Պետք է ակտիվ արտաքին քաղաքականություն վարել, հասնել նրան, որ ԼՂՀ ուղարկվեն փորձագետներ, որպեսզի զբաղվեն հուշարձանների պահպանման ուղղությամբ. Գագիկ Գյուրջյան
Նմանատիպ
Անհրաժեշտ է օգտվել համանախագահների այն հայտարարությունից, որով ասվում է՝ քրիստոնեական արժեքները նրանց կողմից կհսկվեն: Պետք է դիմել նրանց, ակտիվ արտաքին քաղաքականություն վարել և հասնել նրան, որ ԼՂՀ ուղարկվեն փորձագետներ, որպեսզի մոնիտորինգ անեն և զբաղվեն հուշարձանների պահպանման ուղղությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «ԻԿՕՄՕՍ-Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը՝ խոսելով Ծիծեռնակավանքի, Քաշաթաղի և Արցախի մնացյալ պատմամշակութային ժառանգությունների մասին, որոնք այսուհետ գտնվելու են Ադրբեջանի տիրապետության տակ։
«Ծիծեռնավանքը մեր վաղ քրիստոնեական, հայկական լավագույն հուշարձաններից է, որոնք շատ քիչ են հիմա, դրանք քրիստոնեության համար, այսպես ասած, առաջին ծիծեռնակներն էին: Այնտեղ թողնելու մասով ասեմ, որ դրանք մեր անշարժ հուշարձաններն են, որոնք չենք կարող քանդել, բերել, իր տեղում էլ պետք է լինի: Ամբողջ մտավախությունն այն է, որ կարող են վնասել, քանդել, սակայն այս դեպքում, չեմ կարծում, որ նման կերպ կվարվենք, քանի որ մեր այն հուշարձանները, որոնք Արցախի տարածքում են եղել, հակառակորդը պահպանում է, այն մտքով, թե դրանք հայկական չեն, նրանց կեղծ պատմությամբ՝ հիմնավորում են, որ դրանք աղվանական են»,- ներկայացրեց նա:
Գագիկ Գյուրջյանի խոսքով՝ հին հայկական հուշարձանների պղծումը, քանդումը քիչ հավանական է, քանի որ ադրբեջանցիները դրանք համարում են իրենց քրիստոնյա նախնիների ժառանգությունը, այսինքն, նրանք արդեն պետք է ոչ թե ֆիզիկական վնասներ հասցնեն, այլ փորձեն փոփոխել պատմությունը, գրականությունը:
«Փոխարենը նրանք կփորձեն վերացնել հայկականի հետքը, այսինքն՝ այն, ինչը անվերապահորեն հայկական է, որի համար այսօր անհրաժեշտ է, որ կյանքի կոչվեն համանախագահ երկրների ղեկավարների այն խոսքերը, որ քրիստոնեական արժեքները վերցնում են իրենց հսկողության տակ: Չենք կարող այդ անշարժ ժառանգությունը տեղափոխել, սա նշանակում է, որ մեր հետքը կկորցնենք այդ տարածքներից»,-ասաց Գյուրջյանը:
Նա նշեց, որ ԱԳՆ-ն, հասարակական կազմակերպությունները, ԿԳՄՍ նախարարությունը դիմել են միջազգային կազմակերպություններին, և ըստ նրա տեղեկությունների՝ այդ կառույցները պատրաստակամ են օգնել, Հայաստան այցելելու պատրաստակամություն ունի նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն:
«ԻԿՕՄՕՍ-ը ևս դիմել է, պատրաստակամություն հայտնեցին, սակայն պատրաստակամություն հայտնելը մի բան է, ուղղակի անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ տանել այս ուղղությամբ և բանավոր հայտարարությունները դարձնել գործնական քայլեր»,-ասաց նա և հավելեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից դրական շարժ կա և կարող են այդ աշխատանքներն իրականացնել խաղաղապահ զորքերի հսկողությամբ:
Գագիկ Գյուրջյանը շեշտեց, որ Քաշաթաղում շատ կարևոր հուշարձաններ կան, որոնք մնում են Ադրբեջանի հսկողության տակ և ցավոք, տարիների ընթացքում մենք չունենք հայկական այն լուրջ պետական օղակը, որն իր վրա կվերցներ այս ամբողջ աշխատանքը: «Պետք է դասեր քաղել մեր սխալներից, այս համակարգի բացակայությունն է, որ այսօր մեզ անորոշ վիճակում է գցել և շատ բաներ դժվարությամբ են արվում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում