Խրատներ ժամակարգության համար: Ընդհանրական և առանձնական աղոթքների և ծնրադրությունների մասին
Նմանատիպ
Աստվածասերները, նախ և առաջ, պետք է ուղղադավան հավատք ունենան՝ ըստ Սուրբ Գրքում սուրբ հայրերի կողմից գրի առնված խրատների, քանի որ բոլոր հոգևոր բարիքների հիմքը ճշմարիտ Աստծու և Քրիստոսի տնօրինության դավանությունն է, որի միջոցով փրկվեցինք մենք՝ ամենքս: Իսկ դրանից հետո միայն անհրաժեշտ է «հոգ տանել» աղոթքների մասին: Մենք էլ պարտավորված ենք, ձեր մեծափափագ խնդրանքին ի պատասխան, սուրբ և հոգեկիր մարդկանց սահմանած ճշմարտությունները ձեզ ներկայացնելու, որովհետև ավելորդ կլինի, որ ես նրանց խոսքերին հավելեմ իմ խոսքերը, սակայն, այսումենայնիվ, փորձենք համառոտաբար ներկայացնել սրբերի խոսքերը:
Պողոսը՝ ընտրյալ անոթը, հրամայում է աղոթել առանց բարկության և երկմտության՝ պարզաբանելով, որ եթե լեզուն աղոթի, իսկ հոգին անպտուղ լինի աղոթքի մեջ, մարդ որևէ օգուտ չի կարող ունենալ: Ուստի ավելի լավ է մտքով գեթ հինգ բառ ասել, քան՝ բազմաթիվ բառեր՝ լեզվով: Ինքը՝ մեր Տերն էլ է հրամայում աղոթելիս շատախոս չլինել, սակայն այդպիսով Նա շատ աղոթելը չէ, որ արգելում է, քանի որ Ինքն էլ գիշերով աղոթքի էր կանգնում Աստծու առաջ՝ մեզ խրատելով նույն կերպ վարվել: Եվ դարձյալ՝ Տերն ասում է. «Ամեն ժամ աղո՛թք արեք»: Այլ Նա արգելում է առանց մտքի՝ միայն լեզվից հնչող փուչ, մարմնական ու անցավոր «աղոթքը»:
Իսկ ահա անհնար է աղոթել սովորեցնել, եթե միայն մարդ իր փորձով չուսանի: Շատ ու շատ ջանքեր և արտասուք է անհրաժեշտ աղոթքից շնորհներ «քաղելու» համար: Քանի որ մարդը երկու տարրից է կազմված՝ հոգևոր և մարմնական, ուստի և հարկ է, որ երբ մարդ աղոթել կամենա, այդժամ մտքով դեպի Աստված բարձրանա, իսկ մարմինն էլ հովանի լինի մտքին: Երբ անտեսանելի միտքը այնտեղ՝ երկնքում, «ոտքի է կանգնում», անհրաժեշտ է, որ մարմինն էլ այստեղ ոտքի ելնի: Եվ երբ միտքը այնտեղ իր «ձեռքերը» վեր կարկառի, մարմնեղեն ձեռքերն էլ այստեղ՝ երկրի վրա պիտի վեր բարձրացվեն:
Եվ երբ միտքը խոսի երկնքում, մարմինն էլ պիտի խոսի երկրի վրա, քանի որ անհրաժեշտ է մտքի ընթացքին համահունչ շարժել մարմինը: Այդ իսկ պատճառով էլ ամեն բան, ինչ մարմինն առանց մտքի անի, շատախոսություն է և աղոթք՝ լեզվով: Եվ քանի որ Աստված անտեսանելի է, այդ պատճառով էլ Նա անտեսանելի մտքի աղոթքն է ուզում լսել: Զոր օրինակ, եթե մեկը, իշխանի առջև կանգնելով՝ իր մտքերն ի մի բերելով չխոսի, պարգևներ ստանալու փոխարեն անարգանքի կարժանանա: Ուրեմն, որքա՜ն առավել Աստծո՛ւ առաջ կանգնելով՝ պարտավոր ենք զգուշությամբ խոսել, որպեսզի պարգևների արժանանալու փոխարեն դատապարտության չենթարկվենք:
Նախ և առաջ ա՛յս իմացիր, որ, ինչպես պատմվում է Սուրբ Գրքում, Աստված մեզ առավել պահպանում է քնած ժամանակ, քան թե՝ արթնության: Ուստի երբ արթնանում ենք, Տերը մեզնից ուզում է, որ աղոթքով գոհանանք անցած գիշերվա համար, որն անվնաս անցկացրինք, իսկ առաջիկա օրվա զգուշության համար էլ դարձյալ աղոթենք՝ համաձայն Տիրոջ պատվերի, թե՝ «Աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք»:
Երբ հոգևոր շեփորը հնչում է և դու արթնանում ես, անմիջապես իսկ ինքդ քեզ կնքի՛ր Խաչի նշանով՝ մտաբերելով Ամենասուրբ Երրորդության մասին, որպեսզի չարը քեզ չգտնի ունայնության մեջ և ծուլության կամ որևէ այլ տկարության մեջ չգցի քեզ: Ուստի դու, քաջապես արիացած, զինի՛ր ինքդ քեզ: Ինչպես որ, օրինակ, երբ մարմնավոր պատերազմի փողը հնչում է, քաջերն ու պատերազմելու պատրաստ զորականները արիանում և սրտապնդվում են, իսկ թույլերն ու վախկոտները՝ հուսալքվում, տրտմում և տկարանում, ու ինչպես որ նաև քաջերն էլ ոչ թե միայն իրենք են զորանում, այլև իրենց ընկերներին են զորավիգ լինում, այս նույն կերպ էլ հոգևոր պատերազմում է, որտեղ արի ու քաջ մարտիկները ոչ թե միայն իրենք իրենց համար են օգտակար գործ անում, այլ նաև ուրիշներին էլ են օգուտ տալիս:
Իսկ աղոթքի կանգնելով՝ ասում ես. «Ի՞նչ ասեմ իմ աղոթքի մեջ»: Ոչ այլ ինչ, քան ձեռքիդ տակ ըստ կարգի գտնվող աղոթքները, քանի որ այդ բոլոր աղոթքներն էլ խորհուրդ ունեն իրենց մեջ և Սուրբ Հոգով են սահմանվել՝ հոգու և մարմնի կարիքները հոգալու համար:
Արդ, ընթացքդ սկսիր «Տե՜ր, եթե իմ շուրթերը բանաս…» ասելով և երբ «Աղոթք»-ի մասին հասնես, երեք անգամ ծնկի՛ եկ ատյանում, իսկ ապա գնա, դաս մտիր և երեք անգամ էլ այնտեղ ծնկի իջիր: Այս նույնն արա ժամերգության բոլոր աղոթքների ժամանակ, մինչև որ կարգը կավարտվի ու կասվի «Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս» խոսքը: Իսկ այն օրը, երբ պիտի գիշերակարգ կատարվի, քնից արթնանալով՝ խաչակնքվի՛ր, սակայն աղոթք մի՛ արա, այլ միայն անդադար «Տե՜ր, ողորմեա»-ն ասելով գնա՛ եկեղեցի և ջանք թափիր արտասուք հեղելու համար, իսկ երբ Աստված քեզ այդ շնորհն անի, այդժամ խոստովանի՛ր մեղքերդ և հետո միայն՝ համարձակորեն աղոթիր:
Եվ երբ սկսվի ընդհանրական աղոթքը, «Տե՜ր, եթե իմ շուրթերը բանաս…» մաղթանքից սկսած յուրաքանչյուր «փոխ»-ի ժամանակ երեք անգամ ծնկի իջիր: Երեք անգամ ծնկիր նաև «Տե՜ր, ողորմեա»-ների, յուրաքանչյուր աղոթքի և սաղմոսի յուրաքանչյուր գուբղայի, «Կանոնագլխի», «Ավագ օրհնության» ամեն տան ժամանակ, իսկ «Ալելուք»-ների և «Թագավոր հավիտյան»-ի ժամանակ այդպես մի՛ արա:
Իսկ ահա Սուրբ Գրքի ընթերցումների ժամանակ, աղաչո՜ւմ և աղաչո՜ւմ եմ քեզ, կատարելապես զգաստացի՛ր և բացի՛ր հոգուդ ականջներն ու քնի և ծուլության մի՛ մատնիր քեզ, որպեսզի անմասն չմնաս աստվածային խոսքերից կամ էլ սրբերի ճգնություններից, ինչպես, ցավոք սրտի, անում են ոմանք, որ կույր ու համր են մտքով:
Երբ «Հարցը» ասվի, ամեն տան ժամանակ ծնկի՛ իջիր, բայց «Գործատու»-ների ժամանակ՝ ո՛չ: «Մեծացուսցէ»-ի և «Ողոմեա»-յի ժամանակ ծնկի՛ եկ, սակայն «Տէր յերկնից»-ի ժամանակ՝ ո՛չ: «Փառք ի բարձունս»-ի ժամանակ մեծ երկյուղածությամբ և ջերմ սիրով լցված՝ գնա՛ դեպի ատյան, քանի որ այդ վայրում է Աստված հանապազ շնորհներ տալիս Իրենից երկյուղածներին:
Իսկ կիրակի օրվան նախորդող գիշերը անհրաժեշտ է առավել զգուշավորությամբ, հոտնկայս աղոթել: Եթե կարող ես, երեկոյան հսկումո՛վ աղոթիր, իսկ եթե ոչ՝ մի փոքր հանգստությո՛ւն տուր մարմնիդ, որպեսզի անվրդով մտքով առավոտյան Պատարագի գնաս, քանի որ կան ոմանք, որ տրտմում են, դժկամում ու հորանջում: Այդպիսիք իզուր են չարչարվում, քանի որ նրանք վարձք չեն ստանալու, որովհետև խաբեությամբ, և ոչ թե սիրով են աղոթքի կանգնում:
Սրբերից մեկն ասում է, որ կիրակի առավոտյան՝ գիշերային հսկման արձակումից հետո ինքը ատյանում տեսել է Քրիստոսին՝ փառքի աթոռին նստած ու մարդկանց պարգևներ բաժանելիս: Քրիստոս ոսկի էր տալիս նրան, ով նախորդ օրվա երեկոյից ներկա էր հսկմանը: Նրան, ով գիշերն էր միացել աղոթողներին, տալիս էր արծաթ, իսկ արդեն առավոտյան ժամին եկեղեցի այցելածներին՝ պղինձ: Իսկ ահա Պատարագի կեսից եկեղեցի ժամանածներին Քրիստոս ոչինչ չէր տալիս: Նաև՝ այդ սուրբը այս խոսքն էր ասում, թե՝ «երկյուղածությամբ աղոթողը շաբաթ օրվա հոգևոր պարգևները կիրակի օրն է ստանում»:
Եվ դարձյալ սուրբը պատմում էր, որ երբ ինքը խաչակնքվում էր, տեսնում էր, թե ինչպես է Խաչից ճառագող լույսը տարածվում օդում և ցրում խավարային գնդերը, ուստի և անհրաժեշտ է, որ մենք մեր բոլոր զգայարանները Խաչի նշանով պարսպենք:
Իսկ երբ դու առանձնական աղոթքի կանգնես, խաչակնքվի՛ր՝ ասելով. «Հա՜յր Սուրբ, Աստվա՛ծ ճշմարիտ, սրբի՛ր իմ միտքը: Որդի՜ Սուրբ, Աստվա՛ծ ճշմարիտ, սրբի՛ր իմ մարմինը: Հոգի՜ Սուրբ, Աստվա՛ծ ճշմարիտ, սրբի՛ր իմ հոգին: Ամենօրհնյալ Սո՛ւրբ Երրորդություն, սրբի՛ր իմ զգայարանները և շնորհի՛ր ինձ Քեզ հաճելի ձևով աղոթել»:
Իսկ այնուհետ էլ, «Հարց»-ից սկսած մինչև «Արևագալ», ընթերցի՛ր քարոզները՝ աղոթքներով հանդերձ, քանի որ դրանք շատ մեծ իմաստ են պարունակում իրենց մեջ: Ուստի թող քեզ ծանր չթվա այդ անելը, քանի որ եթե չափես, կես կանոնի չափ էլ չի լինի: Իսկ եթե կամենաս սաղմոս ասել, շարունակի՛ր կարդալ այն տնից, որտեղ կանգ էիր առել նախորդ գիշերային ժամերգության ժամանակ, երբ սկսվել էր «Օրհնության» երգեցողությունը:
Եվ յուրաքանչյուր գուբղայի ամեն սաղմոսո՛վ սկսիր քո պաղատանքները, քանի որ սաղմոսելն իսկապես աղոթել չի նշանակում, այլ միայն միտքը ցնորումից զերծ պահելու և ի մի բերելու նպատակով է կարդացվում: Ինչ վերաբերում է ծնրադրությանը, ապա սաղմոսներ կարդալիս և՛ս ծնրադրիր, ինչպես որ արդեն պատվիրել եմ քեզ:
Քո առանձնական աղոթքն անելիս զանց մի՛ առ նաև երրորդ ժամի ժամերգության այն սաղմոսները, քարոզներն ու աղոթքները, որոնք պահքի ժամանակ են կատարվում, այլ ամեն օր ասա՛, քանի որ դրանք մեծ խորհուրդ ունեն իրենց մեջ և քրիստոսահաստատ ավանդներ են, որ փոխանցվել են մեզ: Այս նույն կերպ ասա նաև վեցերորդ ժամի և իններորդ ժամի բոլոր սաղմոսները, քարոզներն ու աղոթքները:
Իսկ Պատարագի ժամանակ ծուլությամբ դուրս մի՛ արի եկեղեցուց, եթե ծայրահեղ դեպքեր չպատահեն, քանի որ աղոթքի բոլոր ժամերն էլ պատկառանքի են արժանի, սակայն Պատարագի ժամանակ, առավել, քան երբևէ, երկյուղածության կարիք կա, որովհետև այդ ժամանակ բաց են ողորմության դռները և հույսով ու արտասուքով խնդրողներին առատապես պարգևներ են բաժանվում: Եվ եթե քահանաները պատարագում են, դո՛ւ էլ սպասավորիր ու աղո՛թք արա երկյուղածությամբ:
Ո՛չ անհուսությամբ հեռացիր՝ զանց առնելով քո օգուտը, և ո՛չ էլ աներկյուղաբար մոտեցիր, որպեսզի անձդ դատաստանի չենթարկես: Եվ եթե կարող ես, նախքան գիշերային ժամերգությունը աղոթի՛ր արտասուքով, քանի որ Թովմաս վարդապետն այդպես էր սահմանել, սակայն մենք դա թողնում ենք ձեր կամքին:
Իսկ առաջին ժամերգությունից սկսած մինչև Պատարագի ավարտը որևէ մեկի հետ մի՛ խոսիր, մի՛ ննջիր և քեզ որևէ այլ ծուլության ձեռքը մի՛ հանձնիր, այլ և՛ ընդհանրական, և՛ առանձնական աղոթքները երկյուղածությամբ ու արտասուքով լցրու:
Հարցնում ես՝ «Ի՞նչ ասեմ Պատարագի սուրբ Խորհրդի ժամանակ»: Ահավասիկ, ասում եմ քեզ, որ այդ ժամանակը քո իմացության և ընտրության համեմատ պիտի տնօրինես, միայն թե իմացա՛ծ եղիր, որ այն երկյուղելու, փափագելու, արտասվելու, հուսալու և հավատալու ժամանակն է, ուստի զգո՛ւյշ եղիր, որ չլինի թե Կյանքի դեղը մահվան թույնի ու դատապարտության վերածես:
Տգիտությամբ, աղտեղի խորհուրդներով, ստիպողաբար կամ մարդահաճությունից դրդված և կամ ագահությունից ելնելով մի՛ մասնակցիր Պատարագի խորհրդին, այլ, ինչպես որ ասացինք, մեծ զգուշությա՛մբ արա այդ: Եթե քահանա ես, ապա պատարագի՛ր Քրիստոսին քո սեփական անձի և համայն աշխարհի համար: Այնպես չլինի՛, որ տգիտությամբ Հաղորդություն տաս որևէ «մեռյալ» մարդու, իսկ ողջերին և ուրիշներին զրկես, քանի որ Պատարագը առավելաբար հոգով ողջերի համար է, քան թե՝ հոգով մեռածների և, ինչպես որ Պատարագի խոսքերն են ուսուցանում՝ հարկ է Հաղորդությունը բաշխել հույս և հավատ ունեցողներին, և ոչ թե նրանց, ովքեր դրամ կտան քեզ:
Դարձյալ, հարկ է, որ իմանաս, թե ո՛ր խոսքն է Հորն ուղղված, ո՛րը՝ Որդուն, և ո՛րը՝ Հոգուն: Կամ թե մինչև ո՛ր հատվածն է Ճշմարտության օրինակը, և ո՛րը՝ Ճշմարտությունն իսկ: Եվ քանի որ Պատարագն աստվածային խորհուրդ է, ապա պետք է մոռանաս երկրային ամեն բան ու երկնայիններին ձայնակից լինես և, կանգնելով Հոր առաջ, որ գրկում ունի Իր սիրելի Որդուն, ասես հետևյալ աղոթքը. «Հա՛յր Աստված, նայի՛ր Նրա վիրավոր կողին և գամերի հետքերին, որոնք հանձն առավ կրել Ինքը՝ ճշմարիտն Աստված՝ մարդ դառնալով, ուստի նայելով Նրան, Հա՛յր, ազատի՛ր մարդկային բնությունը դժոխքից, մեղքերից ու դևերից»:
Ահա՛, եղբայր, այս մեկ խոսքի՛ց ուսանիր Խորհրդի մեծ զորությունը, քանի որ իմաստունին մեկ խոսքն էլ բավական է բազումն իմանալու համար: Ուսանի՛ր, սակայն, չափից ոչ շատ, որպեսզի ուսանածդ սովորական բան չդառնա քեզ համար, այլ շաբաթվա մեջ մեկ օրն էլ բավական է այդ անելու համար:
Պատարագից հետո ևս մի՛ մոռացիր առանձնական աղոթքի մասին և ոչ էլ ընդհանրական աղոթքնե՛րը զանց առ՝ քեզ ունայնության գիրկը մատնելով: Պատարագից հետո բնավ մի՛ ննջիր, քանի որ պիղծ ու ախտավոր է այդ: Կարդա՛, ձեռագործությո՛ւն արա, սակայն մի՛ փորձիր խաբել ինքդ քեզ և գործելու ու կարդալու ժամանակը թող չխոչընդոտի՛ աղոթելուդ ժամանակին, ուստի մի՛ կարծիր, թե աշխատելն ու ընթերցելն էլ մեկ այլ աղոթք է: Քանի որ ընթերցումը ուսուցիչ է, աղոթքը՝ գործառնություն, իսկ ձեռագործությունը՝ ծուլության և պարապության խափանիչ:
Ուստի եթե աղոթես՝ առանց կարդալու, ապա դա տգիտություն և անմտություն կլինի քո կողմից ու ընդունելի չի լինի: Եթե միայն կարդաս՝ առանց աղոթելու, ապա դա ծուլություն և անհավատություն կլինի, քանի որ կստացվի՝ չես հավատում այն գրածին, որ կարդում ես, որովհետև բոլոր գրքերն էլ, իմացություն տալուց զատ, աղոթելու և անձը սուրբ պահելու անհրաժեշտության մասին են խոսում:
Երբ իններորդ ժամին աղոթելդ ավարտես, կերակո՛ւր ճաշակիր, քանի որ Զատկից մինչև Խաչվերաց ճաշակելու ժամը այդ է, որովհետև այդ շրջանում օրը երկար է, և միայն Խաչվերացից հետո է արեգակը սկսում շուտ մայր մտնել: Իսկ ճաշակելն էլ երկյուղածությամբ և գոհաբանությա՛մբ թող լինի, քանի որ այդպես է ավանդվել մեզ Տիրոջից. «Վերցրեց,- ասում է,- հացն ու գոհացավ»:
Ուստի երեք անգամ, սաղմոսով ու քարոզով օրհնի՛ր կերակուրը, ինչպես որ գրված է: Նախ՝ Սուրբ Երրորդության անունով, ապա՝ տերունական Նշանով, իսկ այնուհետ՝ Սուրբ Աստվածածնի և նրա միջոցով՝ Միածնի՛ անունով: Այսկերպ են անում Թեղենիքի սուրբ Անտոնն ու մյուս սուրբ հայրերը: Նրանք տասներկու անգամ ծնկի էին իջնում մինչև ճաշելը, և նույնքան էլ՝ ճաշելուց հետո:
Ինչ վերաբերում է երեկոյան ժամերգությանը, ապա «Խոնարհեցո»-ի ժամանակ ծնրադրի՛ր, իսկ «Ապրեցո»-ի ժամանակ՝ ո՛չ: «Համբարձի»-ի, սաղմոսների բոլոր «փոխ»-երի և բոլոր աղոթքների ավարտի ժամանակ նույնպես ծնկի՛ եկ, ինչպես որ գրեցի նախորդիվ:
Խաղաղական ժամերգության և քնի ժամին ևս բազում աղոթքների, ծնրադրության և տքնության կարիք կա, քանի որ խավարային ուժերը գիշերվա ընթացքում բազմաթիվ ցնորքներ են ծնում, ինչպես որ և մեր Տերն է ասում. «Եթե մեկը գիշերով գնա, կգայթակղվի՝ աղոթքի լույսն իր հետ չունենալու դեպքում»:
Սակայն, վա՜յ ինձ, որքա՜ն դանդաղկոտությամբ ենք մենք աղոթում, ինչի պատճառով էլ քնի մեջ զանազան դառնությունների ենք հանդիպում: Աղաչո՜ւմ եմ, հանուն Տիրոջ, ո՛չ շտապողականությամբ, ո՛չ կրճատումներով և ո՛չ էլ ծուլությամբ աղոթեք, որպեսզի չարը որևէ անպատշաճ մտածումի կամ գործի չդրդի մեզ, որպեսզի մենք մահվան ժամին անպատրաստ չլինենք և ոչ էլ դիվահարության մեջ ընկնենք այդ պատճառով:
Այլ դու աղոթի՛ր երկյուղածությամբ, արտասո՛ւք հեղիր և Արարիչ Աստծուն քեզ օգնությա՛ն կանչիր: Առանց Ավետարանի մի՛ ննջիր: Թո՛ղ այն և՛ քո ձեռքին լինի, և՛ շուրթերին, և՛ հնչի օդում: Տանդ բոլոր կողմերը խաչակնքի՛ր Խաչի նշանով, միտքդ ու զգայարաններդ Տիրոջ սիրո վրա՛ սևեռիր և առանց երկյուղի ննջիր Նրա՛ փառքի մեջ, ով օրհնյալ է հավիտյան:
Գրիգոր Սկևռացի
«Գիրք Աղօթից՝ կազմված առաջին ուղղափառ և աստվածաբան վարդապետների խոսքերից», Կ․ Պոլիս, 1721թ․
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ․ Կարապետյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում