Վերածննդի և ապագա հաղթանակի սերմերը, որ պիտի ցանվեն այսօր
Նմանատիպ
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել»։ (Հովհ. 3.3)
Մենք քնեցինք պատերազմի մեջ և արթնացանք աշխարհում գոյություն ունեցող ամենածանր կորստի բեռը մեր ուսերին։ Հայրենիքի կորստի ցավը չես սահմանի ոչ մի բառով և չես ամոքի ոչնչով։ Մենք կորցրինք մեր գլխավոր երազը, մեր ամենամեծ հույսը, ապագայի հանդեպ մեր անսասան հավատը։ Ցավը ողողեց բոլորիս, և մենք մի մարդու պես հասկացանք մեր նախնիներին՝ սեփական մաշկով։ Մենք կորցրինք մեր տունը, մեզ սնած հողը, մենք կորցրինք հայրենիք, որտեղ Աստծո շունչը զգալի էր ամեն անկյունում, հայրենիք, որի համար հազարավոր մարդիկ անմարմին լույս են դարձել տարիներ շարունակ և վերջին օրերին հատկապես։
Ի՞նչ էր սա և ի՞նչ է սա։ Ինչո՞ւ սա պատահեց մեզ հետ, ինչո՞ւ մենք վերապրեցինք այն, ինչ թվում էր այլևս երբեք չպիտի պատահի մեզ։ Սա, հավանաբար, վերջին սթափեցնող ապտակն էր մեզ և դարձի, խոնարհության տանող ձայնը վերևից։ Սթափեցնող նման ապտակ մենք ստացել էինք շուրջ մեկ դար առաջ ու չէինք արթնացել կամ, լավագույն դեպքում, մնացել էինք քնի և արթնության սահմանին։ Ապտակը կրկնվեց՝ ցավագին և ուժեղ․․․ և քնելն այլևս անհնար է թվում։ Դասերը, որոնք չեն սերտվում խաղաղության մեջ, մեր հոժար կամքով, ստիպված ենք սերտել ցավի մեջ, կորստի կսկիծը մեր սրտում, բայց հույսով, մեծ հույսով, որ այս անգամ, հենց այս անգամ մեզ կհաջողվի արթուն մնալ, մեզ կհաջողվի վերադառնալ ինքներս մեզ, այս անգամ մենք կհիշենք՝ ով ենք և ում կողմից ենք արարված, որն է մեր դերը աշխարհի պտույտում, ի՞նչ ունենք անելու, որ չենք անում և պարբերաբար դատապարտվում ենք անամոքելի կորուստների, արնաքամության, պանդխտության․․․ Վերադարձի ճանապարհն է պետք գտնել, վերադարձ առ մեզ և առ Աստված։ Վերադարձը պիտի սկսել հենց հիմա, որովհետև վաղը բոլորովին ուշ կարող է լինել։ Դրանում մենք արդեն համոզվել ենք՝ չափազանց թանկ գին վճարելով։
Մի մարդու պարտությունն ու մի ամբողջ ազգի պարտությունը գրեթե ոչնչով չեն տարբերվում իրարից, հավանաբար միայն մասշտաբներով։ Պարտված մարդը և պարտված ազգն առնվազն երկու ճանապարհ ունեն․ կամ հանձնվել սեփական պարտությանն ու ավելի խորը գլորվել, ի վերջո մոխրանալ և դառնալ լոկ հիշողություն, կամ դասեր քաղել սեփական պարտությունից, շնորհակալ լինել պարտությանը, փորձությանը, ձախողումին, ապա շտկվել, աճել, զարգանալ, հզորանալ՝ լինել ամուր կոտրված տեղում։ Երբ թվում է՝ այլևս ոչ մի լավ բանի հույս չկա, որ խավարը ներծծվել է ամենուր, և որ ցանկացած փորձ մատնված է անհաջողության, հենց այդ ժամանակ մարդը, և մեր դեպքում ողջ ազգն ամենամոտն են կանգնած հույսին, լույսին, հրաշքին, հաջողությանը․․․ Բայց որպեսզի դուռը բացվի, որպեսզի անհնարը հնարավոր դառնա, մեզնից յուրաքանչյուրը պիտի իր վրա վերցնի քայլ անելու, գործելու պատասխանատվությունը։ Մեզնից ամեն մեկը պիտի բացի իր սիրտը սիրո առաջ։ Մենք պարտվել ենք սիրո բացակայությանը։ Մենք պարտվել ենք մեզ։ Մենք պարտվել ենք մեր ծուլությանն ու հպարտությանը։ Մենք պարտվել ենք խոնարհ չլինելու հետևանքով։ Ուստի յուրաքանչյուրս ահռելի գործ ունենք անելու՝ հագնել մշակի հագուստն ու լծվել մոլախոտերը մաքրելու գործին, ցանելու ապագա հաղթանակների սերմերը, վերածննդի սերմերն այսօր։
Երբ մարդը զբաղված է իր առաքելությամբ, նա մրցակցության մեջ չէ, նա քայլում է իր ճանապարհով։ Մենք պիտի վերագտնենք աշխարհում մեր տեղը, մեր առաքելությունը, մեզ բնորոշ ամեն դրականը։ Վերագտնենք ու ամրանանք։ Այսօր, առավել քան երբևէ, մենք պիտի աշխատենք, գործենք՝ մեր վերքերի վրա ծաղիկներ աճեցնելով, մեր վերքը խնամելով։
Հազարավոր մարդիկ այս պահին օգնության կարիք ունեն, և այդ օգնությունը նրանց պիտի հասնի նաև իմ ձեռքով, քո ձեռքով, սիրելի ընթերցող, մեր բոլորի ձեռքերով։ Որովհետև այլընտրանք պարզապես չկա, որովհետև միայն այդկերպ է հնարավոր այնպես անել, որ մի օր մեր ամայացած այգին նորից ծաղկի, մեր փլատակված տունը նորից կանգուն լինի։
Մենք մեզ քրիստոնյա ժողովուրդ ենք կարծում՝ ամեն անգամ հպարտորեն նշելով, որ այդ մենք ենք առաջինը բացել Աստծո առաջ մեր տան դուռը։ Բայց արդյո՞ք Աստված մեզանում ապրելու տեղ ունի այսօր, երբ արբած ենք ատելությամբ, երբ միմյանց վրա քարեր ենք շպրտում, երբ ներս նայելու, մեր բացթողումները շտկելու, ամրանալու և կայանալու փոխարեն ողորմություն ենք ակնկալում աշխարհի հզորներից, և երբ սերը ամեն օր խաչվում է մեր մեջ․․․
Մենք օդի և ջրի պես կարիք ունենք արթնանալու՝ վերջնականորեն, դասեր քաղելու, խոնարհվելու, խոնարհվելու, խոնարհվելու, բայց ոչ այլ մարդկանց, այլազգիների առաջ, այլ Աստծո։ Մենք կարիք ունենք խոստովանելու, որ մոլորվել ենք ու շատ ենք հեռացել լույսից։
Ավելի գեղեցիկ բան չկա, քան հանձնվելը Աստծուն և խնդրելու, որ Նա առաջնորդի մեզ՝ չտանելով մեզ փորձության ու փրկելով մեզ չարից, որ հաճախ հենց մենք ինքներս ենք։ Մենք կարող ենք և պարտավոր ենք անել սա որպես առաջին քրիստոնյա, որպես Դադիվանք ու Ղազանչեցոց կորցրած հանրույթ․․․
Հո՛գ տանենք մարդկանց մասին և Աստծո Տան մասին, երբ երկնքից արկեր չեն թափվում, երբ կորցնելու վտանգը չափազանց մոտ չէ, երբ խաղաղություն կա։
Եվ այսօր, հենց այսօր ցանենք սերմերը, որ վաղը կտան ծիլեր՝ ամրության, հույսի, սիրո․․.
Հեղինակ՝ Անժելա Պողոսյան
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում