«Տիկնիկների խանութ» ներկայացմամբ «Բոհեմ» թատրոնն իր դռներն է բացել փոքրիկների առաջ

«Տիկնիկների խանութ» ներկայացմամբ «Բոհեմ» թատրոնն իր դռներն է բացել փոքրիկների առաջ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակով պայմանավորված «Բոհեմ» թատրոնն իննամսյա դադարից հետո բացել է դռները: Թատրոնն Ամանորին ընդառաջ «Տիկնիկների խանութ» մանկապատանեկան ներկայացմամբ հյուրընկալել է արցախցի և հայաստանցի փոքրիկների:

«Ներկայացումները բարեգործական բնույթ էին կրում։ Հրավիրված արցախցի և հայաստանցի երեխաների համար մուտքն անվճար էր: Մեր մոսկվաբնակ ընկերները հոգ էին տարել, որ փոքրիկները դահլիճից հեռանան նվերներով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինե Հովհաննիսյանն ու հավելում՝ կապ չունի, թե որտեղից են երեխաները՝ Արցախից, Նոյեմբերյանից, թե Երևանից. երբ նրանք մեկ ժամ շարունակ դիտում են ներկայացումը, ծիծաղում, ծափահարում, երգում, դերասանները շատ են ոգևորվում:

Նրա խոսքով՝ այս օրերին դժվար է հաղթահարել պատերազմի թողած հետքերն ու տխրությունը, բայց այն միտքը, որ երեխաներին կարող են ուրախություն պարգևել, արդեն իսկ խթան է՝բեմ բարձրանալու։

Հունվարից կսկսեն մեծահասակների համար նախատեսված ներկայացումների փորձերը։ Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ «Բոհեմ»-ը ուղղակի մասնակցություն է ունեցել պատերազմին։ «Դերասաններից մեկը ժամկետային զինծառայող էր, մինչև հիմա ծառայության մեջ է: Գարիկ Միրզոյանը, որը մարմնավորում էր երեխաների սիրելի հերոսներից մեկին՝ շանը, կամավոր էր մեկնել առաջնագիծ, Ադամ Խալաթյանը՝ նույնպես կամավորական. նա հերոսաբար զոհվել է։ Զավեն Աբրահամյանն օրեր առաջ կյանքից հեռացավ՝ քովիդի պատճառով։ Ծանր օրեր են, հուսով եմ, որ կպայքարենք ու ոտքի կկանգնենք»,-ասում է Քրիստինե Հովհաննիսյանը։

Վերադառնալով «Տիկնիկների խանութը» ներկայացմանը՝ նա շեշտում է, որ այն արդիական է բոլոր ժամանակներում և հավասարապես հետաքրքիր է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։ «Երեխաներին հեքիաթների աշխարհ տեղափոխելուց զատ, այն նաև կրթում է՝ ուսուցանելով գրագետ խոսք ու ազգային արժանապատվություն։ Օտար տիկնիկին ոչ ոք չի ընդունում՝ ասելով, որ որքան էլ ունենք ներքին խնդիրներ, չենք ընդունում օտար տիկնիկին։ Կարող ես վերցնել դրսից ինչ-որ լավ բաներ, բայց մենք ունենք մեր ազգայինը, մեր գաղափարները, մեր արժեքները, մեր տիկնիկները»,-նշում է թատրոնի պրոդյուսերը։

Ներկայացման մեջ զբաղված են Թելման Առաքելյանը, Արթուր Ղալումյանը, Գարիկ Միրզոյանը, Վահան Միրաքյանը, Արմինե Հովսեփյանը, Տաթև Միրումյանը, Սիրանուշ Երիկյանը, Էվա Բլեյանը և Արման Մուրադյանը։ Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Նարեկ Դուրյանի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում