«Թուրք լինեմ, թե սուտ ասեմ… Այս էլ հո Շեքսպիրն է գրել»

«Թուրք լինեմ, թե սուտ ասեմ… Այս էլ հո Շեքսպիրն է գրել»

Արվեստաբանը` Շերամի, նրա երգերի գողության փաստերի եւ թուրքերի վերաբերյալ Շեքսպիրի որակման մասին

Արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը, հավատարիմ իր խոստմանը, դեռեւս պատերազմական օրերին «Առավոտին» է տրամադրել իր անձնական արխիվում գտնվող մեր մեծանուն արվեստագետների, այդ թվում՝ Գոհար Գասպարյանի, Սիլվա Կապուտիկյանի, Կարպ Խաչվանքյանի կյանքից անտիպ դրվագներ, դիպվածներ, զրույցներ՝ ադրբեջանցիների եւ նրանց հետ փոխհարաբերությունների մասին։

Արվեստաբանն այս անգամ ներկայացրեց ադրբեջանցիների կողմից աշուղ Շերամի երգերի գողության փաստեր։

Աշուղ Շերամ (1857-1938)

Ներկայացնում ենք արվեստաբանի խոսքն առանց միջամտության։

«Բանաստեղծ եւ մանկավարժ աշուղ Շերամի որդի Վազգեն Տալյանն աշխատում էր «Շերամը ժամանակակիցների հուշերում» աշխատության վրա եւ հոր մասին արխիվային նյութեր ուսումնասիրելու նպատակով եկել էր Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան։ Այդ ժամանակ ես թանգարանի գիտամասսայական բաժնի վարիչն էի։ Իմ աշխատասենյակում բարեկամական հերթական զրույցից հետո նրան առաջարկեցի ադրբեջանցի երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լյութֆիար Իմանովի մենահամերգի հրավիրատոմս, որը պիտի կայանար Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում (1976թ. սեպտեմբեր)։ Վազգենը սիրով համաձայնեց եւ երեկոյան մենք հանդիպեցինք համերգասրահում։

Մեկ-երկու երգ լսելուց հետո Վազգենն ասաց.

– Լավ երգիչ է, արեւելյան գեղեցիկ ձայն ունի եւ բեմական է։

Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ որպես ադրբեջանական ժողովրդական երգ Իմանովը ներկայացրեց Շերամի «Զով գիշեր է» եւ «Ալվան վարդեր» երգերը։

– Դե բավական է, էլի,- զայրացած եւ հանդիսատեսին լսելի ձայով ասաց աշուղի որդին,- մեռանք ասելով, գրելով, պահանջելով, բայց էս համշարիները շարունակում են իրենց թալանը։ Ճիշտ է ասված՝ խեւին խրատն ինչ կանի, սեւին օճառն ինչ կանի։

Ընդմիջմանը Վազգենը ստիպեց, որ իրեն ուղեկցեմ երգչի հարդասենյակ։

Ես շտապեցի ներկայացնել ընկերոջս.
– Լյութֆիար, ծանոթացիր, Շերամի որդին է։

Երգիչն իսկույն ձեռքը մեկնեց նրան եւ մեծարանքով խոսեց Շերամի մասին։
– Ի՜նչ երջանկություն, ինչպիսի անակնկալ։ Մենք պաշտում ենք Շերամին։ Նա ոչ միայն հզոր աշուղ է, այլեւ մեծ կոմպոզիտոր, մենք նախանձում ենք հայերիդ, որ այդպիսի հարստություն ունեք։

Վազգենը հազիվ զսպելով զայրույթն՝ ասաց.
– Եթե այդքան մեծարում եք Շերամին, ուրեմն ինչո՞ւ եք գողանում նրան, չէ՞ որ նա ձերը չէ։ Այսօրվա ձեր կատարած երգերը Շերամի հանրահայտ ստեղծագործություններն են, որոնք նրա կատարմամբ դեռեւս 1914թ. հնչել են Բաքվում։

– Ես այդ երգերը լսել եմ նախորդներիցս՝ Խան Շուշինսկուց եւ Բյուլ Բլյուլից։ Նրանք ասում են, որ այդ երգերը ադրբեջանական ժողովրդական երգեր են։ Իսկ եթե, ինչպես դուք եք հավաստիացնում՝ Շերամինն են, ապա ես այլեւս չեմ կատարի այդ ստեղծագործությունները։

Անհավատալի է, որ դրանից հետո չեն հնչել Շերամի երգերը որպես ադրբեջանական ժողովրդական երգեր, չէ՞ որ կա փաստ՝ ֆոնդային ձայնագրություն, ինչը երբեք չի կարող հերքել «խալխի մալին» տեր կանգնող խուժանը»։

Սերգեյ Առաքելյանն ակամայից հիշեց դեռեւս 1604թ. գրված Շեքսպիրի «Օթելլո» դրամայից մի տեսարան, որտեղ Յագոն սողալով իր տիրոջ՝ Մավրի ոտքերի տակ, ջանում է իր «հավատարմությունը» հայտնել, սակայն իրականում մոգոնում է Դեզդեմոնայի եւ Կասիոյի կարծեցյալ դավաճանությունը։

Մավրը շանթահարված հարցնում է.
– Ասածդ ճշմարտությո՞ւն է, Յագո…

Վերջինս ձեռքը կրծքին զարնելով պատասխանում է.
– Թուրք լինեմ՝ թե սուտ եմ ասում..

«Այո, թուրքի զենքը սուտն է։ Դա էլ հո Շեքսպի՞րն է գրել, դեռեւս հինգ դար առաջ»,- եզրափակեց Սերգեյ Առաքելյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Ռուբեն Մաթեւոսյանը, Սերգեյ Առաքելյանը, Էդվարդ Միրզոյանը եւ Վազգեն Տալյանը, 1982թ.

Աղբյուր՝ Aravot.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում