Սերգեյ Սարինյանի «անձնական երջանկության և հոգեկան հարմոնիայի երազանքը»
Նմանատիպ
Գեղանկարչության մեջ արտացոլված բնությունն իր հերթին ինչ-որ արտակարգ, անփոխարինելի հմայք ունի, իմացական մի անպարփակ հորիզոն, գերիմաստ, անմեկնելի առեղծված, որոնք հուշում են նրա ենթագիտակցությունը:
Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ
Սարինյանական այս բնորոշումը՝ բնության և բնաշխարհային համեմատական ուրվագիծը որքան էլ զարմանալի թվա ինձ մտովի տեղափոխեց Արցախ աշխարհի համապատկերի անկրկնելի ոլորաններ, լեռնային, հարթավայրային, անտառախիտ տարածություններ. հենց այս բնաշխարհիկ, տոկուն ենթագիտակցական պրկումներն առկա են «հայկական ռոմանտիզմի» տեսաբանի ստեղծաբանության մեջ։
Դիմանկարային այս շարքում ներառելու պատճառը մի գրականագետի, ինչպիսին ակադեմիկոս Սերգեյ Սարինյանն է, իրավացիորեն պատճառաբանված է թեկուզ և այն առումով, որ վերջին ավելի քան կեսդարյա նրա գիտական, մանկավարժական, ստեղծագործական ծանրակշիռ ավանդը, հայ գեղարվեստական և գեղագիտական մտքի բարեփոխմանն ու զարգացմանն ի նպաստ, անուրանալի է, ունեցած ներդրումը անհամեմատելի՝ արժեքայնությամբ և ծավալայնությամբ, և եթե կուզեք, ցայժմ չարժևորված:
Եվ, իրոք, քանի-քանի գրական, գրականագիտական սերունդներ են թրծվել նրա փիլիսոփայական ուրույն համակարգի իմացաբանական բովում, ում «անձնական երջանկության ու հոգեկան հարմոնիայի երազանքը» եղել է գրական իրավ, գեղարվեստորեն համոզիչ արժեքների գնահատումն ու յուրակերպ-յուրակերտ մեկնաբանումը թե՛ դասական, թե՛ արդի գրականության մեջ՝ զուգահեռաբար: Եվ եթե հպանցիկ հայացք նետենք գրականագետի ամենատարբեր տարիների մենագրություններին, հոդվածներին, նույնիսկ հարցազրույցներին, նկատելի կլինի նրա բազմարդյունք տքնանքը՝ հայ գրականագիտական միտքը, մտածումը գիտական օրինակելի մակարդակի հասցնելու ուղղությամբ: «Հայոց գրականության երկու դարը» բազմահատորյակը վերոնշյալի անհերքելի վկայությունն է:
Խաչատուր Աբովյանից մինչև Րաֆֆի ու Պերճ Պռոշյան, Սայաթ-Նովայից մինչև Վահան Տերյան, Պարույր Սևակից մինչև ժամանակակից գրողներ, և այսպես շարունակաբար, ինչպես նաև առանձին մենագրություններով քննաբանված հայ արձակը և ընդհանրապես հայ գեղարվեստական միտքը տարբեր ոլորտների համակարգային վերլուծություններով, հայոց պատմության, գրականության տեսության հիմնահարցերով, ինչպես նաև ազգային գաղափարաբանության նորահայտ դրսևորումներով է ներկայանալի Ս. Սարինյանի անցած ճանապարհը, մշտաբար բանավեճերի և գրական-առճակատումների առկայությամբ՝ գիտնականի իր կեցվածքով, ուղղամտությամբ անզիջում: Այս ամենով հանդերձ, թերևս, մեր խոսքը, ընկալումը որոշապես թերի ու ինչ-որ առումով անկատար է, և դա բնական է «այս կարճ միջոցին» ուրվագծելու «իմաստուն խղճի սթափեցնող ձայնից ծնված գրականագետի ողջ ժառանգությունը»:
Միջանկյալ նշենք, որ մեր մասնավոր զրույցներում ակադեմիկոս Սարինյանը հարկ էր համարում երբեմն նշել, որ արևմտահայ և սփյուռքյան գրական խնդիրներին մեր գրականագետները իմացաբանորեն այնքան էլ պատշաճ ուշադրություն չեն դարձրել, ինչ-որ առումով նույնիսկ թերացել են, չեն անդրադարձել իրավ արժեքներին: Չնայած իմ համոզմամբ «հայոց ազգային գաղափարաբանության տեսաբանը» Սրբուհի Տյուսաբի, Հակոբ Պարոնյանի, Լևոն Շանթի, Սիամանթոյի, իսկ վերջին տարիներին Հակոբ Օշականի և Հակոբ Կարապենցի ստեղծագործությանը, նրանց գեղարվեստական մեթոդների քննությանը անդրադարձել էր իր մենագրություններում և առանձին հոդվածներում, նաև չափազանց ուշարժան ուսումնասիրություն էր գրել «Մեհյան» և «Նավասարդ» հանդեսների քննադատության վերաբերյալ:
Այժմ, «Հայոց գրականության երկու դարը» բազմահատորյակը մեր ուշադրության կենտրոնում է ոչ պատահաբար, ավելին, որոշակիորեն լուծման բանալի է Սերգեյ Սարինյանի մտածողական աշխարհընկալումը գոնե դույզն-ինչ բնորոշելու համար. «Ոչ ոք ի զորու չէ ասելու, թե վաղը գրականության, փիլիսոփայության, գեղագիտության մեջ ինչը կլինի մեռած կամ կենդանի, ոչ ոք չգիտի, թե ինչ գաղափարներ, արտահայտչակերպեր կարձանագրվեն կորուստների ցուցակում, ինչ նորություններ կհռչակվեն» (Պոլ Վալերի):
Սերգեյ Սարինյանը մեզանում առաջինն էր Արսեն Տերտերյանից հետո, որ հանրահռչակեց գրականության փիլիսոփայության էականությունը՝ գեղարվեստական մտքի զարգացմանը նպաստող, այդ մտքի հնարավորություններն ընդլայնելով՝ հիմնականում սևեռվելով խնդրի «մեթոդաբանական դրվածքի վրա». «Ի՞նչ է գրականության փիլիսոփայությունը» հարցի պատմաբանական հղումը ուղղակի է՝ ինչու՞ կա արվեստի փիլիսոփայություն, կրոնի փիլիսոփայություն, իրավունքի փիլիսոփայություն, պատմության փիլիսոփայություն, բայց չկա գրականության փիլիսոփայություն: Կասեն, թե գեղարվեստի փիլիսոփայության համապատկերում ուրվագծվում է նաև գրականության փիլիսոփայությունը, սակայն դա մասամբ կարող է ստանձնել առարկայի սահմանումը»: Եվ, իրոք, քանի որ «գրականության փիլիսոփայությունը աշխարհընկալման ուրույն փոխաձևություն է, ուր հակասությունների, իդեաների տրամաբանական ապացույցները անջատվում են գրողից և վերաճում գրական երկի կամ հերոսի կենսափիլիսոփայության»: Այսինքն՝ աշխարհընկալման: Այսպիսով, Րաֆֆու, Մուրացանի, Շիրվանզադեի, Նար-Դոսի որոշ ստեղծագործությունների առանձին հերոսներ վարքագծերով, գործելակերպերով, մենախոսական ապրումներով մեկնաբանում են որոշակի վեհ գաղափարներ, արծարծում «բարոյական սկզբունքների» հետ առնչվող խնդիրներ, որոնց շնորհիվ «բացվում է հետազոտության մի լայնատարած ասպարեզ՝ գրականության աշխարհայացքը հղելով դեպի տիեզերական կեցության առեղծվածը»՝ հավելենք, նաև Հայոց կեցության և կացության, քանի որ գրականագետի հիմնական բնանյութը հայոց պատմափիլիսոփայությունից սերված Հայաշխարհն է:
Գրականության և պետության միջև եղած կապի, գուցե և հիմնարար առնչությունների հարցադրումներում Ս. Սարինյանը «ինտելեկտուալ տագնապ» է հնչեցնում. «Եթե գրողի ստեղծագործական մղումը, որ հայտնի տեսությամբ նույնանում է էրոտիկ և փառասիրական ցանկությունների դրսևորմանը՝ նյութական առնչություն ունենար պետության հետ», հարցադրումն ինքնին ավելորդ կլիներ, և այդ կապի «իռացիոնալությամբ» է պայմանավորված գրողի ազատամտությունը, ասել է, թե՝ արվեստագետի «անձնական, ֆանտաստիկ աշխարհում» միշտ առկա է գեղարվեստական երկի արձագանքը:
Ընդհանրապես Սերգեյ Սարինյանի բանասիրական և գրական-փիլիսոփայական արծարծումներում 19-րդ դարասկզբից մինչև 20-րդ դարավերջի ազգերի և ազգայնականության տիպաբանական խնդիրները քննարկվում են աշխարհում տարվող քաղաքականության դիրքերից՝ վկայակոչելով Մաքս Վեբերին. «Պետությունը հասարակության այն մարմինն է, ինչն օրինական բնության մենաշնորհ ունի»: Սարինյանը եզրահանգում է. «Որևէ այլ կարգի բռնություն անօրինական է. ոչ պետական հասարակություններն ազատ են ազգայնականությունից, վերջինս անխուսափելի է այնտեղ, ուր տիրում է էթնոկենտրոն պետականությունը»: (Այս մասին ավելի մանրամասն տես՝ «Ազգերը և ազգայնականությունը գիտական նոր լուսաբանությամբ» հոդվածում): Ինչպես բնորոշ է Ս. Սարինյանին, հոդվածում արդի աշխարհի քաղաքական քարտեզն իր տեղատվական անորոշությամբ նույնացվում, ընդհանրացվում է 20-րդ դարի հակասական պատկերն առարկայնացնող գեղանկարիչներ Օսկար Կոկոշկայի և Ամադեո Մոդիլյանիի գեղանկարչական արվեստի հետ. «Շտելների Էթնոգրաֆիական երկու քարտեզները, մեկը՝ ազգայնականության դարաշրջանից առաջ, մյուսը՝ ըստ արդի քաղաքական քարտեզի: Առաջինը հիշեցնում է Կոկոշկայի նկարը, որտեղ գույների փոթորիկում ոչ մի պատկեր հստակ չէ, ամբողջ մասերն անջատված են… երկրորդ քարտեզը ներկայանում է Մոդիլյանիի նկարչությամբ, ռելիեֆը հստակ է, սահմանագծված ստվերները քիչ են, և գույները՝ տարբերաներկ»: Համեմատությունների այս թոհուբոհում ակնհայտ է այն իրողությունը, որ քաղաքական իշխանությունը մշտապես պետք է ունենա մի կենսաձև՝ դրանով պայմանավորելով պետության կենսագործունեությունը:
Թե՛ Րաֆֆու, թե՛ Մուրացանի ստեղծագործությունների այլազան շերտեր, դիպաշարերից բխող տարբեր երևույթներ, իրողություններ, վերլուծական լեզվամտածողությամբ քննաբանելիս գրականագետը ազգային գաղափարաբանությունը և ազատագրական պայքարը, իբրև իր գեղագիտական-փիլիսոփայական սիստեմի ներքին շարժիչ, պայմանավորում է «հայրենագիտության կոնցեպցիայով»: Այսինքն, ուսումնասիրել Հայրենիքի անցյալ և ներկա ժամանակները՝ ճանաչողաբար. «Րաֆֆու համոզմամբ, հայրենագիտությունը, որ յուրացվում է կյանքի փիլիսոփայությամբ, ամեն ինչի սկիզբ ու նախապատճառ է ճանաչել հայրենի երկիրը»: Իրապես, մեծանուն վիպասանի ստեղծագործություններում, հատկապես վեպերում, ուղեգրություններում «Հայաստանի տարածքը, ռելիեֆը, կլիման, էթնիկական կազմությունը» բացահայտվում է բնության նկարչագեղ պատկերներով, հեղինակային մեկնաբանումներով, կերպարների միջոցով, այսպիսով նպաստելով ընթերցողի ճանաչողական ընկալմանը:
Մուրացանի «Խորհրդավոր միանձնուհին» վեպի պոետիկային անդրադառնալիս՝ Ս. Սարինյանը կարևորում է «գաղափարական վեպի տիպաբանական առանձնահատկությունը»՝ որով և առարկայնացվում է գլխավոր հերոսի շեշտված «գաղափարատիպ» լինելը: Եվ ընդհանրապես, վեպի հերոսների հոգեբանությամբ են բացորոշվում «նուրբ գեղագետ» գրողի դավանած գաղափարները, այն, ինչ բնորոշ է ռոմանտիկական մտահայեցությանն ընդհանրապես:
«Հասարակության զարգացում, պատմություն և մարդ-զարգացում», հասարակության և անհատի միջև եղած փոխհարաբերություններ. ամեն մի դարաշրջանի բնորոշ պատմական տեղատվությունների խորապատկերի վրա և ամենատարբեր հասարակարգերի ներշերտերում՝ բացահայտ և քողարկված. այս և այլ իրողություններով է Ս. Սարինյանը շեշտադրում «Մարդու և գրական կերպարի դիալեկտիկայի» ողջ դրամատիզմը, այլ խոսքով, գեղարվեստական երկի «նյութափոխանակությունը»: Ասել է, թե հասարակությունների զարգացմանը զուգահեռ և գեղարվեստական խոսքի զարգացմամբ մարդկանց գիտակցության մեջ նոր մտածողական որակների սերմանումը ժամանակապահանջ է: Այսպիսով, բացահայտվում է գրական անցման (անցումային) շրջափուլերի անհրաժեշտությունը:
«Ժամանակի և գրականության ընթացով» (ո՛չ ընթացքով) առաջնորդվող և առաջնորդող գրականագետը «Հայաստանյան գրականության ներքին տեղաշարժերի» և զարգացման օրինաչափությունների իր որոնումներում կարևորում էր «սոցիալական հոգեբանությունը և անհատի հոգեբանությունը» գիտակից պահանջատերի դիրքից և աներկյուղ հարցում անում՝ «Գիտակցու՞մ է արդյոք հայ գրականությունը ազգային ու համաշխարհային տեղաշարժերի մտավոր-հոգեբանական անդրադարձը: Այս է խնդիրը»: Իր խորին համոզումով՝ չափազանց էական, դարձակետային:
Ավելորդ չենք համարում նշել, որ Սերգեյ Սարինյանի մտածողական ողջ ժառանգությունը արգասիք է մարդու և արվեստի ռացիոնալ ճանաչողության: Տարիներ շարունակ լինելով գիտական հիմնարկի գիտխորհրդի նախագահ՝ չէր հանդուրժում որևէ սահմանափակում ազատ մտածողությանը և մտածողի ազատամտությունը արգելող: Նույնիսկ երիտասարդներն էին խրախուսվում նրա կողմից ընդհուպ բանավեճի աստիճան: Աններող էր մերկապարանոց, գրողի ներաշխարհը չբացահայտող բաժակաճառային վերապատմումների նկատմամբ, որոնք հրամցվում էին ատենախոսությունների կամ հոդվածների անվան տակ: Ս. Սարինյանն այսպես է բնութագրում Հակոբ Կարապենցին. «Կարապենցի տաղանդը մտածողի և գեղագետի մի բացառիկ միասնություն է՝ որպես մի ներքին ձևի հատկանիշ: Այստեղ է կազմավորվում սյուժեի ավարտվածությունը, որ ներդաշնակություն է տալիս մեր ցաքուցրիվ մտքերին, զգացողություններին և պատճառում ճանաչման հաճույքը»:
Ավելի քան վստահ եմ, որ ժամանակ կունենանք վայելելու Սերգեյ Սարինյանի ժառանգության «ճանաչման հաճույքը». 2025 թվականին լրանում է մեծանուն գրականագետի ծննդյան 100-ամյակը, հուսով ենք հոբելյանի առթիվ կհրատարակվի գրականագիտական ժառանգությունն ամբողջությամբ, կանցկացվի սարինյանական գիտական նստաշրջան Հայաստանում և իր պաշտելի Արցախում:
Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում