Ես հիմա Ստեփանակերտ չեմ գնում, որովհետև իմ անվտանգությունը ապահովված չէ. Շուշիի բնակիչ (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Շուշեցիները այսօր հավաքվել էին Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց: Նրանք հանդիպեցին ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ:
Հանդիպումից հետո Սերգեյ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք տեղեկանում են արցախցիների խնդիրներին և ներկայացնում այդ խնդիրները Արցախի Հանրապետությանը, Արցախի օպերատիվ շտաբին և հայաստանյան գործընկերներին:
Հարցին, թե տեղյակ եք քանի՞ արցախցի է սպասում, որ իրեն բնակարան կտրամադրվի, Սերգեյ Ղազարյանը նշեց, որ դա բարդ գործընթաց է, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում. «Հարցերի շրջանակները շատ են, խոսքը գնում է մի քանի հազարավոր հայրենակիցների մասին և օրերի ընթացքում լուծում գտնել, որ հայրենակիցները հնարավորություն ունենան վերադառնան, պարզ է, որ հնարավոր չէ, բայց այդ ուղղությամբ աշխատանքները ընթանում են, առաջին հարցը վերաբերում է կացարանների խնդրին»:
Շուշիի բնակիչ Նարինե Գրիգորյանն էլ լրագրողներին նշեց, որ եկել են Հայաստանի ներկայացուցչին ներկայացնելու, որ մտահոգվի կացարանների խնդրով.
«Մարդիկ կան, որ հյուրանոցում էին ապրում և հիմա պետք է ազատեն այն և խնդրեցինք Ղազարյանին, որ այդ հարցով զբաղվի: Մենք առաջինը հիմա պետք է մտածենք մեր անվտանգության մասին, հետո նոր տան մասին, ես հիմա Ստեփանակերտ չեմ գնում, որովհետև իմ անվտանգությունը ապահովված չէ»:
Հարցին, ինչո՞ւ եք ասում, որ Ստեփանակերտը անվտանգ է, երբ բազմաթիվ արցախցիներ վերադառնում են Ստեփանակերտ, Նարինե Գրիգորյանը նշեց, որ ինքը աշխատում է դպրոցում՝ երեխաների հետ, իսկ Արցախում չպայթած ռումբեր կան.
«Ես խորհուրդ կտամ, որ մինչև ամբողջ տարածքը չականազերծեն մարդիկ չվերադառնան, ես՝ որպես ծնող, վախենում եմ: Այսօր բարձրաձայնվեց նաև դպրոցների և մանկապարտեզների խնդրի մասին և Ղազարյանը ասեց, որ այդ հարցով զբաղվելու է: 4000 մարդ կար Շուշիում, մի մասին արդեն ապահովվել են Ստեփանակերտում, մի մասին շտաբն է ապահովվել, մնացածներն էլ Հայաստանի տարբեր շրջաններում են և այլն:
Ես չեմ ասում, որ մենք տուն ենք ուզում, Երևանում թեկուզ գյուղերում տեղ տրամադրեն: Երբ 90-ական թվականներին Աղդամի միջով Ստեփանակերտից Մարտակերտ էի գնում, մեզ քարկոծում էին և հիմա մինչև անվտանգությունը և կացարան չապահովվեն, չենք վերադառա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում