Սիրահարվել եմ Հայաստանին և Արցախին. վերաթողարկվել է Մոնսերատ Կաբալյեի հայկական շնչով ալբոմը

Սիրահարվել եմ Հայաստանին և Արցախին. վերաթողարկվել է Մոնսերատ Կաբալյեի հայկական շնչով ալբոմը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սթարմուս» մշակույթի և գիտության փառատոնի կազմակերպիչների ջանքերով վերաթողարկվել է օպերային գերաստղ Մոնսերատ Կաբալյեի «The Island of Christianity: Armenia and Artsakh» (Քրիստոնեության կղզի՝ Հայաստան և Արցախ) ալբոմը: Սկավառակում ներառված է 10 երգ, այդ թվում Կոմիտասի «Կռունկ», «Չինար ես» ստեղծագործությունները, որոնց

գործիքավորումն իրականացրել է Ջոն Մետկեֆը, կատարում է Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը տեղեկացրեց, որ վերաթողարկված ալբոմի շնորհանդեսը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին Լա Պալմա կղզում 130 հյուրի մասնակցությամբ:

Իսրայելյանը հիշեցրեց, որ 2013-ին են թողարկել ալբոմը սահմանափակ քանակությամբ, հետո որոշել են վերաթողարկել և լայն վաճառք իրականացնել: Որոշ հանգամանքներ խոչընդոտել են, և գաղափարը կյանքի կոչել չի ստացվել: Մոնսերատ Կաբալյեի մահվանից հետո ալբոմի վերաթողարկման հարցր բարձրացրել է երգչուհու եղբայրը: «Նա ասաց՝ ափսոսում է, որ գեղեցիկ պրոյեկտը լայն տարածում չի գտել և առաջարկեց վերաթողարկել այն: Սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ ու առաջ եկավ նաև Հայաստանում «Սթարմուս» փառատոնը կազմակերպելու միտքը: Պատերազմից հետո արագացրինք թողարկման գործընթացը: Ցանկանում ենք ալբոմը հանել գլոբալ վաճառքի»,-պատմեց Գարիկ Իսրայելյանը:

Այժմ ալբոմի վաճառքը միայն օնլայն է, բայց նախատեսում են տարբեր հարթակներում այն ներկայացնել և շնորհանդեսներ կազմակերպել աշխարհի մի շարք երկրներում՝ համագործակցելով հայկական համայնքների, արվեստի գործիչների հետ:

Նրա խոսքով՝ ալբոմի վերաթողարկումն այս ծանր օրերին Հայաստանն ու Արցախն աշխարհում ճանաչելի դարձելու ևս մեկ քայլ է: «Երբ նոր էի առաջ տանում այս նախագիծը, միշտ ասում էի՝ նման նախաձեռնություններից լավ դեսպաններ չկան: Մոնսերատ Կաբալյեի նման գերաստղի մասնակցությունը ավելի է մեծացնում թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Հայոց ցեղասպանության ճանաչումը: Մի բան է, երբ մեր մասին խոսում ենք մենք՝ հայերս, մեկ այլ բան է, երբ խնդիրները բարձրաձայնում է համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգչուհին: Նման նախագծերը պետք է շատ լինեն»,-շեշտեց նախաձեռնության հեղինակը:

Իսրայելյանն ընդգծեց, որ այլ հայտնիների հետ համագործակցելու գաղափարներ կան, սակայն ոչ բոլորն են ցանկանում իրենց իմիջը կապել այս կամ այն ազգի խնդիրների հետ: «Շատ արտիստներ նախ և առաջ մտածում են իրենց ֆինանսների մասին և ռիսկի չեն դիմում, բայց կան ստեղծագործողներ, որոնց համար գլոբալ խնդիրները կարևոր են և նրանք իրենց կարիերայում մեծ տեղ են տալիս տարբեր հարցերի լուծմանը: Նման մարդկանց հետ պետք է աշխատել»,-եզրափակեց Գարիկ Իսրայելյանը:

2013 և 2014 թվականներին Մոնսերատ Կաբալյեն այցելել էր աշխարհի հնագույն եկեղեցիներ և վանական համալիրներ: Նրա այցելությունը նվիրված էր Հայաստանում քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին: Նա ելույթ է ունեցել Երևանում և Ստեփանակերտում, ձայնագրել երգեր, որոնցից մի քանիսը՝ հայերեն լեզվով:

Կաբալյեն շատ տպավորվել է այն ամենով, ինչ տեսել է Հայաստան և Արցախ կատարած այցի շրջանակում՝ հնագույն քրիստոնեական հուշարձաններ, ինչպիսիք են Սուրբ Էջմիածնի տաճարը և Ամարասը: «Հայաստանը շատ հեռու է գտնվում ինձանից, բայց շատ մոտ է իմ սրտին: Լինելով մինչև գլխի ոսկորները քրիստոնյա՝ ես սիրահարվել եմ Հայաստանին և Արցախին»,- ասել է երգչուհին: Ալբոմը, որը լույս է ընծայվել նրա այցի արդյունքում, երգչուհին անվանել է «The Island of Christianity: Armenia and Artsakh» (Քրիստոնեության կղզի՝ Հայաստան և Արցախ):

Ձայնասկավառակի էքսքլյուզիվ հրատարակությունը, որը ներառել է CD, DVD և blue-ray, թողարկվել և ներկայացվել էր Փարիզում 2013 թվականի դեկտեմբերին: Շառլ Ազնավուրը, որը ներկա է եղել միջոցառմանը, ասել է․ «Մոնսերատ Կաբալյեն զգաց հայ ժողովրդի ոգին ու բացեց ողջ աշխարհի առջև»:

Օպերային աստղն իր ձայնասկավառակի համար ընտրել է Վանգելիսի «Like a Dream» երգը որպես՝ X դարի վանական համալիրի՝ Դադիվանքի մասին պատմող տեսանյութի երաժշտական ուղեկցում: Դադիվանքը համարվել է հայկական Վերածննդի մարգարիտներից, որը դեռ մ․թ․ I դարում հանդիսացել է քրիստոնեական սրբավայր:

Ալբոմը ևս մեկ շատ կարևոր բնութագիր ունի՝ Քուին խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի հետ համատեղ աշխատանքից 25 տարի անց ալբոմի շնորհիվ Մոնսերատ Կաբալյեն Քուին խմբից Բրայան Մեյի հետ ձայնագրել է «Is This the World We Created?» երգը, որի գործիքավորողն ու պրոդյուսերը Բրայան Մեյն էր․ տեսանյութը պատմում է հրեաների, հայերի եղեռնի և մարդկության դեմ իրականացված այլ ոճրագործությունների մասին:

Հայկական դուդուկի կախարդական հնչյուններն առկա են «Կռունկ», «Չինար ես» և «La Habanera» երգերում: Կաբալյեն և Վանգելիսը հանդիսացել են այս հին հայկական երաժշտական գործիքի սիրահարներ, իսկ Բրայան Մեյն անգամ կատարել է Հանս Ցիմմերի ստեղծագործությունը «Գլադիատոր» ֆիլմի երաժշտությունը դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի հետ 2005 թվականին Տրոմսոյում 46664 համերգի ընթացքում:

Անժելա Համբարձումյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում