Հայր Ալիևին « արտաքսել են» Վոլգոգրադից

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի պաշտամունքի տարածման խորհրդանիշը դարձած արձանների տեղադրման գործընթացը հերթական անգամ ձախողվել է: Վոլգոգրադի շրջանի դատախազությունը տարածել է հայտարարություն այն մասին, որ Մշակույթի և հանգստի կենտրոնական զբոսայգու տարածքում «Բաքվի զբոսայգու» կառուցման աշխատանքները դադարեցվում են, տեղեկացնում է Haqqin.az-ը:

Վոլգոգրադի դատախազության իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ զբոսայգու տարածքում շինարարական աշխատանքները համաձայնեցված չեն շրջանի մշակույթի նախարարության հետ:

Ավելի վաղ Մշակութային ժառանգության հարցերով մասնագետ Գալինա Շիպիլովան, անցկացնելով փոքր հետաքննություն, պարզել էր, որ այգու վերակառուցումն իրականացվում է անօրինական կերպով: «Նախագիծն ու աշխատանքները պետք է իրականացվեն Ռուսաստանի Դաշնության և Վոլգոգրադի մարզի մշակույթի նախարարությունների համաձայնությամբ: Ես դիմել եմ երկու գերատեսչություն, սակայն դրանցից և ոչ մեկում այս նախագծի մասին անգամ չէին լսել: Դրանից հետևում է, որ աշխատանքներն իրականանում են ապօրինաբար»,- ասել էր նա:

Վարչատարածքային միավորի մշակութային արժեքների պահպանման վարչության ղեկավար Կոնստանտին Կարկաչևը ևս նշել էր, որ նախագծի իրականացման մասին իրենք տեղեկացել են միայն լրատվամիջոցների տեղեկություններից: «Պաշտոնապես մեզ ոչ ոք ոչինչ չի տեղեկացրել: Միգուցե նախագիծն իրականում կա, սակայն մենք այն չենք տեսել: Եթե այգում սկսվեն աշխատանքներ, որոնք համաձայնեցված չեն լինի մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող մարմինների հետ, ապա այդ աշխատանքները կլինեն անօրինական»:

Վոլգոգրադի Մշակույթի և հանգստի կենտրոնական այգու վերակառուցման շրջանակներում Հեյդար Աիևի անվան հիմնադրամի տրամադրած միջոցներով նախատեսում էր կառուցել հուշատախտակ’ նվիրված Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված ադրբեջանցիների հիշատակին, Հեյդար Ալիևի արձանը, ալևելյան ոճի շատրվան և «Բաքու» անունը կրող սրճարան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում