Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով եկել էր հացադուլ իրականացնող Գեղամ Մանուկյանին և Կիմ Բալայանին տեսնելու:
«Նիկոլն իր իշխանությունը պահելու համար մեր ժողովրդին մեկ անգամ ևս տանելու է նոր սադրանքների: Նա իր իշխանությունը պահելու համար փորձ է անելու նաև Երևանում արյուն թափել և իր բազմաթիվ մեղքերին ևս մեկն ավելացնել: Նա պետք է հասկանա, որ այդ ճանապարհը կործանարար կլինի ոչ միայն իր, այլև մեր պետականության համար»,- նշեց նա:
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով և՛ հացադուլը, և՛ անհնազանդության տարբեր ակցիաները պայքարի միջոց են:
«Մինչև հացադուլը մենք այնքան մեծ կորուստներ ենք ունեցել՝ հայրենիքի կորուստ, շուրջ 5000 հայ ժողովրդի հերոս զավակներ ենք կորցրել: Այսինքն՝ սա արդեն բավարար էր, որ նա գիտակցեր և հեռանար: Նրա մեկ րոպե ավելի մնալը վտանգ է մեր պետության համար, որովհետև ծնկի եկած, պարտված, ձախողակ, անհաջող ղեկավարը չի կարող այլևս պաշտպանել մեր ժողովրդին: Քանի որ նա այդ գիտակցումը չունի հեռանալու, հասարակական պահանջ պետք է ձևակերպվի և ճնշման տակ նա հեռանա: Այլ տարբերակ չկա, նա պետք է հեռանա»,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամը:
Ինչ վերաբերում է Կառավարությունում տեղի ունեցող կադրային փոփոխություններին, Իշխան Սաղաթելյանը նշեց. «Սա իր ձեռագիրն է, բնավորությունն է՝ կողքիններին զոհաբերի, ինքը փրկվի: Գլխավոր պատասխանատուն և մեղավորը ինքն է և ինքն էլ պետք է հեռանա, որպեսզի կարողանանք մեր երկիրը փրկել: Կադրեր փոխելը, իմիտացիա անելը, որ Կառավարությունն աշխատում է, չի անցնելու»:
Նոր Կառավարությունն, ըստ նրա՝ կկարողանա բանակցել Արցախի կարգավիճակի համար, ինչպես նաև կմեղմի հետպատերազմական սոցիալ-տնտեսական խնդիրները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում