«Բոլորին պատվազրկեցին, հողերին հավասարեցրին, իրենց անգործությամբ էլ Արցախի մշակութային արժեքները գերության մեջ թողեցին»․ գյումրեցի նկարչուհի

«Բոլորին պատվազրկեցին, հողերին հավասարեցրին, իրենց անգործությամբ էլ Արցախի մշակութային արժեքները գերության մեջ թողեցին»․ գյումրեցի նկարչուհի

Aravot.am-ի հետ զրույցում գյումրեցի նկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանն, անդրադառնալով Արցախի, մասնավորապես Շուշիի հարուստ պատմամշակութային ժառանգությանը, որը պատերազմի օրերին դուրս չի հանվել թանգարաններից, պատկերասրահից ու այսօր մնացել է թշնամու տիրակալության տակ, կարծիք հայտնեց, որ այս հարցում մեծ մեղավորություն ունեն ինչպես Արցախի իշխանություններն, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը։ Ավելին, ըստ նկարչուհու, անհայտ մնաց, թե դա ինչ նախարարություն է, այն մշակույթի հետ ընդհանրապես առնչություն չունի, իսկ որպես կրթության գերատեսչություն 2,5 տարի զբաղված է ինտրիգներ հրահրելով, անհատների ու կազմակերպությունների դեմ կռիվ մղելով։ Վերջիններիս անգործության պատճառով էլ, ըստ արվեստագետի, թշնամին կարող է գողանալ Արցախի պատմամշակութային արժեքները, օրինակ՝ Շուշիի գորգերը ու աշխարհին ճանաչել տալ որպես իր ազգային հարստություն։

Լուսանկարը՝ Սուսաննա Մկրտչյանի ՖԲ էջից

Մեր զրուցակիցն այս հարցում ցուցաբերած անգործության մեջ մեղադրում է նաև ՀՀ Ազգային ժողովին, որի մշակույթի հարցերով զբաղվող հանձնաժողովը պարտավոր էր ճիշտ ժամանակին արձագանքել ու նպաստել մշակութային ժառանգության փրկությանը։

 

«Ես միշտ մտածում եմ, թե այն խումբը, որը նստած է Ազգային ժողովում՝ խիղճը իրենց չի տանջո՞ւմ, որ ոչինչ չարեցին, այնտեղ մշակույթի հանձնաժողով կա, դուք տեր կանգնեիք: Իրենք երևի չգիտեն, որ Արցախում թանգարաններ կան, նկարներ կան, իրենք որ գնան Արցախ, ռեստորաններ պիտի գնան, հո չե՞ն գնա թանգարան։ Որ հասկանային դա հարստություն է․․․ Խումբ կազմեիք, կառավարությունում հազար տեսակի մեքենաներ կան, մարդիկ ասում են՝ կապել ենք մի քանի կապոց, մեքենա չեղավ, որ բերեինք Հայաստան, այ քեզ բան․․․ Այս ժամանակահատվածը ինձ համար՝ որպես հայ մարդու ու արվեստագետի, ցավերի կծիկ է, ցավ, որ անընդհատ կծիկը քանդես, անընդհատ ցավ, ցավ ամեն ինչի համար, առաջին հերթին մարդկային կորուստներն են, հետո հայրենիք ես կորցնում, հող ես կորցնում, մշակույթ ես կորցնում, ինքնուրույնություն ես կորցնում, արժանապատվություն ես կորցնում»,-մտահոգված ասում է Սուսաննա Մկրտչյանը։

Ըստ նրա, Արցախից սեղան, աթոռ տեղափոխելու համար մեքենաներ կային, բայց մշակութային արժեքներ տեղափոխելու համար չկայի՞ն։

Նկարչուհու անհատական ցուցահանդեսը պիտի տեղի ունենար Շուշիում դեռ ապրիլ ամսին, սակայն համավարակի տարածման պատճառով այն հետաձգվել է։

«Ես Շուշիում եղել եմ անցած տարի, այդ քաղաքը մշուշոտ է, բայց մշուշի մեջ լույս կա՝ սպիտակ, մաքուր, ու եթե կա կարծիք, թե այն գորշ քաղաք է, դա աբսուրդ է։ Մաքուր, սպիտակ, մոխրագույն քարերով, բնական վիճակում վերցրած քարերով քաղաք է, ինչ խնամված, որոնք վերականգնվել են պատերազմից հետո։ Մի չքնաղ հեքիաթ լինի, ես որ ման էի գալիս փողոցներով, ասում էի՝ յուրաքանչյուր փողոցում կարելի է ներկայացում բեմադրել, որովհետև պատրաստի բեմ են, պատրաստի դեկորներ են՝ շատ սիրուն։

Այնտեղ կերպարվեստի թանգարան էի գնացել, պայմանավորվել էի, որ ապրիլինի պիտի լիներ իմ գործերի անհատական ցուցահանդեսը, արդեն նախապատրաստվել էի, սկսվեց կարանտինը, նույնիսկ հրավիրատոմսեր, աֆիշներ էին տպված։ Զանգեցի Շուշի, ինձ ասացին՝ ոչինչ, թող կարանտինն ավարտվի… մենք բոլորս կարծում էինք, թե կարճ պիտի տևի, սեպտեմբերին անպայման կբացենք ձեր ցուցահանդեսը, սեպտեմբերին էլ պատերազմը․․․»։

Արվեստագետի մտահոգության թեման Շուշիից արժեքավոր, բացառիկ ցուցանմուշները ՀՀ հասցնելն է։ Մեր զրուցակիցն ասում է, որ արվեստի գործերն էլ մեր շատ զինվորների պես գերության մեջ են մնացել։

«Ես անընդհատ մտածում էի՝ ինչ եղան Շուշիի էքսպոնատները։ Շուշիի կերպարվեստի թանգարանում մի ճոխ, շատ հարուստ ցուցադրություն ունենք, չգիտեմ քանի հազար դասական գործեր՝ Այվազովսկուց սկսած, նաև քանդակներ և գեղանկարչական, գրաֆիկական գործեր։ Հիմա այս ամենը մնացել է սահմանի այն կողմում, բայց ես մտածում եմ՝ եթե ես լինեի, անպայման դուրս հանած կլինեի այդ գործերը։ Այն ժամանակ չգիտեին, հանգիստ նստել էին, թե ո՛չ Շուշին, ո՛չ Ստեփանակերտը չեն գրավի, բայց բոլոր դեպքերում պատերազմ է, եթե եկեղեցու վրա ռումբ են գցում, փողոցի մյուս անկյունում այդ թանգարանն է, ընդամենը հարյուր մետրի տարբերությամբ, կարող է հանկարծ թանգարանի վրա գցեին ռումբը։

Եթե ես լինեի, անպայման էվակուացրած կլինեի այդ գործերը, իրենք ասում են՝ մենք դիմել էինք նախարարություն, ի՞նչ նախարարություն, մենք ունեցե՞լ ենք նախարարություն, ես չգիտեմ․․․ Համենայնդեպս մի քանի տարի է՝ չեմ տեսել մշակույթի նախարարությունը, շոշափվում էր անընդհատ կրթության նախարարություն անվանումը, որն անընդհատ ինտրիգների մեջ էր, անընդհատ կռիվների մեջ էր հասարակության, անհատների հետ։

Ասում են, դիմել ենք, չեն արել, եթե դու այդտեղ ես աշխատում, սիրտդ պիտի ցավեր․․․ Ասում են հանել էինք, պատրաստել էինք, մեքենա չեղավ, էդ մեքենաները կարող էին աթոռ, սեղան Շուշիից հասցնեին Հայաստան, էդ էքսպոնատների տեղափոխումը հնարավոր չէ՞ր կազմակերպել։ Ե՛վ մեր նախարարությունն է մեղավոր, և՛ Արցախի ղեկավարությունն է մեղավոր»,- ասում է մեր զրուցակիցը։

Սուսաննա Մկրտչյանն այս հարցում տեսնում է նաև Հայաստանի նկարիչների միության մեղքի բաժինը։

«Հայաստանն ունի նաև նկարիչների միություն, բայց այդ նկարիչների միությունն, իմ կարծիքով, ոչ թե Հայաստանի նկարիչների միությունն է, դա Երևանի նկարիչների միությունն է, որովհետև մարզերն ընդհանրապես գոյություն չունեն իրենց համար։ Մենք այստեղ 30-ից ավելի միության անդամ ունենք, բացարձակ բանի տեղ դնող չկա։ Դուք միություն եք, Արցախից ունեք նկարիչների միության անդամներ, բա մի հատ ձեր ընկերների հետ կապվեիք, դուք սրտացավություն ցուցաբերեիք, դիմեիք կառավարություն, չկար հնար, ձեր մասնավոր միջոցներով անեիք, հիմա կանգնել եք՝ վախ, վուխ, ի՞նչ դժբախտ ենք․․․»,- ասում է Սուսաննա Մկրտչյանը։

Նա անդրադարձավ նաև Շուշիի գորգերի ու քարերի թանգարաններին։

«Որ մտնում ես, ոնց որ գույնը, լույսը, արևը թափվեն գլխիդ, այդպիսի գեղեցկություն․․․Այստեղ էլ են գորգեր գործում, բայց երևի նախատրամադրված գնում ես, որ արցախյան գորգերը հատուկ են, Շուշիի գորգերը հատուկ են։ Վիշապագորգեր կան, որ նայում ես բավականին տարիքով, հին են, այդքան տարի մնալով՝ խոնավացած չեն, յուրահատուկ են։ Հիմա թուրքը կգնա, բոլոր գորգերը կհավաքի, կտանի, կսարքի իրենց ազգայինը, դե արի ասա՝ չէ, դա մեր ազգայինն է։

Զրուցում ենք, մեկն ասում է՝ գիտեք Արցախի բոլոր հուշարձանները համարակալված են, նկարներն էլ կան, որ հանկարծ տեղն էլ ոչնչացնեն, մենք նկարներն ունենք։ Ծիծաղելի է, ես էլ օրինակ բերեցի, ասացի՝ մեկի ճամպրուկը գողանում են, բանալին իր մոտ է, ասում է՝ ջհանդամ չէ, բանալին մոտս է, հիմա դարձավ մերը, նկարներն ունենք, ջհանդամ չեն ոչնչացնում։

Շուշին ունի մի ընտիր քարեր թանգարան, մի գեղեցկություն, մի հարստություն, եթե դրանք ժամանակին չհանեցինք․․․

Երեկ լսեցի, որ տաղանդավոր քանդակագործ Վիգեն Ավետիսը հանրային խորհրդի հետ նախաձեռնել է, առաջարկություն է արել, որ ինքն առաջնորդի, գնան, բերեն, բայց այդ հարցը կառավարություն պիտի մտնի, մինչև այս կողմ այն կողմ, կտանեն, հո չեն թողնի․․․Հիմա եթե Շուշիում հայ չկա, ռուսն ի՞նչ գիտի, գնացիր, այդ նկարը վերցրեցիր, տարար, ռուս գիտե՞ս։ Մեր սխալների վրա սովորող մարդիկ չենք, ոնց որ դիրքերն են ամրացնում, դա էլ էր մեր դիրքերը։ Արվեստի գործերը ես համեմատում եմ մեր ռազմագերիների հետ, նրանք էլ են ռազմագերի, ի՞նչ տարբերություն, գերությունից այդ գործերն էլ պիտի ազատել։ Հիմա էլ ո՛չ կառավարություն մնաց, ո՛չ նախարարություն մնաց, ո՛չ հավատ մնաց, ո՛չ հույս մնաց, երկիրը դարձավ անհեռանկար։ Անհասկանալի մի վիճակ է։

Արվեստագետ մարդ ես, քո գործն արվեստ ստեղծելն է, ոնց որ պատերազմը սկսվել է, ես մի վրձին անգամ ձեռքս չեմ վերցրել, չեմ կարողանում։ Մեծ գործ ունեմ սկսած, Չարենցի ընտանիքն էի նկարում, չեմ կարողանում ավարտեմ, գլուխս չի աշխատում, ոչ ձեռքս է աշխատում, ոչ երևակայությունս է աշխատում։

Բոլորս թևաթափ ենք եղել, հետո էլ ասում են, թե ժամանակը կանգ չի առնում, ժամանակը կանգ է առել, առաջ չի գնում։ Ո՞ւր պիտի գնա այս ժամանակը, հուսալքություն, թշնամանք, և ամենասարսափելին այս ներքին թշնամանքն է, որ այս 2,5 տարիների ընթացքում ծաղկեց, ճոխացավ, ում որ գիտեինք՝ երևելի մարդ էր, որակազրկեցին, բոլորին պատվազրկվեցին: Հիմա հասել է այն վիճակը, որ եթե պիտի լինի իշխանափոխություն՝ չկա մեկը, չեմ ասում կառավարության անդամ, որ ասես, թե վստահում եմ, այս մարդը թող գնա, մեր երկիրը կառավարի։ Դա ամենաանտանելի վիճակն է։ Ինչ ասեն, չես հավատում, էնքան խաբեցին քեզ, ո՞ւմ հավատաս, բոլորին հավասարեցրել են հողին, որ անգետների մեջ գիտուն երևան»,- մտահոգված է արվեստագետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում