Բարություն

Բարություն

Բարությունը մարդու էության մի մասն է, և Աստծու կողմից շատ թանկ է գնահատվում, ուստի՝ տրամաբանական է, որ Աստված մեզ պատվիրում է «իրար հանդեպ լինել բարի» (Եփեսացիներ 4։32):

Անհնար է ապրել առանց բարության, իսկ հավատքն էլ իմաստավորվում է նույն բարությամբ: Հաճախ խոսելով բարության մասին՝ մեզ թվում է, թե պետք է հետևենք ինչ-որ կանոնների, որոնք թելադրում է Աստվածաշունչը: Իրականում Աստվածաշունչը բարության կանոններ չի տալիս, այլ պատմում է, թե ինչ արեց Քրիստոս՝ տալիս է Քրիստոսի օրինակը: Աստված բարի է, և Աստծո բարությանն արժանանալու համար մեզ կանոններ պետք չեն: Պարզապես պետք է, որ բարությունը դառնա կենսակերպ: Այն մեր մարդ լինելու իրավունքն է: Եվ ինչ սովորեցրեց Քրիստոս, էականորեն տարբեր է կյանքի այն կանոններից, որոնք առաջին հայացքից թվում է, թե բխում են քրիստոնեական սկզբունքներից, սակայն իրականում խանգարում են մեզ հասկանալ Քրիստոսի Խոսքը:

Քրիստոս շատ հստակ է խոսում սիրո, բարության մասին: Սակայն թվում է, թե այդ պատգամներն իրականացնելը մարդու ուժերից վեր են, մարդը միայնակ չի կարող դրանք իրականացնել: Այս ձևակերպման հետ համաձայնել չեմ կարող. եթե Քրիստոս գիտեր, որ Իր պատգամները մարդու ուժերից վեր են, ապա ինչո՞ւ դրանք տվեց մեզ:

Կարդում ես այդ պատգամներն, ու թվում է, թե Խոսքը հենց քեզ է ուղղված և դու հենց այս պահին կարող ես այն իրականացնել: Փորձում ես, բայց անմիջապես սկսվում է ներքին պայքար, և թուլանում ես: Մխիթարանք է, թե մարդն անզոր է: Այո՛, գուցե մարդն ամենակարող չէ, սակայն մարդու անզորությունն էլ իրական չէ, իրական են մարդու ջանքերը՝ բարությամբ ապրելու:

Բարությունն արտահայտվում է միայն կենդանի ու մնայուն գործերով, այլ ոչ թե դատարկ խոսքերով: Այս առաքինությունը բացառիկ հնարավորություն է յուրաքանչյուրիս համար՝ նմանվելու մեր Երկնային Հորը: Իսկ բարության թշնամին ոչ թե չարությունն է, այլ անտարբերությունը:

Արմեն Չաքմիշյան

Աղբյուր՝ Qahana.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում