Ֆոտոցուցահանդեսով Երևանում մեկնարկեց «Լեհական մշակույթի օրեր» միջոցառումների շարքը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացմամբ դեկտեմբերի 7-ին Երևանում մեկնարկեց «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը, որը նվիրված է 1920 թվականին տեղի ունեցած Վարշավայի ճակատամարտի հարյուրամյակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը հիշեցրեց, որ հարյուր տարի առաջ թե՛ Հայաստանը, թե՛ Լեհաստանը դժվար օրեր էին ապրում: «Այսօրվա ցուցահանդեսը ներկայացնում է Լեհաստանի դժվարին պատմության դրվագները, որոնք արտացոլում են 1920 թվականը»,-նշեց նա:
Նախագծի ղեկավար Ագնեշկա Լաբենցն էլ շեշտեց, որ ցուցահանդեսը տրամադրել է Royal Łazienki Museum-ը։ Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 8-ին և 9-ին նույնպես միջոցառումներ են նախատեսվում:
Ծրագրի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն Դարիուշ Գաժևսկու «Լեգիոններ» և Վլադիսլավ Պասիկովսկու «Սուրհանդակը» կինոնկարները, իսկ դեկտեմբերի 9-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կկազմակերպվի լեհական դասական երաժշտության համերգ, որի ընթացքում կհնչեն լեհական դասական երաժշտության լավագույն ստեղծագործությունները:
Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը Լաբենցն ընդգծել էր, որ «Լեգիոններ» կինոնկարը ներկայացնում է մի պատմություն, երբ երկու տղամարդ սիրում են միևնույն կնոջը: Ֆիլմի հիմքում պատերազմն է: «Սուրհանդակը» ժապավենի գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
«Լեհաստանում ամենայն հարգանքով են վերաբերվում հայերին, որոնք մասնակցել են պատերազմին: Վարշավայի ամենանշանակալի կոթողներից է «Անհայտ զինվորի հուշարձան»-ը: Պատերազմի ավարտից հետո բազմաթիվ մայրեր փնտրել են իրենց որդիների մարմինները: Շատերը չէին կարողանում գտնել դիերը: Երբ տեղադրվել է հուշարձանը, հայ մայրերից մեկն ասել է, որ այն կդառնա վկայություն այն մասին, որ պատերազմին մասնակցել են նաև հայ զինվորները»,-պատմել էր Ագնեշկա Լաբենցը:
Նախագծի հեղինակներն են լեհական Róbmy swoje dla kultury Foundation-ը և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում