Մեր քաղաքը ամենագեղեցիկը կլինի` առանց հինը վերացնելու
Նմանատիպ
Հանրապետության բոլոր հին ու նոր հուշարձաններն անհրաժեշտ է պահպանել եւ վերակառուցել այնպիսի նրբությամբ եւ հմտությամբ, որ պահպանվի հնից դեպի նորը եկող գենետիկան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի հնագիտության եւ ազգագրության ամբիոնի վարիչ, հնագետ Հայկ Ավետիսյանը’ անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցմանը:
Նրա խոսքով’ Հայաստանի եւ մասնավորապես Երեւան քաղաքի ամեն քառակուսի մետր տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս հնարավոր է հանդիպել հնագիտական շերտերի, որոնց պետք է յուրահատուկ վերաբերմունք ցուցաբերել: «Հանրապետության հրապարակի տարածքում տարիներ առաջ բացվեց 18-19-րդ դարի շինությունների մի ամբողջ անսամբլ, որը նաեւ մեր միջնադարագետներն ուսումնասիրեցին, սակայն այն ավազով ծածկեցին եւ կոնսերվացրին: Միջազգային պրակտիկայում ընդունված է, երբ հուշարձանը բացում են եւ չեն կարողանում օգտագործել նրա ֆունկցիաները, ծածկում են եւ ի պահ տալիս հետագա սերունդներին»,- ասաց նա:
Հնագետի կարծիքով աշխարհն այնքան հարափոփոխ է, որ չի կարելի ամեն ինչ կոնսերվացնել: «Կցանկանայի, որ մեր քաղաքը լինի ամենագեղեցիկը եւ այդպես էլ լինելու է, բայց ոչ հինը վերացնելու մեթոդով: Հնագիտությունը նաեւ օգնում է քաղաքի դիմանկարն ու հեռնակարը ճանաչելու հարցում»,- հավելեց Ավետիսյանը:
Երեւանի քաղաքապետարանը մայիսի 29-ին Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթ էր հայտարարել, որը դարձել էր թե մասնագետների, եւ թե մեր համաքաղաքացիների դժգոհության առիթը: Մարդկանց դժգոհությունները փարատելու համար Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարել էր, որ մրցույթն ամենևին էլ չի նշանակում որևէ կառույցի իրականացում, ֆինանսական միջոցների հատկացում կամ այլ նմանատիպ քայլերի նախաձեռնում: Հայտարարված մրցույթի նպատակը մասնագիտական և հանրային քննարկումների արդյունքում առկա խնդիրների վերհանումն է, դրանց լուծումները գտնելն ու հրապարակի հետագա զարգացման տեսլականը ձևավորելը: «Միայն այն իրողությունը, որ Հանրապետության հրապարակն այսօր վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի և որպես հանրային տարածք կիսով չափ է օգտագործվում, արդեն իսկ պահանջում է հրատապ լուծում և մրցույթ հայտարարելու լիարժեք պայման է»,- նշել է Սարգսյանը:
Բաց մրցույթին մասնակցելու համար Երևանի քաղաքապետարան են դիմել նաեւ արտերկրյա մի շարք ճարտարապետներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում