Ներքին հազկերտների արտաքսումը նկարում և քանդակում
Նմանատիպ
Վիշապազունք գողացան զմանուկն
և դև փոխանակ եդին։
Մովսես ԽՈՐԵՆԱՑԻ
«Պատմահայրը մեր վկայում է, թե՝
Գողացան դեսպանները վիշապի
Հայոց արքայի գահաժառանգին
Եվ փոխարենը մի դև դրեցին,
Որն հետո եղավ հայոց թագավոր։
***
Վա՜յ մեզ, վա՜յ մեր երկրին ու ազգին,
Երբ թագավորը ազնվազարմ չէ,
Այլ դրածոն է պիղծ վիշապների
Եվ կեղեքում է իր ժողովրդին»։
«Վիշապազունք»
Հակոբ արքեպիսկոպոս ԳԼՆՃՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐՍԻՑ ՇԱՀՆՇԱՀԸ
(պատմական շուրջայց)
Հազկերտ 2-րդը դաժան էր, ինչպես ամեն մի չկայացած ինքնակալ։ Չնայած որ նա Սասանյան փառահեղ հարստությունից էր, Պարսկաստանը փաստացի ղեկավարում էր հազարապետ (պարսից լեզվով՝ վազուրդ-ֆրամաթոր) Միհրներսեհը։ Հազկերտը հալածում էր իր երկրում բնակվող քրիստոնյաներին։ Հատկապես ոխերիմ էր հայերի նկատմամբ, քանզի հավատացած էր, որ Բյուզիանդիայի և Հայաստանի ռազմաքաղաքական մերձեցման հիմքում նաև քրիստոնեությունն էր կարևոր դեր խաղում։ Մինչև հայոց սահմաններին մոտենալը, Պարսկաստանը երկար ժամանակ բավականին համակարգված պատերազմում էր մեր ազգային և պետական ինքնության դեմ, երկիրը կեղեքում էր տնտեսապես, երկփեղկում էր իշխանական վերնադասը և այլն։ Այս ամենը նախապատրաստական զորախաղ էր վերջին հուժկու հարվածը հասցնելուց առաջ։ Շահնշահ Հազկերտի, պարսից արքունիքի, առհասարակ պարսկական պետության գերագույն իղձը Հայաստանի պարսկացումն էր նախ կրոնափոխմամբ, այնուհետև՝ լեզվափոխմամբ, վերջնարդյունքում՝ լիակատար պարսկացմամբ։ Պարսից հզոր և վիթխարի պատմաքաղաքական անցյալ ունեցող երկրում հիանալի էին գիտակցում, որ արևմտյան քաղաքակրթության ներխուժման վտանգը կարող էր կանխվել կրոնափոխված հայկական առաջադիրք մարզպանությամբ։ Պարսկաստանի համար արևմտյան աշխարհն անվերապահ թշնամի էր, բայց նրան չէին գրավում հելլենական մշակույթն ու գեղուհիները։ Արևելքից արևմուտք առևտրաշահ մեծ ճանապարհներ էին ձգվում, որոնց բռնազավթումը պարսից մեծ երազանքն էր և մոռացության է տվել անգամ Գավգամելայի ճակատամարտում կրած ստորացուցիչ պարտությունը։ Պարսից նվաճողականությունը պետական և ազգային գերնպատակ էր։
Առհասարակ հայոց ձուլումը պարսկական ռազմավարության կենտրոնաձիգ առանցքն էր։
450-ին բռնկվեց Վարդանանց մաշող պատերազմը։ 451-ի մայիսին այդ պատերազմի իններորդ ալիքն էր, պարսից զորքը մտավ Ավարայր և ահեղ ճակատամարտում չհաղթեց, մնաց ձեռնունայն։ 20 տարի անց պարսիկները վերստին փորձեցին հպատակեցնել Հայաստանը, և սկսվեց Վահանանց պատերազմը։ Պարսից հաղթական պատմական հիշողությունը, այնուամենայնիվ, ի զորու չէր ըմբռնելու, որ մի քանի հազարամյակ արիական քաղաքակրթության բնօրրան երկրներից մեկը, ընդամենը 150 տարի առաջ քրիստոնեությունը հռչակելով պետական կրոն, կենաց-մահու կռվի է ելնում, նահատակվում է, սակայն չի հավատափոխվում։ Քրիստոնեությունը հայկական պետականության և ազգային ինքնության պահպանման հիմնաքարն էր, ինչը փայլուն գիտակցում էին անգամ քրիստոնեական հավատը դեռ լիովին չընդունած հայ իշխանադասն ու ժողովուրդը։ Ավարայրի վճռաբեկ ճակատամարտում վասն պետական և ազգային ինքնության պահպանման մահապարտների թվում շատերն էին դեռևս պաշտում հին աստվածներին, Վահագնին, Աստղիկին և այլոց։ Բայց նահատակվեցին հանուն ազգային և պետական ինքնության։
ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՌԱԿՏԻՉ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ
1960 թվական։ Գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկյանը 1960-ին ստեղծեց մեծադիր մի կտավ՝ «Պատասխան Հազկերտին»։ Հրաշալի գործ է, հայոց ռազմաքաղաքական ղեկավարությունը, այլ կերպ ասած, կենտրոնաձիգ ազգային պետականության և հայ ինքնության պատվար ժողովրդի ընտրանին, հակահարված նամակ է հղում Հազկերտ 2-րդին։ Եվ մերժում է վերջինիս առաջարկը՝ միանալ արիացի եղբայր Պարսկաստանին, շենանալ, հզորանալ և այլն։ Սույն կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, արժե այցելել, դիտել այն, ավելի ստույգ՝ ուսումնասիրել դպրոցականի հիացմունքով և զորականի պատվախնդրությամբ։ Հետո կերտվեցին Ավարայրին նվիրված հանրահայտ և ոչ այնքան հայտնի այլ կտավներ, ստեղծվեցին քանդակներ և արձանախմբեր։ Սակայն մեր պետական անկախության նորագույն շրջանում, երբ երկիրը բառացիորեն ներքին դավադրությունների որոմով էր բերնեբերան լցված, գեղարվեստական մեծարժեք գործեր ի հայտ չեկան, մեր հասարակական-քաղաքական ուշադրությունը բևեռված էր արտաքին թշնամու ուղղությամբ, և մոռացության էր մատնվել ներքին թշնամին՝ ներքին Հազկերտը, և պետությունն էր ներքինացվում։ Արգո կերպարվեստագետներ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում, միով բանիվ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ, հենց այսօր, երբ ներքին դավադիրները կառափնարան ուղեկցեցին երկրի ինքնությունը, կերտեք որմնանկարներ և պաննոներ, հուշարձաններ և կոթողներ ստեղծեք «Մեր ինքնության պառակտումը» թեմայով։ Երկիրը ներքնապես որոմապատվում, հազկերտացվում է։
ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐ ԱՐԱՆ
«Նորից՝ անմար կարոտով
գգվանքների ու հրի՝
Դու եկել ես տեսնելու
քաղաքները Նաիրի»։
Եղիշե ՉԱՐԵՆՑ, «Շամիրամ»
Նրանք՝ տիկնայք և օրիորդ շամիրամները, 2014-ից ծագած հանրային արժանապատվության առաջադիրքում էին, մասնակցում էին ընդդեմ տրանսպորտի թանկացման և էլեկտրաէներգիայի սակագնի «հակապետական, հակազգային, հակահայկական» բարձրացման դեմ։
Սակայն այս դավադիր ջահելները ականապատում էին երկրի ինքնությունը։ Նրանք՝ խոնարհ և հայեցի աղջիկ ու կին, 2018-ին «թավիշ» հագնելով սանձարձակվեցին գլուխնիոտն, և նրանք այսօր ամբողջապես, խորքով, լայնքով ու երկայնքով երկրակործան դավի մունետիկներն են, նորօրյա Շամիրամ Աննա Հ.-ի զինվորն ու քաղաքական հենարանը։ ՈՒ մի՞թե այսօր չարժե անուն առ անուն և դավ առ դավ պատկերագրել 2018-2020-ի շամիրամներին։ Եվ պատկերները հսկա վահանակների վրա ցուցադրել Հայկական աշխարհում, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։
Վարդգես Սուրենյանցը 1898-ին անդրադարձավ Արայի ու Շամիրամի, այն է՝ ինքնուրույն պետություն Հայաստանի և նվաճող Ասորեստանի հավերժական և անմահ թեմային՝ կերտելով «Շամիրամն Արա Գեղեցիկի դիակի մոտ» (1899) կտավը։ Բայց մի՞թե այսօր ժամանակը չէ վերհանելու Արա Գեղեցիկ հայոց մեծ արքայի կերպարը, որպես ազգային և պետական ինքնության տաճար։
Եվ մոտ ժամանակներս, երբ երկրակործան դավադիրները կկանգնեն համահայկական տրիբունալի առաջ և կձևավորվի հայեցի մի իշխանություն, մայրաքաղաքի գալիք ավագանուն արդեն այսօր առաջարկում եմ Ամիրյան փողոցը վերանվանակոչել Արա արքայի փողոցի։ Արա Գեղեցիկ արքան և՛ առասպել էր, և՛ իրականություն։ Նա մեր ազգային և պետական ինքնության պահպանման ռահվիրան էր։ Նաև ներկայացնեմ մի այլ առաջարկ, հասկանալի է՝ ապագա հայեցի իշխանություններին՝ հայտարարել համահայկական մրցույթ հետևյալ անվանակարգում. «Հուշակոթող ի պատիվ ազգային և պետական ինքնության տաճար» Արա Գեղեցիկ արքայի։
ՎԵՐՋԵՐԳ-ՎԵՐՋՆԱԳԻՐ
Այո՜, գողացան դեսպանները վիշապի և հայոց արքայի գահաժառանգին և փոխարենը մի դև դրեցին Երրորդ Հանրապետության կայացման արշալույսին։ (Նաև 2018-ին)։ Եվ երկրակործան դավադրությունը պատեց մեր երկիրը։ Վիշապի դեսպաններն անկախ պետականության սնարի մոտ դավադրաբար գնդակահարեցին մեր պետականության ապագա արքայազներին՝ Մովսես Գորգիսյանին, Արթուր Մկրտչյանին և Լեոնիդ Ազգալդյանին։
ՈՒ մի՞թե այսօր չարժե պատկերել և քանդակել ղեկակալ արքայազներին ու դավադիր դևերին։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում