Լավրովը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել ԼՂ-ում մշակութային ժառանգությանը

Լավրովը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել ԼՂ-ում մշակութային ժառանգությանը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ուշադրություն դարձնեն Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանմանը, անհրաժեշտ է այդ ուղղությամբ առաջընթաց գրանցել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ria.ru-ն։

«ԼՂ-ում այս փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են ուշադրություն հատկացնել մշակութային, կրոնական օբյեկտների և մշակութային ժառանգության պահպանման թեմային։ Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ ռեսուրսներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև պատրաստվում է գնահատման առաքելություն իրականացնել»,- հայտարարել է Լավրովն իր հայ գործընկերոջ՝ Արա Այվազյանի հետ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կարող են ավելի ակտիվորեն խրախուսել միջազգային կազմակերպություններին՝ այդ ուղղությամբ աշխատելու համար։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում