«Արցախի կորուստը հայ ժողովրդի համար հսկա կորուստ մըն է»
Նմանատիպ
ԱԲՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ (Մուշկապատի ջոկատի հրամանատար, 1992-ից՝ Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի շտաբի պետ)
-Ավոյի հետ ծանոթացա 1991-ի փետրվարի 4-ին։ Շատ ձյուն էր եկել, գյուղում էլեկտրական հոսանք չկար։ Որպես ջոկատի հրամանատար՝ նստած էի գյուղի գրասենյակում։ Հսկում էինք Ղարադաղլուի դիրքերը։ Ջոկատում 66 մարդ էր ընդգրկված։ Մթնով 4 հոգի եկան։ Ինձ էին հարցնում։ Մեկին ճանաչում էի, Կարեն ՈՒլուբաբյանն էր՝ Բագրատ ՈՒլուբաբյանի հորեղբոր թոռը։ Մյուսները ներկայացան՝ լրագրող Էդիկ Բաղդասարյան, Արտյուշա և Ավո։ Մեքենան ճանապարհին թողել էին ձների մեջ ու առատ տեղացող ձյան տակ 2 կմ ոտքով եկել, հասել գյուղ։ Զրուցում էինք, բայց Ավոյի ասածներից բառ չհասկացա։ Հրավիրեցի տուն։ Հնդկահավ մորթեցի։ Կինս՝ Կամիլան, լավ սեղան գցեց, օղի, գինի բերեց։ Ավոն ասացգ «Չպետք է խմենք, վնաս է»։
Կարեն ՈՒլուբաբյանն ասաց. «Լավ, թող մի բաժակ խմեն»։ Թույլատրեց, քանի որ պիտի մնային։ Առավոտյան կրկին արգելեց խմել։ Էդիկին, Կարենին, Ալյոշային հանձնարարեց գնալ, Մարտունի տանող ճանապարհի ոլորանում ձների մեջ թաղված մեքենան հանել։ Ասաց. «Ես Աբոյի հետ պիտի գնամ Հաղորտի»։ Հաղորտին սար տեղ է։ Քարերի հետևով գնացինք և ճանապարհի դիմացից հետևեցինք Ղարադաղլուի անցուդարձին։ Իր մի հանձնարարությունը կատարեցի։ Եկավ, ինձ գրկեց։ Երևի այդ օրն իր աչքին լավ երևացի։ Ներքուստ վստահ էի, որ Ավոն պիտի հավանի մեր դիրքերը, բայց նա նայեց ու գլուխն օրորեց. «Չէ՛, Աբո, չեմ հավանում։ Ձեր դիրքերը պիտի մոտ լինեն Ղարադաղլուին, որ նրանց ամեն շարժումը նկատեք»։ Պատճառաբանեցի. «Զենք չկա, Ավո։ Թուրքերն ավտոմատներով են զինված, իսկ մերոնք որսորդական հրացաններով են։ Ընդամենը երեք ինքնաձիգ ունենք, ո՞նց ավելի մոտ դիրքավորվենք»։ Խոստացավ օգնել զենքով։ Տասն օր անց հեռակապով լսում եմ. ««00»-ն ասում է՝ թող Աբոն վաղը ներկայանա»։ Գնացի։ Ավոն ինձ ութ ինքնաձիգ տվեց։ Մեր ունեցած երկուսի հետ ունեցանք տասն ինքնաձիգ։ Այդպես սկսվեց իմ ու Ավոյի համատեղ գործունեությունը։ Ինքը Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարն էր, ես՝ Մուշկապատի ջոկատի։
Երբ Ղարադաղլուն ազատագրված էր, Ավոն ինձ կանչեց Մարտունի և երկրորդ օրն ասաց. «Աբո՛, Մուշկապատի տղաներն այլևս գյուղում անելիք չունեն։ Պիտի ծառայության գաք Մարտունի, պահեք էլեկտրական ցանցի դիրքերը»։ Ջոկատով, 66 մարդ էր ընդգրկված, գնացինք, պահեցինք էլցանցի դիրքերը՝ մինչև 1992 թ. հոկտեմբերը՝ Ամիրանլար, Կուրոպատկինո, Մուղանլու գյուղերի ազատագրումը։
1992 թ. հուլիսն էր։ Մարտունու գունդն արդեն ձևավորվել էր։ Ավոն ասաց. «Այսօր գյուղ չես գնա։ Այսօրվանից իմ շտաբի պետն ես»։ Ասացի. «Բա ո՞նց կլինի, գյուղում չգիտեն, զենք-զինամթերքն ինձ է ամրագրված»։ Ընդմիջեց. «Այսօր քեզ ազատ եմ թողնում։ Գնա, զենքը հանձնիր»։ Եկա Մուշկապատ, իմ տեղը մարդ նշանակեցի ու հաջորդ օրը գնացի Մարտունի։ Իրար հետ ազատագրական մարտերի դժվարին ճանապարհ անցանք։
1993 թ. մարտի 5-ից ապրիլի 4-ը Քարվաճառում էինք։ Տվեցինք 8 զոհ, 11 վիրավոր՝ թեթև, մինչդեռ մերն ամենադժվար՝ կենտրոնական ուղղությունն էր՝ ճանապարհի վրա, որտեղ թուրքը մեծ ուժեր էր կուտակել։ Բազմաթիվ հրանոթներ, ԲՄՊ-ներ վերցրինք։ Ափսոս միայն, որ ականի վրա մեր մի տանկը պայթեց։ Մոնթեն չթողեց, որ իր զինվորներից մեկը մի բան վերցնի։ Կարող էր ասել՝ հաղթանակն իմն է, այսքան հրանոթ, այսքան այս, այսքան այն պիտի վերցնենք։ Բայց ինքն ասաց. «Մարտակերտը խեղճ է, թող ամեն ինչ մնա Մարտակերտին, իրենք դրանց կարիքը շատ ունեն»։ Մենք միայն մի տանկ պիտի տանեինք։
Ամենախոշորը Մոնթեի գունդն էր։ ՈՒթ գումարտակ ուներ, մոտավորապես՝ 4290 զինվոր։ 1993 թ. հունիսի 12-ի առավոտյան ժամը 5-ին հրաման եղավ, որ Ասկերանի ու Կենտրոնական պաշտպանական շրջանից Աղդամի ուղղությամբ հարձակվենք։ Ասկերանի հրամանատարը Վիտալի Բալասանյանն էր։ Մենք պետք է 2 ժամ շուտ հարձակվեինք, որ հակառակորդի ուշադրությունը մեր կողմը գրավեինք։ Մոնթեն Մարտունու շտաբից գնաց Աշան գյուղի դիմացի սարը՝ «08» դիտակետը։ Տարիուկեսվա ընթացքում առաջին դեպքն էր, որ նա անմիջականորեն մարտադաշտում կռվին չէր մասնակցում, այլ հրամանատարական դիտակետից ուղղորդում էր մարտական գործողությունը։ Այդ օրը շատ հաջող արեցինք ինչ պետք էր։ Մոնթեն ուրախությունից անընդհատ կապի մեջ էր։ Իր տեղակալ Սարո Երեմյանի, հետախուզության պետ Սարիբեկ Մարտիրոսյանի, Ճարտարի 23-րդ գումարտակի հրամանատար Հովիկ Ջիվանյանի, պարսկահայ Գևորգ Քամալյանի, վարորդ Կոմիտաս Ավանեսյանի հետ իջան դիտակետից, եկան ելման կետ՝ «Ռաֆո-1» դիրք, շնորհակալություն հայտնեցին բոլոր զինվորներին, գրկախառնվեցին Մավր Օհանյանի, Գրիշա Ազիզյանի, Հայկ Սարգսյանի ու ինձ հետ։ Մոնթեն ասաց. «Բարձրանամ, տեսնեմ՝ Նելսոնը չի՞ ավարտել»։ «Ռաֆո-1» դիրքից մինչև Մարզիլու 2 կմ էր։ Գնացին։ Չանցած 15-20 րոպե, Նելսոնի տղաները կապվեցին, թե՝ շու՛տ հասեք, «00»-ն շրջափակման մեջ է։ Նելսոնն ասաց. «Օգնության եկեք։ Հնարավոր է՝ թուրքերը հարձակման անցնեն»։ Կարգադրեցի չորս տանկ ուղարկել, երկուսը՝ Մոնթեի ուղղությամբ, երկուսը՝ Նելսոնի։ Ես ու Սարգսյան Հայկը նստեցինք տանկերը։ Մյուսները շարժվեցին մեր հետևից։ Շտապում էինք հասնել դեպքի վայր։ Ավա՜ղ, արդեն ուշ էր։ Մի հոգի ճանապարհի վերևի մասով փախավ ներքև։ Քամալյան Գևորգն էր։ Լսելով իմ ձայնը՝ պատի հետևից դուրս ելավ, եկավ՝ ձեռքին Ավոյի արյունաշաղախ հեռակապը։ Լացակումած ասաց.
-Աբո, Ավոն այլևս չկա…
Մի տասը մետր առաջացա և վերևից տեսա առվի ու թփուտների կողքին ընկած արյունաշաղախ Սարո Երեմյանին ու Հովիկ Ջիվանյանին։ Շտապ օգնության մեքենան այդտեղ չէր կարող հասնել, թփուտներ էին։ Հայկին ասացի, որ ԲՄՊ-ով տղաներին հասցնի ելման կետ (որտեղ հանդիպել էինք Մոնթեին)՝ շտապ օգնության մեքենայի մոտ։ Գևորգը, որ Ավոյին թողել-փախել էր, 100-150 մետր հեռացել էր դեպքի վայրից։ Ծառերի արանքից դժվար էր որոշել՝ այնտեղ եղողները մերո՞նք են, թե՞ թուրքերը։ Առաջացա դեպի այդ կողմը։ Ճամփեզրին՝ չորացած առվի մոտ ընկած էր ոտքից վիրավոր Կոմիտասը։ Շալվարը ծնկի մասում պատռեցի։ Գնդակը դիպել էր ծնկին, խնձորակը շարժվում էր։ Ծնկոսկրից մի փոքր ոսկոր պոկվել էր, ու այնտեղից արյուն էր պզզում։ Վիրակապով փաթաթելիս մեկ-մեկ կրակում էի, որ թուրքերն իմանան մարդ կա։ Երբ իրար դեմ են դուրս ելել, ըստ Կոմիտասի՝ ինքն ասել է՝ թուրքեր են։ Ավոն ասել է. «Ի՜նչ թուրքեր, մերոնք են։ Նելսոնը գյուղի վերևում է, գյուղը վերցված է՝ ծխի մեջ»։ Մինչ մեկը մյուսին համոզում է՝ թուրք են, թե հայ, թուրքերը հասկանում են, որ եկողները հայեր են։ Նրանց ԲՄՊ-ի առաջին հարվածը դիպել է ուղիղ մեր «ՈՒազ»-ին, որը մեջտեղից կիսվել է, բեկորները կպել են տղաներին, որոնք արդեն մեքենայի մեջ չէին։ Երկրորդ արկը դիպել է 3-4 մետր բարձրությամբ էլեկտրասյանը, և արկի բեկորը հետադարձով մխրճվել է Մոնթեի քունքը։
Սարիբեկին շատ ուշ գտանք։ Ծանր վիրավոր էր. ամբողջ մարմնում գնդակներ էին։ Ավոյին ու Սարոյին նույն տանկով բերեցինք։ Ձեռքս հպեցի Սարիբեկի այտին, ասացի. «Ախպեր ջան, հոսպիտալում կվիրահատեն, կփրկվես»։ Ասաց. «Չէ՛, իմ բաժին կյանքը վերջացել է…»։
…Արցախյան մեր կռվում Աստված մեզ զորավիգ երկու ազնվական զինվորական տվեց՝ Իվանյանին ու Մոնթեին։ Մարտունեցիները բախտ ունեցան ունենալու հրամանատար Մոնթե։ Չկար մարդ, սկսած ինձանից, որ իր տեղակալն էի, ներառյալ մինչև վերջին զինվորը, որ չկատարեր նրա հրամանները։ Ասել էր՝ վերջ, պիտի կատարվեր։ Կարծես Աստված Հարոյանին էլ ուղարկեց, որ խորհրդային բանակի իր կարողություններով, փորձով լրացներ Ավոյին։
Երբ Մոնթեն եկավ Մարտունի, շատ ծանր վիճակ էր. Ասկերանը հանձնել էր 14 գյուղ, Հադրութը՝ 15, Մարտակերտից մնացել էր 6 գյուղ՝ Քոլատակը, Թբղլուն, Շահմանսուրը, Առաջաձորը, Գառնաքարը, Վանքը։ Մենք չենք փնովում ո՛չ ասկերանցիներին, ո՛չ հադրութցիներին, ո՛չ մարտակերտցիներին։ Եթե Մոնթեն չլիներ մեր հրամանատարը, գուցե մենք էլ այդ օրն ընկնեինք։ Թեկուզ մեր հրամանատարների ինքնասիրությանը դիպչի, պիտի ասեմ, որ երբ Մոնթեն անմիջականորեն մասնակցում էր, ներկա էր կռվի դաշտում, իր պահվածքով, իր գործով ոգեշնչում էր մեր զինվորներին։ Բացի Բեկորից՝ չեմ տեսել, որ հրամանատարն անմիջականորեն մասնակցի կռվին։ Զինվորները երբ տեսնում էին, որ Ավոն իրենց հետ է, անվախ կռվի էին գնում։
Ավոն առանց հետախուզության կռվի դաշտ չի գնացել։ Մինչև երկու օր առաջ չի ուսւմնասիրել տվյալ տարածքը, որ պետք է ազատագրեինք, չի կանգնել քարտեզի մոտ՝ պլանավորել մարտը, չի գնացել մարտադաշտ։ Գործում էր ռազմարվեստի բոլոր կանոններով։Հրամանատարներ կային, որ ասում էին՝ եթե բլուրը չվերցնեք, բոլորիդ կգնդակահարեմ։ Ավոն ամբողջ գիշեր նստում էր, բաժանում կատարում՝ այսքանը՝ այս ուղղությամբ, այսքանը՝ այս, ես այս թևում կլինեմ, այսինչ ժամին էլ հարձակվելու ենք։ Լավատեսությամբ էինք համակվել։ Ասում էինք. «Մոնթեն այստեղից գնա, ի՞նչ ենք անելու»։
Մոնթեի մասին շատ կարելի է պատմել։ Այսօր, երբ գերիշխում է շահի, նյութականի պաշտամունքը, նրա ներկայության կարիքն ավելի է զգացվում։ Չուներ անձնական շահ, ամբողջովին նվիրված էր իր ազգին, կարեկից էր, գթասիրտ։ Աշխատավարձի օրն ասում էր.
-Փողի մարդուն կանչիր ինձ մոտ։
«Փողի մարդ»-ը գանձապահ Աբրիկ Գասպարյանն էր։ Երբ գալիս էր, Ավոն ասում էր.
-Աշխատավարձս տուր մի վիրավորի կամ զոհվածի ընտանիքի։
Իմ կյանքի ամենաիմաստալի ժամանակը Մոնթեի հետ եղածս մեկուկես տարին է։
(շարունակելի)
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում