Երեք նոր նամականիշ` նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի նոյեմբերի 30-ին «Հայփոստ»-ի կողմից շրջանառության մեջ է դրվել երեք նամականիշ՝ նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Հայփոստ»-ը տեղեկացնում է, որ 240 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Վայոց ձորի մարզի Ագարակաձորի կամուրջը (մ.թ. XIII դ.). այն գտնվում է Արփա գետի վրա, Ագարակաձոր գյուղից 2,5 կմ դեպի արևմուտք: Միակամար կամուրջը գործել է մինչև 1970-ական թվականները:
330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Շիրակի մարզի Մարմաշենի վանքը (մ.թ. X-XI դդ.): Մարմաշենի վանքը տեղակայված է Ախուրյան գետի ձախ ափին, հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից է: Հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029 թվականներին: 350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Շիրակի մարզում գտնվող Երերույքի տաճարը (մ.թ. VI դ.):
Երերույքը եռանավ բազիլիկ է՝ երեք զույգ խաչաձև մույթերով, չորս անկյուններում երկհարկ սենյակներով: Ունի հարուստ դեկորատիվ հարդարանք:
Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ յուրաքանչյուրը 10 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է դիզայներ Վահագն Մկրտչյանը: 240, 330 և 350 ՀՀ դրամ անվանական արժեքով երեք փոստային նամականիշերի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 120 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը կուղղվի Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում